Մանվել Տեր-Առաքելյանն արձագանքում է Յունիբանկի բաց առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Յունիբանկը հանդես էր եկել բաց առաջարկով՝ ուղղված «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ին: Առաջարկի մեջ մասնավորապես ասվում է, որ բանկը համաձայն է սահմանել անգամ առավել բարենպաստ պայմաններ, քան նախատեսված են օրենքով հարկադիր աճուրդների համար, որոնցով ռեստորանի շենքը վաղ թե ուշ անխուսափելիորեն իրացվելու է ԴԱՀԿ ծառայության միջոցով: Մասնավորապես, Բանկը համաձայն է մեկնարկել աճուրդները սկսած այնպիսի մեկնարկային գնից, որը հավասար կլինի Մանվել Տեր-Առաքելյանի կողմից մատնանշված գնին՝ 23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 10 մլրդ ՀՀ դրամին, անգամ չնվազեցնելով այն 25%‑ով: Ընդ որում, Բանկը պատրաստ է համաձայնվել, որպեսզի աճուրդային գործընթացը կազմակերպի վարկառուին սնանկության վարույթում սպասարկած փաստաբանական գրասենյակներից որևէ մեկը կամ փոխադարձաբար ընդունելի ցանկացած արհեստավարժ աճուրդավար, որպեսզի բացառվի Բանկի կողմից աճուրդի գործընթացը վերահսկելու որևէ կասկած: Բացի այդ, Բանկն անգամ պատրաստ է, որ առաջին աճուրդն անցկացվի մեկամսյա ժամկետում, իսկ կրկնաճուրդները կազմակերպվեն երկշաբաթյա ժամկետներում՝ օրենքով նախատեսված տասնօրյա ժամկետի փոխարեն:

Ավելին, Մանվել Տեր-Առաքելյանը հնարավորություն կունենա բանակցել աճուրդավարի վարձատրությունը և խնայել հարկադիր աճուրդների համար սահմանված 5%-ի ծախսը: Էլ ավելին, աճուրդի հաղթողի կողմից գույքը ձեռք չբերելու դեպքում, նախավճարը կարող է ամբողջությամբ ուղղվել Ընկերության պարտավորությունների կատարմանը, այլ ոչ թե ԴԱՀԿ ծառայությանը: Ընդ որում, Բանկը համաձայն է աճուրդի արդյունքում ստացված միջոցներից պարտքի մարմանն անհապաղ ուղղել միայն անվիճարկելի գումարները (չմարված վարկերը և սովորական տոկոսները, որոնց վրա հաշվարկվում են տոկոսներ ու տույժեր), իսկ Ընկերությունից հայցվող տույժերի ու դատական ծախսերի գումարները (որոնց վրա տույժեր չեն հաշվարկվում) սառեցնել Բանկի դեպոզիտ հաշվին՝ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ընդ որում, Բանկն անգամ պատրաստ կլինի վճարել ցպահանջ դեպոզիտի տոկոսներ նման կերպով դեպոնացված դրամական միջոցների վրա կամ ինդեքսավորել դրանք ցանկացած արտարժույթով, ըստ Մանվել Տեր-Առաքելյանի նախապես արտահայտված ցանկության: Վերջապես, աճուրդի արդյունքում ստացված գումարի ցանկացած հնարավոր ավելցուկ անհապաղ կվերադարձվի Մանվել Տեր-Առաքելյանին՝ ի ազատ տնօրինություն:

Այսօր Հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բաց պատասխան է ուղարկել Յունիբանկի բաց առաջարկին, որում ասվում է.

«Իր բաց առաջարկով Յունիբանկը մի քանի վիրավորական գնահատականներ տալուց և իրականությունը շեղելու փորձերից հետո առաջարկում է ինձ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համալիրը վաճառել 10 մլրդ. ՀՀ դրամով` «ընդառաջելով» ինձ, որպեսզի աճուրդային պայմանները լինեն բարենպաստ:
Այս պատմության նախորդ զարգացումներին անտեղյակ մարդու համար սա կարող է բարի առաջարկ թվալ, բայց մենք պետք է խոսենք փաստերով.

1. Այս վեճը նախաձեռնվել է Յունիբանկի կողմից, երբ վերջինս երկու համաձայնագրերի հետ կապված արդեն հասարակությանը ծանոթ խնդրից հետո, փոխանակ Հին Էրիվան Հոլդինգ ՍՊ ընկերությունից (այսուհետ` Ընկերություն) պահանջի իր կողմից ընդունելի համարվող համաձայնագրով սահմանված հերթական մարման գումարի տարբերությունը, պահանջում է մի քանի օրվա ընթացքում վերադարձնել ողջ վարկի գումարը, որի վերադարձման համար մի քանի տարի ժամանակ դեռ Ընկերությունն ուներ՝ սպառնալով գրավադրված և ինձ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը արտադատական կարգով իրացնել:

Եվ սա արվում է այն ժամանակ, երբ Ընկերությունը ցանկանում էր իր վարկային գործը տեղափոխել ՎՏԲ բանկ, որին Յունիբանկը տեղյակ էր:

Ինչ պետք է աներ Ընկերությունը կամ ես, երբ բանկն ի սկզբանե համաձայնվել էր նույն ամսաթվով բանկի հետ կնքված համաձայնագրի գրաֆիկի թվի հետ, ավելին ընկերության հաշվից գանձել էր այդ համաձայնագրով սահմանված չափով հերթական մարման գումարը և նույնիսկ մնացորդ էր թողել, իսկ հետո` պաշտոնապես պահանջում է ողջ վարկի գումարը:

Բնական է, որ և՛ ես, և՛ ընկերությունը պետք է դիմեինք դատական պաշտպանության:

2. Բանկը հայց է ներկայացրել դատարան վարկային պայմանագրերից մեկով տոկոսագումար բռնագանձելու պահանջով (դատավոր Կ.Պետրոսյան): Այս գործը դեռ չի ավարտվել:

Բանկը հայց էր ներկայացրել դատարան երկու վարկային պայմանագրերից մեկով մայր գումար բռնագանձելու պահանջով: Այս գործով դատարանը (դատավոր Է.Ավետիսյան) հայցը բավարարել է և ընկերությունից որոշել է բռնագանձել մայր գումարը: Սակայն բանկը, չգիտես ինչու, չէր խնդրել բռնագանձումը տարածել ինձ պատկանող գրավի առարկայի վրա: Այս գործը երեք ատյանով անցել է:

Բանկը, դատարան դիմելով, զրկվել է արտադատական կարգով գույքս բռնագանձելու իրավունքից և բնական է, որ կանգնել էր փակուղու առջև:

Հաջորդ քայլով, 2014թ. սկզբին, բանկը դիմում է ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Սնանկ ճանաչելու դիմումի պահից, ընկերության տոկոսագումարների հաշվարկը կասեցվում է օրենքի ուժով (մորատորիում): Դատարանի վճռով Ընկերությունը ճանաչվում է սնանկ և սկսվում է հաջորդ`պարտատերերի պահանջների ներկայացման և հաստատման փուլը: Բանկը ներկայացնում է իր անհավանական տուգանքներով (տարեկան 73%) հաշվարկը: Համարյա 11 ամիս այս գործը ձգձգվելուց հետո, վերջապես դատարանը հեռանում է առանձին սենյակ որոշում կայացնելու համար: Եվ ինչ է անում բանկը… : Բանկը դուրս է գալիս սնանկության գործընթացից և հրաժարվում է մորատորիումից:

Պարադոքսալ իրավիճակ: Բանկի պահանջով ընկերությունը սնանկ է ճանաչվել, բայց բանկն ընկերության դեմ սնանկության գործով պահանջ չի ներկայացնում: Արդյունքում ընկերությունը սնանկ է ճանաչվել և սնանկության գործ է ընթանում, իսկ բանկն այդ գործընթացում չկա:

Ընթերցողին պետք է պարզաբանեմ, որ սնանկության վարույթի ժամանակ ընկերության բոլոր իրավունքները սահմանափակված են, և նա գործում է սնանկության կառավարչի վերահսկողության ներքո, չի կարողանում իր գույքը վաճառել և նորմալ գործել:
Բանկի այս վարքագիծը կոչվում է ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ: Եվ սա անում է Յունիբանկը: Եվ սա արվում է օրը ցերեկով` դատարանների թողտվությամբ:
Հիմա բանկը հայց է ներկայացրել դատարան (դատավոր Ռ.Ներսիսյան) խնդրելով մեկ այլ գործով վճռով (դատավոր Է.Ավետիսյան) բռնագանձումը տարածել նաև ինձ պատկանող անշարժ գույքի վրա, որը նախորդ գործով, չգիտեմ ինչու, չէր արվել:
Բանկը հիմա նոր հայց է սպառնում ներկայացնել դատարան` իր խելահեղ տույժերը ներառելով այդ պահանջի մեջ և չի բացառվում, որ բանկը սնանկության գործի ընթացքում կասեցված ժամանակահատվածի «տույժերն» էլ ներառի (արդեն ամեն ինչի հավատում եմ):

Չեմ ցանկանում այս նյութը ծանրաբեռնել բանկի մի շարք անհիմն հայցերով, իմ նկատմամբ լրացուցիչ պատասխանատվություն դնելու և այլնի վերաբերյալ, որոնցով բանկը հաջողություն չի ունեցել: Բայց ակնհայտ է, որ բանկը, ինձ համար ոչ տրամաբանական գործողություններ է կատարում: Սկզբից գնում է արտադատական, հետո գնում է սնանկության, հետո գնում է դատական բռնագանձման, հետո նորից է գնում սնանկության, հետո դուրս է գալիս սնանկությունից ու նորից է գնում դատական բռնագանձման: ՀԱՐԳԵԼԻ ԲԱՆԿ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ: Ձեր «պարահանդեսը» ինձ համար կոնկրետ հետևանքներ է առաջացնում:

3. Անդրադառնալով բանկի առաջարկին, ակնհայտ է մի բան, առաջարկի մեջ, չգիտես ինչու, թաքցված է, թե ինչ գումարը մարելու դիմաց են ցանկանում վաճառել իմ գույքը: Բանկը դա չի բացահայտել: Իհարկե, ուրիշի հաշվին լավություն անելը միշտ հեշտ է: Բանկի առաջարկը եթե վերաձևակերպենք, ապա կարծում եմ այսպես կհնչի- «Մանվել Տեր Առաքելյան, բանկը ահռելի տուգանքներով անհիմն թիվ է նկարել ընկերության վրա, թույլ տուր (մի պայքարիր, համաձայնվիր), որ քո գույքը աճուրդով վաճառենք (կսկսենք ամենաբարձր գնից, երկու շաբաթը մեկ կանենք աճուրդը և այլն…), ինչից հետո կգանձենք մեր նկարած թիվը և գերեկամուտ կստանանք»:

Դաստիարակությունս թույլ չի տալիս հրապարակավ ասեմ, թե ինչպես վարվեք ձեր առաջարկի հետ»:




Լրահոս