Սևանա լճում 2 շաբաթով դադարեցվում է խեցգետնի և ձկան որսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետարանում այսօր կայացած հանդիպում-քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրապարակել է բնապահպանության նախարարի «Սևանա լճում և լիճ թափվող գետերում այս տարվա դեկտեմբերի ութից մինչև քսանհինգը բոլոր ձկնատեսակների և խեցգետնի որսն արգելելու մասին» հրամանը և դրանից բխող համատեղ միջոցառումների ծրագիրը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, ՀՀ ոստիկանության Մարտունու, Սևանի, Ճամբարակի,Գավառի բաժինների պետերը, Սևանի ափամերձ համայնքների ղեկավարները, «Սևան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը և տարածքային մասնաճյուղերի պատասխանատուները:

Հրապարակելով  վերոնշյալ հրամանը և դրանից բխող համատեղ միջոցառումների ծրագիրը՝ նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մինչև դեկտեմբերի ութն ընկած ժամանակահատվածում «Սևան» ազգային պարկի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային և տարածքային ստորաբաժանումների և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով Սևանա լճից դուրս են բերվելու բոլոր որսացանցերն ու լողամիջոցները, լճի ափերից՝ շարժական տնակները, շուրջօրյա հսկողություն է սահմանվելու լճի վրա, շուկաներում կամ այլ վաճառակետերում, պահակակետեր են ստեղծվում ինչպես մայրուղիների առանձին հատվածներում, այնպես էլ՝ լիճ տանող ճանապարհներին և գետային ավազաններում:




Լրահոս