ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնալով ավելի ու ավելի է տարվում պոպուլիզմով: Կառավարության երեկվա նիստում նա, կրկին խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, հանդես է եկել հիրավի մարգարեական ոճով` հնչեցնելով յոթ դրույթ: «.. ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ. դեմ եմ, որ որեւէ մեկը որեւէ հարցով խախտի ՀՀ Սահմանադրությունը, դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձեւով կյանքի կոչվեն, դեմ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որեւէ հարց բաց կամ չպարզաբանված մնա, դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարեւոր ծրագրում որեւէ շահառու խմբի ձայն չլսված մնա: Դեմ եմ»,- հայտարարել է Աբրահամյանը: Այսքանից հետո, թերեւս, բնական հարց է ծագում. իսկ եթե Աբրահամյանն այս ամենին դեմ է, ինչո՞ւ էր ժամանակին կողմ քվեարկում այդ նախագծին, ինչու էր դրանից հետո, երբ հասարակական աղմուկ բարձրացավ, կրծքով պաշտպանում նախագիծն ու տապալում այդ կապակցությամբ ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնությունները: Այս փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ ընդամենը նորանշանակ վարչապետը զբաղված է էժանագին պոպուլիզմով, որը դժվար թե բարձրացնի նրա հեղինակությունը:

 

 

 
Նորանշանակ կառավարությունում ուրվագծվում է հետաքրքիր մի առանձնահատկություն` գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը. արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առեւտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար: Երեկ երեկոյան առողջապահության նախարար նշանակվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը, ով Քոչարյանի աղջկա հարսանիքի քավորն է: Նա մտերիմ հարաբերություններ ունի ՏԿ նախարարի ԺՊ Արմեն Գեւորգյանի հետ: Եվ, ի վերջո, քոչարյանական կադրերի այս «փունջը» գլխավորում է Քոչարյանի բնորոշմամբ՝ իր ժամանակվա լավագույն փոխվարչապետ Հ. Աբրահամյանը: Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ, հավանաբար օրերս պաշտոնանկ կարվեն ԿԳՆ Ա. Աշոտյանը, ՏԿՆ Ա. Գեւորգյանն ու ԲՆ Ա. Հարությունյանը: Առայժմ հայտնի է, որ ԲՆ կնշանակվի Արարատի մարզպետ, «Ավշար»-ի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը:

 

 

 

 
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված հայտարարեց, որ Հայաստանում այսօր պետք է արմատական փոփոխություններ լինեն: Մեր զրուցակիցը նշեց, որ պետք է ՀՀ-ում վերանա օլիգարխիան, ալան-թալանը, իսկ թալանչուն էլ չհամարեն առաջնորդ: «Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես այլմոլորակային եմ, ես ուրիշ բան եմ ասում, ուրիշ հայրենիք եմ պատկերացնում, բայց հակառակ իրավիճակն է տիրում իմ հայրենիքում: Միթե դա է ձեր երազած հայրենիքը, եթե ես իմանայի՝ սա է ձեր երազած հայրենիքը, ես կյանքում էս հայրենիքի համար փամփուշտ չէի կրակի: Սա հայրենիք չէ, սա թյուրիմացություն է»,-հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատարը: Մ. Եղիազարյանը հավելեց. «Արդեն բռնաբարվում է իմ հայրենիքը, ու ես չեմ կարողանում իմ հայրենիքին օգնել: Այ դա է խնդիրը, ով ոնց ուզում է՝ մտածի, դա իր խնդիրն է, ես մտածում եմ իմ հայրենիքի համար… ու որոշ ժամանակ հետո ես որոշիչ քայլերի եմ դիմելու»:

 

 

 

 

«Դեղերի գնումների ոլորտում միայն 2014-ին` 186 մլն 672 հազար դրամի խնայողություններ են արվել՝ մասնավորապես ինսուլինի ձեռքբերման դեպքում (մեկ սրվակը 1640 դրամով` նախկին 4800-ի փոխարեն)»,- այս հայտարարության հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է: Թվում է, որ իսկապես ողջունելի իրավիճակ է: Սակայն իրականում այս «գեղեցիկ խոսքերի» հետեւում մարդկային ճակատագրեր են խեղվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱՆ արդեն նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հրահանգով անցալ տարվա հոկտեմբերին ինսուլին ձեռք բերելու համար հնգամյա պայմանագիր է կնքվել դանիական «Նովո-Նորդիսկ» ընկերության հետ: Սակայն բժիշկներն ուսումնասիրել են եւ պարզել, որ դանիական ընկերության մատուցած ինսուլինն իրականում բելառուսական լցոնում ունի, դրա համար էլ լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին: Սակայն մարդիկ ստիպված են լինելու հինգ տարի այդ անորակ դեղն օգտագործել: «Ժողովուրդ»-ը ԱՆ-ից հետաքրքրվեց, թե ինչու է պայմանագիրը 5 տարի ժամկետով կնքվել: Նախարարի մամլո խոսնակը կարճ պատասխանեց. «Մենք ստանում ենք միայն դանիական արտադրության մարդկային ինսուլին»:

 

 

 
ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՂԸ

Երեկ ԳԱԱ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանն անդրադարձել է Սեւանա լճի ջրային պաշարների անխնա օգտագործմանը` կոչ անելով դադարեցնել լճից ջրի լրացուցիչ բացթողումը. «Հարգելի դեպուտատներ, ինչպիսի հեշտությամբ եք դուք ձեր՝ անկարողության արդյունքում շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար դնում Սեւանի ջրի ավելցուկը բացելու հարցը»,- նշել է ակադեմիկոսը:
ԳԱԱ ժողովին մասնակցող Սերժ Սարգսյանը, ով սովոր է լսել ակադեմիկոսների քծնանքաշատ ելույթները` հանկարծակիի է եկել հնչած քննադատությունից եւ Ջրբաշյանի հայտարարություններից հետո, չկարողանալով զսպել վրդովմունքը, ակադեմիկոսին մեղադրել է ոչ գիտական գնահատականի մեջ. «Ես խնդրում եմ՝ Սեւանի մասին գիտական խոսք ասեք, ոչ թե հուզական»,- կշտամբել է Սարգսյանը:
Մինչդեռ ակադեմիկոսի բարձրացրած հարցը ոչ միայն գիտականորեն հիմնավորված է, այլեւ՝ դրա դեմ տարիներ շարունակ պայքարում են բնապահպանները. «Մենք ավելացնում ենք Սեւանի հոսքը, որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջեւան: Ջուրը պահել չենք կարողանում: Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, էդ ջուրն ինչ է լինում՝ գնում է Ադրբեջան»,-Ջրբաշյանի այս պնդմանը Ս. Սարգսյանը հակադարձել է` հայտարարելով. «Սեւանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում», իսկ ջրի բացթողումն էլ արվում է` ելնելով բնակլիմայական պայմաններից, որպեսզի «Արարատյան դաշտը չչորանա»:
Հետաքրքիր է` գիտական, հիմնավորված խոսք ասելու պահանջով ակադեմիկոսներին դիմող Սարգսյանը չի՞ մտածում այն մասին, թե որքանով են իր պնդումները հիմնավոր: Մասնավորապես 5 տարով լճից ջրառը 70 մլն խմ-ով ավելացնելու որոշումը ինչպես կարող է պայմանավորված լինել բնակլիմայական պայմաններով: Ինչ է, Ս. Սարգսյանն առաջիկա հինգ տարվա համար կարողանում է կլիմայական պայմանները կանխատեսե՞լ: Եվ կամ` ինչպես կարող է Ս. Սարգսյանը հայտարարել, թե Սեւանա լճի ջուրը գյուղացիներին անվճար տրամադրելու փոխարեն չի հոսում Նախիջեւան, այն դեպքում, երբ դա ոլորտի բոլոր մասնագետներին հայտնի փաստ է: Ինչ վերաբերում է Արարատյան դաշտավայրի չորանալուն, ապա անգամ Բնապահպանության նախարարությունն է արձանագրել, որ Արարատյան ավազանի ընդերքային ջրերը նվազել են, ինչի արդյունքում ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալը մեծացել է: Իսկ դրա պատճառը երկրի նորանշանակ վարչապետին, նրա խնամուն եւ մի քանի այլ օլիգարխներին պատկանող ձկնաբուծարանների կողմից ջրի անխնա օգտագործումն է:
Հետեւաբար` Ս. Սարգսյանի զայրույթը, մեղմ ասած, անտեղի է, իսկ ներկայացրած արդարացումներն էլ` անհիմն: Ավելին` նրա արձագանքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանություններն առաջիկայում անելու են ամեն ինչ` թույլ չտալու լճի մակարդակի հետագա բարձրացումը:




Լրահոս