ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԸ ԿՆՎԱԶԵՑՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնատար անձինք ճանապարհատրանսպորտային խախտումների համար նույնպես ենթարկվում են տուգանքների, բացի օրենքով թույլատրելի դեպքերից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մասին հավաստիացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառման եւ ավտոկայանատեղերի գործունեության» թեմայով:
Հիշեցնենք, որ այս լսումները նախաձեռնվեցին այն բանից հետո, երբ ԱԺ ոչ իշխանական Քառյակը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն եւ «ժառանգություն»-ը Աժ օրակարգ մտցրեցին այդ խնդիրների շուրջ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Պատգամավորները պնդում էին, որ Երեւանի եւ մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերի արձանագրած տուգանքների ծավալն ահռելի մեծ է եւ դա լուրջ խնդիր է քաղաքացիների համար. «Տեխզննում, ԱՊՊԱ, կարմիր գիծ, նկարահանող սարքեր, արագաչափեր` սրանք բոլորը միասին, ու նաեւ` մեքենաների սպասարկումը, իմ սիրողական հաշվարկներով վարորդների տարեկան ծախսերի կեսից ավելին են տանում: Մոտավորապես, նվազագույն հաշվարկով մեկ մեքենան 1000 դոլար է արժենում մեկ վարորդի ծախսերի մեջ: Դա կազմում է իր տարեկան ծախսերի կեսից ավելին»,- իր ելույթում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու ասվածը հիմնավորեց ՀՀ աշխատող քաղաքացիների աշխատավարձերի բաշխմամբ: Այն է` աշխատող քաղաքացիների 2 %-ն է 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանում, 4 %-ն ստանում է մինչեւ 200 հազար դրամ, 10 %-ը` 100-150 հազար դրամ, իսկ 85 %-ը ստանում է մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձ: Ի հակադրումն ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի համեմատությունների, թե արտերկրում մի քանի անգամ ավելի գումար են վճարում ճանապարհային խախտումների համար` Արամ Մանուկյանն ասաց. «Եթե ֆրանսիացին կամ շվեյցարացին, որի օրինակը բերում եք , 2-3 հազար դոլար է ստանում եւ 200 դոլար տուգանք է մուծում` դա նրա աշխատավարձի 10 տոկոսն է: Դրա արդյունքում ինքը սոված չի մնում»:
Լսումներին մասնակցում էր նաեւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Ալիկ Զաքարյանը, ում ընկերությունն էլ իրականացնում է խախտումների տեսանկարահանման գործառույթը: Վերջինս համառորեն հերքում էր այն պնդումը, թե «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի թիկունքում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է կանգնած:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե շատ պատգամավորներ դեմ են տուգանքների սակագների բարձր շեմին` դա իրենց չի՞ մտահոգում, Զաքարյանը պատասխանեց. «Սակագների շեմը ես չեմ որոշում, բայց կարող եմ ասել, որպես քաղաքացի, վարորդ, դա ընդամենը ժողովրդին դուր գալու հայտարարություն է»: Ընկերության ղեկավարը նաեւ զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ են պատգամավորները սակագների մասին նոր խոսում, այն դեպքում, երբ արագաչափերը ներդրվել են 2012 թ. «Որովհետեւ ժողովրդին է դա դուր գալիս, որովհետեւ ժողովուրդն ուզում է խախտի, եւ կա շատ մեծ հատված, որ այդ օրենքին չի ենթարկվում: Իսկ հիմա ենթարկվում են»,- ինքն իր հարցին պատասխանեց «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրենը:
«Երեկ իմ աչքի առաջ Հոբիկ Աբրահամյանի կորտեժը նկարվել է տեսախցիկով: Հիմա դուք ուզում եք ասել՝ տուգանելո՞ւ եք Հովիկ Աբրահամյանին: Մենակ Հովիկ Աբրահամյանը չէ: Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետը, Ամենայն հայոց կաթողիկոսը, չգիտեմ ով, ոնց ասես քշում են այդ մարդիկ»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս կապակցությամբ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. ««Սեքյուրիթի Դրիմ»-ն իր գործառույթները 100 %-ով կատարում է: Այդ ամբողջ ինֆորմացիան մենք կազմում ենք եւ փոխանցում Ճանապարհային ոստիկանությանը: Իսկ թե իրենք հետո ինչ են անում, դա ես չեմ կարող բացատրել»:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանին հարցրեց, թե արդյոք չե՞ն տուգանվում բարձրաստիճան պաշտոնյաները. «Հրայր Թովմասյանը հենց նոր պատասխանեց, որ ինքը տուգանվել է»,-նշեց Օսիկյանը` հավելելով. «Ցանկացած պաշտոնատար անձ, ով խախտում է անում եւ դա համապատասխան օրենքով թույլատրելի չէ, տուգանվում է: Բայց, օրինակ՝ առկայծող փարոսիկներով տրանսպորտային միջոցները, դրանց ուղեկցող մեքենաները չեն տուգանվում, որովհետեւ օրենքով թույլատրելի է որոշ դեպքերում կանոնների խախտում կատարել»,- պարզաբանեց ոստիկանապետի տեղակալը:
Նշենք, որ լսումների հիմնական զեկուցողը Արթուր Օսիկյանն էր, ով հայտարարեց, որ տուգանքների վերաբերյալ փոփոխություններ են նախատեսվում, որոնք առաջիկայում կներկայացվեն գործադիրին:

ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 

«ՊՈՒՏԻՆ» ԱՆՈՒՆՈՎ ԳՐԱԴԱՐԱՆ Է ԲԱՑՎՈՒՄ

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի ոչ անհայտ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով մեր հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Հայաստանում բացված եւ այդպես էլ չգործած «Պուտին» ակումբների նախագահ, հիմա էլ ակումբների փոխարեն նոր քաղաքական բիզնես ծրագիր է իրականացնում` ռուսական գրախանութներ է բացում:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին զանգվածաբար փակվում են գրախանութները: Փոխարենը փակված հայկական գրախանութներին արագորեն փոխարինելու են գալիս «Ռուսական գրքի տուն» կոչվող գրախանութները: Սա նշանակում է, որ մեր երկրում մայրենի լեզվով գրականության փոխարեն այլալեզու գրականություն է քարոզվում. կապ չունի ռուսական, թե ցանկացած այլ լեզու: Սրանից երկու տարի առաջ «Ռուսական գրքի տուն» գրախանութ բացվեց Արտաշատ քաղաքում, հետո՝ Գյումրիում, իսկ նախորդ տարի՝ ՀՀ Ազգային ժողովում բացվեց «Ռուսական գրքի գրադարանը»: Թե որքանով է նպատակահարմար, որ Արտաշատ քաղաքում հայկական գրախանութին փոխարինում է ռուսականը, «Ժողովուրդ»-ն այս թեմայի շուրջ զրուցեց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ:
-Պարոն Մուրադյան, Արտաշատում քանի՞ գրադարան կա:
-Երկուսն են: Մի գրադարանը քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում, իսկ մյուսը՝ մարզայինն է:
-Քաղաքապետարանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում գրադարանը զարգացնելու ուղղությամբ: Ի՞նչ է արվում գրքային ֆոնդն ավելացնելու համար:
-Գրքային ֆոնդը ժամանակ առ ժամանակ ավելացվում է: Եվ այդ ամբողջ գործընթացը քաղաքապետարանի կողմից է ֆինանսավորվում: Երբ պահանջ են ունենում գրքային ֆոնդն ավելացնելու, դիմում են մեզ, մենք էլ ֆինանսավորում ենք:
-Իսկ քանի՞ գրախանութ կա:
-Գրքի խանո՞ւթ: Գրենական պիտույքների խանութ ունենք, որտեղ մի քանի գրքեր էլ են վաճառվում:
-Բայց Արտաշատում կա նաեւ «Ռուսական գրքի տուն» գրախանութ:
-Այո, ունենք, նման մի բան: Ռուսական գրքերի խանութ է:
-Հետաքրքրվե՞լ եք, թե ինչ հաճախելիություն ունի:
-Կա, մարդիկ գնում- գալիս են: Նորմալ է:
-Ինչքանո՞վ է ճիշտ, որ հայկական գրախանութի փոխարեն բացվել է ռուսականը:
-Դա վաղուց է բացվել: Թող մարդիկ ծանոթանան ռուս գրողների եւ գրականության հետ: Ի՞նչ վատ է:
-Վատ չէ, բայց ցավալի է, որ հայկական գրախանութ չկա Արտաշատում:
-Մենք քաղաքում ունենք ռուսական զորամաս, իրենք օգտվում են այդ գրախանութից: Մենք նման ծրագիր ունենք մշակած: Հույս ունենք, որ առաջիկայում քաղաքում մի հայկական գրախանութ էլ կունենանք: Տեսնենք, թե ինչպես կստացվի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԱՍԻ»-Ն ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
«Հայասի գրուպ» սեփական պատասխանատվությամբ ընկերությունը, որը պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, մաքսային կանոնների խախտում կատարելու համար տուգանվել է: ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Թամրազյանն իր որոշման մեջ նշել է, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով ներմուծվել է գարու ածիկ, որի վերաբերյալ ընկերության գլխավոր տնօրեն Պողոս Շահինյանը սահմանված 10-օրյա ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային հսկողություն իրականացնելու համար: Ըստ Թամրազյանի որոշման՝ ընկերությունը խախտել է մաքսային օրենսդրությամբ նախատեսված կանոնները, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50 հազար դրամ տուգանքի:

 

ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ
Երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից խորհրդարանում ելույթ է ունեցել. «Այստեղ ինձ համար անհասկանալի արտահայտություն հնչեց, թե «Սեքյուրիթի դրիմ»-ը ռիսկեր ունի: Փող աշխատելուց բացի՝ որեւէ այլ ռիսկ չեմ տեսել: 70 տոկոս գերշահույթ ստանալը, եթե ռիսկ է, ապա մենք պետք է ենթադրենք, թե ընկերությունը զբաղվում է անձնազոհությամբ, եւ կխնդրեի մեր գործընկերներին անձնազոհության մեդալ շնորհել ընկերությանը»,-նշեց նա: Ըստ Զոհրաբյանի՝ այն պնդումները, թե երթեւեկության կանոնների խախտման եւ զոհերի թիվը նվազել են, չի համապատասխանում իրականությանը: «Ոչ, չի պակասել, եւ բերված վիճակագրությունից երեւում է, որ դրանք ավելացել են: Ոնց պտտվում ենք, ստացվում է, որ ինչ-որ կազմակերպություն ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է կանգնած այս ընկերության հետեւում, հիմա անձնազոհությամբ է զբաղվում»,-ավելացրել է նա:

 

ՓԱԿ ԵՆ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 24-ին Երեւան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հետեւյալ փողոցներում. առավոտյան ժամը 6.30-ից մինչեւ 23-00-ն` Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչեւ Աթենքի փողոց-Իսակովի պողոտա եւ Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:




Լրահոս