ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը պատրաստվում է առաջիկայում վավերացնել յոթ վարկային պայմանագրեր, որոնց արդյունքում Հայաստանի Կառավարությունը տարբեր միջազգային կազմակերպություններից կստանա ընդհանուր 260 միլիոն դոլարի վարկ: Սակայն այսքանով չեն ավարտվում 2014 թվականին ստորագրված վարկային պայմանագրերը:

Կառավարության կողմից հաստատվել, բայց դեռեւս Աժ չեն հասել ընդհանուր 165 միլիոն դոլարի եւ 32 միլիոն 500 հազար եվրոյի վերաբերյալ թվով հինգ համաձայնագրերը, որոնք գործադիրի հավանությանն են արժանացել նոյեմբերի 27-ին: Նշվածից բացի՝ ՀՀ Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստում էլ հաստատվել են գերմանական KFW բանկի կողմից 85 միլիոն 200 հազար եվրո արժողությամբ վարկ տրամադրելու համաձայնագրերը: Այսպիսով՝ ՀՀ Կառավարությունը ԱԺ-ում քննարկվող 260 միլիոն դոլարի վարկային համաձայնագրերից բացի՝ դեռ խորհրդարան պետք է ուղարկի 165 միլիոն դոլարի եւ 117 միլիոն 700 հազար եվրոյի (մոտ 150 միլիոն դոլար) վարկային համաձայնագրեր: Մինչ այս էլ խորհրդարանն այս տարի արդեն իսկ հասցրել է վավերացնել Ասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլարի եւ Միջազգային զարգացման ընկերակցությունից 13 միլիոն 900 հազար դոլարի վարկերի համաձայնագրերը:
Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանի որպես վարչապետ պաշտոնավարման առաջին տարում Հայաստանի պետական արտաքին պարտքը (այս պահին արդեն ստորագրված եւ մի մասն էլ անգամ վավերացված պայմանագրերով), կավելանա մոտ 700 միլիոն դոլարով: Այնպես որ՝ Հովիկ Աբրահամյանը կարող է հպարտությամբ հայտարարել, որ ինքը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի արժանի հետնորդն է: Ինչպես հայտնի է՝ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը մեկուկես միլիարդ դոլարից հասցրեց չորս միլիարդի: Եթե Հայաստանին նման դժբախտություն պատի, եւ Հովիկ Աբրահամյանն իր նախորդի պես հինգ կամ վեց տարի պաշտոնավարի, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանի արտաքին պարտքը տարեկան միջինը 700 միլիոն դոլարով ավելացնի, ապա նա ոչ միան կկրկնի Տիգրան Սարգսյանի ռեկորդը, այլեւ մի բան էլ դեռ կգերազանցի այն:
Տեղեկացնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմում է 8 միլիարդ 489 միլիոն 300 հազար դոլար: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է շուրջ 4 միլիարդ 465 միլիոն դոլար, որից 3 միլիարդ 731 միլիոն 480 հազար դոլարը արտաքին պարտքն է, իսկ 733 միլիոն 315 հազարը` ներքին:
Իհարկե, պետությունների կողմից վարկ վերցնելն ինքնին օգտակար գործիք է, քանի որ նպաստում է՝ տվյալ երկրի տնտեսությունն ավելի արագ զարգանա: Սակայն այս գործիքը կիրառելի է եւ դրական արդյունք կարող է տալ միայն, այսպես կոչված, նորմալ կամ նույնն է թե՝ կոռուպցիայի ցածր կամ առնվազն խելամիտ մակարդակ ունեցող երկրների պարագայում: Հայաստանն այս տեսանկյունից առայժմ չի կարող համարվել նորմալ երկիր, քանի որ այստեղ պետական համակարգն ամբողջությամբ կոռումպացված է: Հայաստանում, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձից սկսած վերջացրած բաժնի պետերով, բոլորը պետական պաշտոնը օգտագործում են հարստանալու եւ պետական միջոցներն իրենց հաշիվներին տեղափոխելու համար: Կոռուպցիան ամբողջությամբ կլանել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, եւ չկա մի օղակ, որն իրականում պայքարում է կամ ի վիճակի է դա անելու: Դատաիրավական համակարգի որ օղակը կուզեք, դիտարկեք, բավական է ղեկավար կազմի կենսագրությունը եւ ունեցվածքն ուսումնասիրեք եւ կհամոզվեք, որ նրանք կոռուպցիոն համակարգի ոչ միայն մասն են, այլեւ կարկառուն ներկայացուցիչը:
Հայաստանի պես երկրների դեպքում վարկերի միջոցով պետական պարտքի ավելացումը դժբախտություն է պետության եւ հատկապես երիտասարդության համար: Պարտքով վերցված գումարները մի քանի տասնյակ մարդկանց կողմից լափվում են, եւ եթե մի օր հաջողվի պետությունում օրինականություն հաստատել, ապա ապագա իշխանություններն ամեն դեպքում ստիպված են լինելու վերադարձնել այդ գումարները:
Հ.Գ. Հայաստանի պետական կառավարման համակարգը պատած կոռուպցիոն խոցը այնքան է հզորացել, որ այն նաեւ ինքնապաշտպանական մեխանիզմներ է ստեղծել՝ ի դեմս ոչ իշխանական քաղաքական ուժերի: Այսինքն, եթե հասարակությունն այսօր փորձի ինչ-որ փոփոխության հասնել, ապա պետք է հույսը դնի այդ նույն կոռուպցիոն համակարգի ծնած ոչ իշխանական քաղաքական ուժերի վրա: Այսինքն՝ նման պայմաններում իրական փոփոխությունը դեռեւս անհնար է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ
ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը եկող տարվա հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնի, սակայն Հայաստանի անդամակցության հարցը դեռեւս լուծված չէ: Բանն այն է, որ Բելառուսը եւ Ղազախստանը դեռեւս չեն վավերացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրը: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի` Մեջլիսի միջազգային հարցերով պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը եկող երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, նոր միայն նախատեսում է քննարկել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը: Իսկ թե երբ այն կներկայացվի Մեջլիսի վավերացմանը, դեռեւս պարզ չէ: Ղազախստանի Մեջլիսի առաջիկա նիստը նշանակված է դեկտեմբերի 18-ին: Մեջլիսի վավերացումից հետո նոր միայն պայմանագիրը պետք է ներկայացվի Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի վավերացմանը: Իսկ ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այստեղ իրավիճակն առավել քան անորոշ է: Բելառուսի խորհրդարանը` Ազգային ժողովը, նույնպես երկպալատանի է` Ներկայացուցիչների պալատ եւ Հանրապետության խորհուրդ: Երեկվա դրությամբ Ներկայացուցիչների պալատում քննարկվող հարցերի մեջ նշված չէր ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուստի դժվար է ասել՝ փաստաթուղթը երբ կուղարկվի խորհրդարան եւ երբ կվավերացվի: Բայց եթե դա տեղի չունենա մինչեւ այս տարվա դեկտեմբերի 30-ը, ապա Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հունվարի 1-ից չի կայանա:

 

ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Երեկ երեկոյան իր տան դիմաց ծեծի է ենթարկվել ՀԱԿ կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: ՀԱԿ-ի՝ Հրազդանի կառույցի ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը Armlur.am-ի թղթակցին ասել է, որ Աշոտ Փիլիպոսյանն ուղեղի ցնցում է ստացել, աչքի տակ՝ արյան զեղում, սալջարդ: «Իմ տեղեկություններով՝ ինչ-որ մեկը զանգել է, կանչել դուրս, ու ծեծել են: Ես հիմա հիվանդանոցում եմ, հիմա սիստեմայի տակ է, խոսել չի կարողանում»,-ասել է Բարեղամյանը:

 

ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ ԵՆ
Միջազգային շուկայում նավթը երեկ եւս շարունակել է էժանանալ` իջնելով մեկ բարելը 61 դոլար սահմանագիծ: Այս էժանացմանը զուգահեռ շարունակել է արժեզրկվել ռուսական ռուբլին, եւ մեկ դոլարը օրվա վերջին արդեն հասավ 59 ռուբլու սահմանագծին: Ենթադրվում է, որ եկող շաբաթվա ընթացքում նավթի մեկ բարելի գինը 60 դոլարի սահմանագծից էլ կիջնի, իսկ ռուսական ռուբլու արժեզրկումը կհաղթահարի մեկ դոլարը 60 ռուբլի սահմանգիծը:

 

ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ նրա նախկին ուսանողի միջեւ դատական վեճի մասին: Պարզվում է՝ ուսանողը դատարանում պարտվելուց հետո անգամ իր՝ պարտք մնացած ուսման վարձի գումարը` 317 հազար 444 դրամ, չի վճարել եւ հեռացել է Հայաստանից:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԳՆԱՑԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԵԼՈՒ
Դեկտեմբերի 12-ին «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը եւ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի եւ Ռայներ Մորելի հետ: Կոնգրեսի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները դեսպաններին են ներկայացրել Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման հետ կապված մանրամասները:

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ-ի գրասենյակ՝ պարզաբանումներ ստանալու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի մասին հրապարակված տեղեկությունների մասով: Սակայն նրանք հրաժարվել են հաղորդում տալ որեւէ հանգամանքի վերաբերյալ եւ նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն:

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՏՎԵՐՈՎ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ վերջին օրերի բոլոր հարձակումները հրահանգավորվում են անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նիկոլ Փաշինյանի խոսքով` իշխանություններն ունեն բոլոր լծակները, որ այդ դեպքերը բացահայտվեն: «Եթե այդ դեպքերը չբացահայտվեն, ուրեմն դրա պատասխանատվությունը կրում է երկրի թիվ առաջին դեմքը, ով ի պաշտոնե պարտավոր է իրացնել Սահմանադրությունը»,- հայտարարել է պատգամավորը:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փոխանցում են, որ ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ շահագրգռվածության եւ միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ իրավապայմանագրային դաշտը, զարգացել է միջխորհրդարանական համագործակցությունը:

 

ԳԼՈԲԱԼ ԵՐԵՎՈՒՅԹ
«Համոզված եմ, որ Կենտրոնական բանկը տիրապետում է ողջ համակարգին, եւ կարծում եմ՝ կկարգավորվի ու կկայունանա: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- Կենտրոնական բանկի քայլերի, դրամի արժեզրկման եւ դրա հետեւանքների վերաբերյալ երեկ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա նշել է, որ փոխարժեքի վերաբերյալ դժվար թե իրեն հարգող որեւէ տնտեսագետ կարողանա երկարատեւ կանխատեսում անել: «Եթե նայեք այլ երկրների արժույթներին, այնտեղ էլ կա իջեցում: Այսինքն՝ դա գլոբալ երեւույթ է, եւ դա արհեստական չէ, տնտեսական գործընթացներն են տանում դրան»,-հավելել է նախարարը:




Լրահոս