ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ «ՌԵԿԼԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կապանի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե առողջական խնդիր ունի եւ այդ պատճառով է ձեռքը բռնած մարզպետի աշխատասենյակից դուրս եկել. «Ես մարզպետի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, ինչու պետք է մարզպետի մասին վատը խոսեմ, որ ինձ ծեծեն: Ընդամենը գնացել եմ նրա հետ հանդիպման, քանի որ մի մարդ կար, որն աշխատանքից ազատվել էր, եւ մարզպետն ասաց, որ կարող ենք նրա աշխատանքը վերականգնել, ընդամենը խնդիրը դա է եղել: Ես էլ առողջական խնդիր ունեմ, ձեռքս լավ չի աշխատում, այդպես դուրս եմ եկել մարզպետի աշխատասենյակից, մտածել են, թե ինչ է եղել, չի կարելի, էլի»:
Նկատենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Սյունիքի մարզում Սուրեն Խաչատրյանի վերանշանակումից հետո աղմկահարույց պատմությունները շարունակվում են թափ հավաքել: Երկրորդ անգամ մարզպետ նշանակված Սուրեն Խաչատրյանը նախ սկսեց մարզպետարանը մաքրել իրեն ոչ ցանկալի անձանցից: Բանն այն է, որ իբր իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել էին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշոտ Մարդյանը:
Դրանից հետո՝ 2014թ. դեկտեմբերի 10-ին, նախախորհրդարանը հայտարարություն էր տարածել, թե. «Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, նախախորհրդարանի՝ Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ: Գեւորգ Գասպարյանից մերժում ստանալով՝ Զարզանդ Նիկողոսյանը փոխել էր խոսակցության թեման ու տոնայնությունը՝ նրան մեղադրելով «պետությունը քանդելու» մեջ, եւ պահանջել էր դադարեցնել ռեժիմի դեմ գործողությունները՝ սպառնալով սպանել նրան»:
Այս դեպքից հետո դեռեւս քրեական գործ չի հարուցվել. ինչո՞ւ: Հարցի պատասխանը նախ փորձեցինք ստանալ Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Կապանում նախախորհրդարանի թռուցիկները բաժանելուց հետո. «Սա առաջին դեպքն էր, որ նման բան պատահեց: Զարզանդ Նիկողոսյանն ասում էր, թե դադարեցրեք թռուցիկները բաժանել, իսկ հետո սկսեց սպառնալ»: Դեպքից հետո Գասպարյանը եղել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում եւ այնտեղ հայտարարել, որ խնդրի լուծումը տեսնում է համակարգից դուրս: Իսկ թե ինչո՞ւ հայտարարություն չի տվել հանցագործության մասին, Գասպարյանն այսպես բացատրեց. «Այս դեպքից հետո մարզպետարանից զանգահարել եւ Զարզանդի անունից ներողություն են խնդրել, որ այդպիսի բան չի կրկնվի, ուղղակի նա զայրացած է եղել: Եթե անընդհատ այս թեման շահարկենք, կարող է մի օր էլ շքամուտքի մոտ խփեն: Ոչ թե վախենում եմ այս թեման շահարկելուց, այլ շատ անելիքներ ունեմ: Ես հիմա նորմալ իմ գործունեությունը շարունակում եմ, եւ իմ գործունեությունը կարող են դադարեցնել միայն ինձ սպանելով»:
«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ինչ է կատարվում մարզում, հերիք չէ՝ մարդկանց ստիպում եք դիմում գրեն, ազատվեն, հիմա էլ տեղեկություններ են տարածվել, որ Կապանի թիվ երկու դպրոցի տնօրենին եք ծեծի ենթարկել Ձեր աշխատասենյակում:
-Մի բան ասեմ՝ մարդիկ կան, որ ռեկլամի կարիք ունեն ու իմ միջոցով ուզում են իրենց ռեկլամ անեն, էլի:
-Ինչո՞ւ Ձեր միջոցով, միգուցե առիթը ստեղծել եք:
-Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն եւ փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն:
-Բայց ինչու են լուրեր շրջանառվում, թե Կապանի երկրորդ դպրոցի տնօրենին եք Ձեր աշխատասենյակում ծեծել, ու տնօրենը, ձեռքը մի կերպ բռնած, դուրս է եկել:
-Ամո՛թ է, ամո՛թ, չի կարելի, էլի: Դուք այդ չարախոսներին ասեք՝ ինչ եք ուզում այդ մարդուց:
-Ձեր օգնական Զարզանդ Նիկողոսյանի սպառնալիքը, թե կսպանի նախախորհրդարանի՝ Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանին, եւս չարախոսությո՞ւն եք համարում:
-Հավատացեք՝ չի սպառնացել, այդ տղան ով է, չեմ էլ ճանաչում, ազնվությամբ, սֆաթն էլ չեմ տեսել: Երեւի ռեկլամի կարիք ունի եւ փորձել է մեր միջոցով իրեն ռեկլամ անի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹՇԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ադրբեջանական զինուժը գիշերն ինտենսիվորեն խախտել է հրադարարի ռեժիմը: Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, անգամ ականանետեր է կիրառել: Պատասխան կրակից ադրբեջանական կողմն ունի մի քանի զոհ, բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր եւս հակառակորդի կողմից արձակված կրակոցների թիվը սովորականից ավել է եղել՝ նախկին 40-ի դիմաց հասել է 200-ի:
Սրան զուգահեռ՝ Բաքվի առաջատար կայքերից մեկը երեկ հաղորդել է, որ անսպասելիորեն ազատ է արձակվել դեռեւս 2010 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ընտանիքը: Քանի որ Ադրբեջանը մարդասիրության անշահախնդիր գործողություններով աչքի չի ընկնում, այս լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Վերջինս անսպասելի պատասխանեց մեր հեռախոսազանգին, ապա հորդորեց հարցն ուղղել գրավոր: Խնդրանքը` այնուամենայնիվ լսելու մեր հարցը, նա չմերժեց, բայց իր «բարձր դիրքից» մեզ ուղղորդեց դեպի ֆեյսբուք սոցիալական ցանց՝ ավելի կոնկրետ՝ դեպքի մասին իր գրառումը, միաժամանակ հարցնելով՝ Դուք ժամանակակից տեխնոլոգիաներին ծանո՞թ եք:
Հետաքրքիր է, որ նման պատասխանատու կառույցի մամուլի խոսնակը սոցցանցերում «ստատուս» գրելը բարձր տեխնոլոգիա է համարում: Մինչդեռ, մեր հարկատուները ԱԳՆ եւ համապատասխան մամուլի ծառայություն են պահում եւ աշխատավարձ վճարում՝ գոնե նման իրավիճակներում պաշտոնական տեղեկատվություն ստանալու ակնկալիքով: Ավելին` Տիգրան Բալայանը, երեւի թե, չգիտի, որ նույն պրոֆիլով սոցցանցերում տասնյակ էջեր կարող է բացել ցանկացած ոք: Այսինքն` սոցցանցերը ոչ պակաս ապատեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ: Բացի այդ, եթե նման պարզաբանումները տեղ գտնեն այնտեղ, որտեղ նախատեսված է, հնարավոր կլինի ԱԳՆ պաշտոնական կայքէջը դուրս բերել կիսամեռ վիճակից ու ավելի լուրջ վերաբերմունքի արժանանցնել գոնե լրատվամիջոցների կողմից:
Հ.Գ. Լուրը գրելու պահին ԱԳ նախարարության կայքում, այնուամենայնիվ, ոչինչ տեղադրված չէր վերոնշյալ դեպքի մասին, իսկ Facebook սոցիալական ցանցում ամիսներ առաջ տողերի հեղինակի կողմից ուղարկված ընկերության առաջարկը Տիգրան Բալայանը չի ընդունել, հետեւաբար նրա գրառումն անմատչելի է, եթե, իհարկե, կա:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ինչպես հայտնի է՝ նախօրեին՝ 21:30-ի սահմաններում, անհայտ անձի կողմից Սոսեի 2/2 հասցեում իր բնակարանի մուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու համար: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության:
Նշենք, որ Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը դատապարտել են բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ:

 

ԱՐԹՆԱՑԱՎ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքի առիթով: «Խորապես մտահոգված եմ վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել եւս՝ մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով»,- հայտարարել է ՀՀ օմբուդսմենը:

 

ԲԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցում գրել է.«ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ երեկ իրականացված հարձակումը դատապարտելի է: Վստահ եմ, որ իրավապահ մարմիններն անում են ամեն հնարավորը, որպեսզի բացահայտվի արարքը կատարող անձը: Պարոն Մանուկյանին մաղթում եմ շուտափույթ առողջացում»: Նկատենք, որ Աշոտյանը դատապարտող ոչինչ չի գրել հրամանատարների հանդեպ կիրառված բռնության մասին, որը կատարվել է Սերժ Սարգսյանին հայհոյելու համար:

 

ՓՈՂ ՏՎԵՑԻՆ
Եվրամիությունը 2015թ.-ին Վրաստանին 46 մլն եվրո կտրամադրի՝ մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Վրաստանը գումարը կստանա երկու մասով՝ կեսը գրանտի տեսքով, իսկ մյուսը՝ վարկի:

 

ԾԵԾԵԼ ԵՆ
Ադրբեջանական գերությունից վերադարձված հայ ընտանիքի անդամները Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժզննում անցան: Հիշեցնենք, որ դեռ 2010թ.-ից 5 հոգանոց ընտանիքը գտնվում էր ադրբեջանական գերության մեջ: Նրանց հայրենադարձումից ժամեր անց ընտանիքի հայրն ու մայրը՝ Եղիշե եւ Ռուզաննա Գեւորգյանները, լրագրողների հետ զրույցում ասել են, որ Ադրբեջանում ենթարկվել են բռնությունների: «Մեզ այնտեղ ռազմագերիների ճամբարում էին պահում, իմ երեխաներն այս ողջ ընթացքում առնետների կրծած հավի միս են կերել: Նրանք ստիպում էին, որ մենք փոխենք մեր ազգանունները եւ դառնանք թուրք»,-պատմել է Եղիշե Գեւորգյանը:




Լրահոս