ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` բանկային գործ մասնագիտացմամբ: Հիմա բնակվում եմ Գավառում եւ աշխատանք դեռ չունեմ: Ուզում եմ իմանալ, թե Կենտրոնական բանկ  աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը որտեղից եւ ինչպես կարող եմ իմանալ:

Աննա Ամիրխանյան, 25 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին իրեն հուզող հարցերի դեպքում կարող է դիմել հենց Կենտրոնական բանկ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սա է.
– դիմումի ձեւ, որը կա բանկի կայքում,
– դիպլոմ եւ դիպլոմի միջուկ (պարտադիր պայման է համարվում հայրենական կամ արտասահմանյան պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության կրթությունը` բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ),
– անձնագիր,
– սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
– զինվորական գրքույկ, որը ներկայացնում են զինված ուժերի շարքերից արձակվածները, իսկ զորակոչային տարիքի եւ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձինք` տեղեկանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու մասին,
– աշխատանքային գրքույկ, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների. վերջիններս Կենտրոնական բանկ ընդունվելիս լրացնում են դիմում (հավելված 3) իրենց համար աշխատանքային գրքույկ բացելու համար,
– վկայագիր (գիտական աստիճան ունեցող անձինք),
– երեխաների ծննդյան վկայականները,
– 2 գունավոր լուսանկար (3×4):

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աննա Ամիրխանյանին խորհուրդ կտանք այցելել նաեւ բոլոր այն բանկերի կայքերը, որոնք մասնաճյուղեր ունեն իր հայրենի քաղաքում: Հաճախ թափուր աշխատատեղեր են ունենում նաեւ մասնավոր բանկերը, ու չի բացառվում՝ որոնումների արդյունքում մեր ընթերցողի բախտը ժպտա:




Լրահոս