Պատգամավորը Հրանտ Մարգարյանին առաջարկում է փողոց դուրս գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթ էր ունեցել Հալեպում՝ ՀՅԴ 124-րդ ամյակի միջոցառմանը: Հ. Մարգարյանն անդրադարձ էր կատարել նաեւ սահմանադրական բարեփոխումներին ու նշել, որ այն մեծ դերակատարում ունի հայ ժողովրդի համար:

«Նոր Սահմանադրության ընդունումով է, որ երկրում մենատիրությունը, անձի իշխանությունը պետք է փոխարինվի հավաքական իշխանությամբ, իսկ թե որքանով այդ իշխանությունը կարտահայտի ժողովրդի կամքը, արդեն հաջորդ քայլն է, որի մասին մենք պետք է մտածենք: Իսկ առայժմ եկեք ընդունենք, որ ներքաղաքական եւ հասարակական հակադրությունների ներդաշնակման եւ ժողովրդի ներուժի ճիշտ կազմակերպման համար նախեւառաջ անհրաժեշտ է կառավարման խորհրդարանական համակարգի որդեգրումը»,- հայտարարել է Մարգարյանը:

Ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի. «Նոր Սահմանադրությունն է, որ պետք է երաշխավորի երկրում ստվերային իշխանության բացառումը, տնտեսական լինի այն թե քաղաքական, առճակատման մթնոլորտի ու «գունավոր հեղափոխությունների» բացառումը… Չէի կամենա, բայց ստիպված եմ անդրադառնալ նրանց, ովքեր դեմ են նոր Սահմանադրությանը: Ես ցավով եմ նշում, որ նրանք ոչ միայն խաբում են իրենք իրենց, այլեւ փորձ են անում ապակողմնորոշել ժողովրդին` իրենց «վերարտադրման» եւ այլ հեքիաթներով: Իրենք իսկ լուրջ չեն վերաբերում իրենց փաստարկներին ու հենց այդ պատճառով խուսափում են ցանկացած քննարկումից ու բանավեճից»:

Նախօրեին «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՎՍԴՀԿ ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

-Տիկի՛ն Սարգսյան, ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ սահմանադրական փոփոխության ընդունումով մեր երկրում մենատիրությունը, անձի իշխանությունը պետք է փոխարինվի հավաքական իշխանությամբ: Ինչո՞ւ են Հայաստանի ընդդիմադիր ուժերը հակառակ հայտարարություններով հանդես գալիս:

-Ճիշտն ասած՝ զարմացած չեմ Հրանտ Մարգարյանի նման մեկնաբանությամբ, ավելին՝ երբ ասում է, թե մեզ անհրաժեշտ է, ապա ասեմ, որ հավանաբար դաշնակցությանն է խիստ անհրաժեշտ: Բայց դրան զուգահեռ չեմ կարող չհիշեցնել պարոն Մարգարյանին, որ դաշնակցությունում ունեին նախապայմաններ, իսկ այդ նախապայմանների մասով այսօր ոչինչ չի ասվում: Հետեւաբար ես ունեմ իմ հստակ կարծիքը, թե ինչու է Հրանտ Մարգարյանը նման տեսակետ արտահայտում, բայց ձեռնպահ կմնամ հնչեցնելուց:

Իսկ ինչ վերաբերում է նրա մտքին, թե դրա արդյունքում կարող է ժողովրդի կյանքը փոխվել, ապա ընկեր Հրանտին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում ոչինչ չի կարող փոխվել, եթե չկա քաղաքական կամք: Ներկայիս գործող Սահմանադրությունը նույն իշխանության կողմից ամեն օր ոտնահարվում է: Պետք է նորից ասեմ, որ սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների փաթեթը մի բան է ընդամենն ակնկալում, այն է՝ Սերժ Սարգյանի կողմից վերարտադրել սեփական իշխանությունը: Հետեւաբար, Հրանտ Մարգարյանը, մեղմ ասած, անկեղծ չէ իր տեսակետի մեջ:

-Բայց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը ցավում է նրանց համար, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխություններին, քանի որ, ըստ Հ. Մարգարյանի, այդ կերպ նրանք ոչ միայն խաբում են իրենք իրենց, այլեւ փորձ են անում ապակողմնորոշել ժողովրդին իրենց «վերարտադրման» եւ այլ հեքիաթներով:

-Ես Հրանտ Մարգարյանին առաջարկում եմ փողոց դուրս գալ ու հարցում անցկացնել, արդյո՞ք կգտնվի մի քաղաքացի… գոնե քաղաքացիների մեկ տոկոսը, որը կասի, թե մեզ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, ու այդ փոփոխությունների հետ կապված նրանք ակնկալիքներ ունեն: Հետեւաբար, ապակողմնորոշման մասին խոսելը ես կարծում եմ, որ քաղաքական նպատակ է հետապնդում: Չեմ ուզում ավելին ասել, բայց պետք է նշեմ, որ ապակողմնորոշում է հանրապետական կուսակցությունը, իսկ նրան աջակցում է Հրանտ Մարգարյանը, որովհետեւ չեմ ցանկանում խոսել ամբողջ դաշնակցության անունից: Իրականությունը սա է, որին շատ լավ քաջատեղյակ է մեր ժողովուրդը:

-Իսկ գուցե ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հաջողվի՞ ժողովրդին ապացուցել, որ լավագույնը ՀՀ-ի համար սահմանադրական բարեփոխումներն են: Նման հայտարարությունները չե՞ն կարող փոխել ժողովրդի մտածելակերպը:

-Չեմ կարծում: Եթե ԱԺ-ի առնվազն 4 խմբակցությունները չեն աջակցում այդ նախաձեռնությանը, ուրեմն դաշնակցությունը թող չմտածի, որ ամենախելոքն իրենք են ու միայն իրենք են հասկանում՝ ինչ է անհրաժեշտ Հայաստան երկրին, որպեսզի բարեփոխումներ լինեն, ու զարգացում լինի: Կարծում եմ, որ մյուս խմբակցությունները ոչ պակաս մտահոգ են երկրի ճակատագրով եւ ոչ պակաս են անհանգստանում, թե իրականում Սերժ Սարգսյանն ինչ նպատակ է հետապնդում:

Կարծում եմ, որ ժողովուրդն արդեն ինքը հասկացել է, թե իր համար որն է լավ, որն է վատ: Ու չեմ կարծում, որ այսքանից հետո ժողովրդին կարելի է ապակողմնորոշել, հայ ժողովուրդն ինքը գիտի, թե ումից ինչ է ուզում, եւ ինչն է նրա պահանջը: Մտածելակերպ փոխել այլեւս անհնար է, մարդիկ բոլորին լավ գիտեն, գիտեն, թե իրականությունը որն է:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս