ՄՏՆՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՐԴԻ ԳՐՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում շարունակվում է անհատ տաքսու վարորդների հետեւողական պայքարը: Հերթական ակցիան դարձյալ կայացավ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում: Վարորդները քննարկեցին այն հարցը, թե ինչ բովանդակություն է ունենալու ՀՀ նախագահին,  վարչապետին, մարզից ընտրված պատգամավորներին ուղղված դիմում-բողոքը:
Հարկ է նշել, որ ներքին անհամաձայնություն կա վարորդների շրջանում: Ոմանք առաջարկում են, որ պետությունը ողջամիտ գին սահմանի, եւ իրենք պարտավորվեն ամեն ամիս վճարել սահմանված գումարը, արտոնագիր ձեռք բերեն եւ կարողանան ազատորեն շարունակել իրենց աշխատանքը: Սակայն կան նաեւ վարորդներ, որոնք պնդում են, որ շարունակելու են զբաղվել նույն գործով՝ չմտնելով հարկային դաշտ, քանի որ առանց այն էլ իրենք բավականին մեծ գումարներ են վճարում:
«Տեխասմոտր կուդանք, ԱՊՊԱ կուդանք, էս կտրոններին փող կուդանք: Եկե՛ք հաշվենք, ու կհամոզվեք, որ իմ աշխատած գումարը հազիվ իմ ընտանիքիս ու ավտոս պահելուն կբավականացնե: Էլ ի՞նչ տամ պետությանը»,-ասում է տաքսու երկարամյա վարորդ Սեւակ Ամիրբեկյանը:
Հատկապես դեղին պետհամարանիշերով աշխատելու պարտադրանքը շատերը համարում են անտրամաբանական եւ պնդում, որ եթե իրենք համակերպվեն օրենսդրական այդ կարգավորման հետ, ապա չեն կարողանա հատել հանրապետության սահմանը, լինել, ասենք, հարեւան Վրաստանում:
«Մեր տեղաշարժման ազատությունը սահմանափակում են, չեն թույլատրում, որ ես ազատ ուղեւորափոխադրում իրականացնեմ: Փորձում են մտնել մեր դատարկ գրպանները: Թող հսկիչ բերեն, որը կնստի մեկնումեկիս կողքը, եւ հաստատ կտեսնեն, որ օրական հազիվ 2.000-3.000 դրամ ենք աշխատում»,-ասում է ինժեներ-վարորդ Սարգիս Պապոյանը: Նա առաջարկեց, որպեսզի ակցիայի մասնակից վարորդները պատկան մարմիններից պահանջեն ոչ թե օրենսդրական դաշտի կարգավորում, այլ աշխատանք:
«Հավաքվածներս տաքսու վարորդ չենք ծնվել: Մասնագիտություն ունենք, կրթություն: Մեկը պատշար է, մեկը՝ ինժեներ, մեկը՝ տեխնիկ: Թող աշխատանք տան, մենք էս գործից հրաժարվենք: Գիտեք մեզ հաճելի՞ է փոսերով ման գալ ու նայել, թե ով ձեռքը կտնգե, որ մի քանի մանեթ փող տուն տանինք:  22  տարվա մեջ մի քանի նորմալ աշխատատեղ չստեղծեցին էս իշխանությունները, բայց հիմի իրանցից դուրս թվեր կդնեն, որ փող պոկեն էս չունեւոր ժողովրդից»,-բարձրաձայնում էին ակցիայի մասնակիցները:
Մի քանի օր շարունակվող ակցիաները դեռեւս որեւէ պաշտոնական արձագանքի չեն արժանացել: Միայն մարզային իշխանություններն են խոստացել խնդիրը հասցնել համապատասխան ատյաններ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս