ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՍՊԱՍՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից Կառավարության երեկվա նիստում արած հայտարարությունը կարելի է բնորոշել որպես Հայաստանին սպասվող ծանր կացության պաշտոնական խոստովանություն: Վարչապետը, դիմելով Կառավարության անդամներին, ասել է, որ համաշխարհային տնտեսությունում վերջին տարիներին տեղի ունեցող վայրիվերումները տնտեսական պատերազմի դրսեւորում են: «Մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Այսպիսով՝ ՀՀ իշխանություններն առաջին անգամ հրապարակային խոստովանում են, որ աշխարհում ընթացող գործընթացների արդյունքում Հայաստանը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել:
Այս մասին են վկայում նաեւ երեկ հրապարակված պաշտոնական տվյալները: Մասնավորապես, երեկ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2014 թվականին Հայաստան եկած տրանսֆերտների ամփոփ տվյալները: Ըստ այդմ, 2014 թվականին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է մեկ միլիարդ 388 միլիոն 990 հազար դոլար: Նախորդ՝ 2013 թվականին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր մեկ միլիարդ 545 միլիոն 578 հազար դոլար: 2014-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ նվազել է 156 միլիոն 588 հազար դոլարով, կամ նույն է թե՝ ավելի քան 10 տոկոսով: Ավելին՝ հիմնական անկումն արձանագրվել է անցած տարվա վերջին երեք ամիսներին: Մասնավորապես, անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 64 միլիոն 776 հազար դոլար: Սա այն դեպքում, որ դեկտեմբերին միշտ տրանսֆերտների ներհոսքը միջին ցուցանիշից ավել է եղել: Ասենք՝ 2013-ին դեկտեմբերին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 141 միլիոն 517 հազար դոլար: Դեկտեմբերի անկումը կազմել է 54 տոկոս: Ի դեպ, նոյեմբերին էլ անկումը շուրջ 40 տոկոս էր կազմել:
Ինչպես հայտնի է՝ Հայաստան եկող տրանսֆերտների 90 տոկոսը ստացվում է Ռուսաստանից: Վերը բերված անկումն էլ պայմանավորված է Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումներով: Այսինքն՝ եթե Ռուսաստանի տնտեսությունը պահպանի ներկայիս մակարդակը, ապա 2015-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը լավագույն դեպքում կազմելու է 50-60 միլիոն դոլար: Տարվա կտրվածքով այդ ցուցանիշը կկազմի մոտ 700 միլիոն դոլար: Անկումը կկազմի մոտ 800 միլիոն դոլար: Այդ «պակասորդի» արդյունքում Հայաստանի տնտեսությունում հնարավոր շղթայական բացասական հետեւանքները դժվար է անգամ կանխատեսել: Սակայն իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակը միայն այս` 2015 թվականով չի սահմանափակվում: Այսինքն՝ աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, որտեղ բացառությամբ մի քանի հետխորհրդային թույլ եւ տոտալիտար կառավարում ունեցող երկրների՝ մնացած բոլորը լծվել են Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելու խնդրի լուծմանը: Մոտ ապագայում ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն Ռուսաստանի «կապիտուլացիայի» դեպքում: Մնացած բոլոր տարբերակներով այս տնտեսական պատերազմը շարունակվելու է: Այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստան եկող տրանսֆերտները ո՛չ 2016-ին, ո՛չ 2017-ին եւ ո՛չ էլ դրանից հետո չեն ավելանա: Այն տնտեսական ճգնաժամը, որում Հայաստանը հայտնվել է 2008-2009 թվականներից, տարբերվում է հենց այս պատճառով: Նախորդ ճգնաժամը միջազգային էր, եւ դրա դեմ պայքարում էին բոլորը, այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները որոշ ժամանակ դիմանային եւ անգամ ոչինչ էլ չանեին, ինչպես որ վարվեցին, ապա միեւնույն է՝ իրավիճակը կկարգավորվեր: Իսկ այժմ նրանք չեն կարող հույսեր տածել, որ իրավիճակը մոտ ապագայում կկարգավորվի:
Թերեւս վերը բերված գործոններով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս տարվա սկզբից ՀՀ իշխանությունները փորձում են արտաքին աշխարհից 800 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար ներգրավել, բայց առայժմ՝ ապարդյուն:
Ի դեպ, ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականի դեկտեմբերին հաշվետվություն ներկայացնողների ընդհանուր թիվը կազմել է 90 հազար 542: 2013 թվականի դեկտեմբերին հաշվետվություն ներկայացնողների թիվը եղել է 123 հազար 195: Հաշվետվություն ներկայացնողները տվյալ դեպքում տնտեսվարողներ են, այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի տնտեսվարողների թիվը 32 հազար 653-ով կամ 26.5 տոկոսով նվազել է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼԻ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազի՝ նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանը պաշտոն ստանձնելու առիթով հունվարի 26-ին գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր է ներկայացրել: Պարզվում է, որ փաստաթուղթը կազմելու դրությամբ դատախազի տեղակալն ունի 56 միլիոն 750 հազար դրամ դրամական միջոց: Ըստ նույն հայտարարագրի՝ նրա աշխատավարձն անցած մեկ տարում կազմել է 1 միլիոն 972 հազար 402 դրամ, սակայն ունեցել է նաեւ այլ վարձատրություն` աշխատանքի վարձատրությանը հավասարեցված, որը կազմել է 4 միլիոն դրամ: Բացի այդ՝ ՀՀ գլխավոր դատախազի նոր տեղակալը հայտարարագրել է նաեւ 5 միլիոն 400 հազար դրամի եկամուտ, որը նա ստացել է վարձակալության դիմաց: Իսկ թե ինչեր է նա վարձով տվել, չի մանրամասնել:
 

«ԿԱՆՏՐՈԼԻ» ՏԱԿ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ ինքն հանդիպել է Կապանի առեւտրականների հետ ու համաձայնության եկել: Նախօրեին Կապանի առեւտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել` բողոքելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի աղմուկ հանած դրույթի դեմ: «Մեզ մոտ առեւտրականները խնդիր չունեն, իրենց մոտ 50 դրամի առեւտուր չկա, դա իրենց վրա չի ազդում, մի երկու աղջիկ էին էդ ակցիաները կազմակերպել, երեւի իրենք էլ Երեւանի հետ կապ ունեին, իրենք էին ուզում նման բան անել, փորձեցին ինչ-որ բան կազմակերպել, բայց քանի որ հասկացան, որ դա իրենց չի վերաբերում, թեման փակեցին»,- ասաց Սուրեն Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ իրենց մարզում ամեն ինչ նորմալ է: Ավելին՝ նա հայտարարեց, որ այսօրվանից Սյունիքի մարզում հացը 40 դրամով կէժանանա: Իսկ թե ինչպես պետք է դա տեղի ունենա, նա հետեւյալ կերպ ներկայացրեց. «Ամբողջ մարզում էժանանալու է, ալյուրը եթե էժանանում է, իրենք էլ պետք է էժանացնեն, ես հանդիպել եմ ու իրենց հետ խոսել եմ, ու այսուհետ այդպես կլինի, գազն էլ 200 դրամ է, ամեն ինչ կանտրոլի տակ է, ամեն ինչ նորմալ է»,- հայտարարեց Սյունիքի մարզպետը:
 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, մեկնարկելու է ԱԺ գարնանային նստաշրջանը: Նստաշրջանի ավարտից հետո նախատեսվում է ոչ իշխանական եռյակի առաջնորդների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննսիյանի հանդիպումը: Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ հենց այդ հանդիպման ընթացքում կորոշվեն ոչ իշխանական եռյակի հետագա քայլերը: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միասնական շտաբների ձեւավորման եւ համատեղ զանգվածային միջոցառումներում հակասություն տեսնել, շատ սխալվում են: Դրանք զուգահեռ գործընթացներ են, եւ այժմ միավորման ժամանակն է»,-ասաց Ռ. Հակոբյանը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2014 թ-ի ընթացքում ու մինչ այդ բազմիցս է հայտարարություն տարածել այս մասին»,- Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չի արձագանքում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով իրավիճակի սրմանը, Բորդյուժան ասել է. «Դուք մեզանից զինված արձագա՞նք եք սպասում: Ո՛չ, դա հնարավոր չէ, ու հակասում է ՀԱՊԿ կանոնադրությանը»:

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքին, հայտարարել է. «Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլեւ Կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարեւորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ՝ օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է… Կտրականապես դեմ լինելով որեւէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ, չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով… Իսկապես անթույլատրելի է խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ, ինչպես արդարացիորեն նշում են վերջիններիս ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ՝ իրենց ճնշելու համար»:

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Փետրվարի 6-ին Մոսկվայում կընթանա Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվելու է ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության հարցը: Նախատեսվում է քննարկել ինտեգրման օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են ԵՏՄ գործունեությանը, նորմատիվ-իրավական հիմքի զարգացմանը: Նիստի նախաշեմին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առանձին հանդիպումներ կանցկացնի` երկկողմ հրատապ հարցեր քննարկելու նպատակով:

 

ԻՍԿ ԵԹԵ ԻՄԱՆԱ՞Ր
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին տուգանվել է 50 դոլարով՝ Բոստոնի իր տան շեմի ձյունը չմաքրելու համար: Ոստիկանությունից պարզաբանել են, թե տուգանքի որոշումը կայացրած ոստիկանը չի իմացել, որ տվյալ տան սեփականատերը Քերրին է: Չմաքրված ձյան մասին ոստիկանությանն ահազանգել է պետքարտուղարի հարեւանը:

 

ՈՐ ԻՆ՞Չ ԱՆԵՆ
Խորհրդարանական եռյակն առաջարկում է հաջորդ շաբաթ նոր ձեւաչափով Գյումրիի ողբերգության հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել: Այս մասին երեկ եռյակի նիստի ավարտին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ լսումներին անհրաժեշտ է ԱԳ նախարարի, ոստիկանապետի եւ ԱԱԾ պետի մասնակցությունը:




Լրահոս