ԼՂՀ նախագահի ընտրությունները, ինչպես կասեին միջազգային դիտորդները, անցան առանց էական խախտումների: Բայց խախտումներ, բնականաբար, արձանագրվեցին:
Ընտրատեղամասերը բացվեցին ժամը 08:00-ին, փակվեցին 20:00-ին: «Ժողովուրդ»-ը եղավ Ստեփանակերտի եւ Ասկերանի տարբեր ընտրատեղամասերում, որտեղ փակցված էին նախագահի թեկնածուների քարոզչական պաստառները, եւ հիմնականում արձանագրվում էին կուտակումներ ու խառնաշփոթ: Նկատենք նաեւ, որ ԼՂՀ-ում քվեաթերթիկի համար հատուկ ծրար նախատեսված չէր, որպեսզի քվեարկողն իր քվեարկությունը կատարելուց հետո քվեաթերթիկը դներ ծրարի մեջ, նոր գցեր քվեատուփը: Ու հենց այդ պատճառով պարզ երեւում էր, թե որ բնակիչն ում է քվեարկել. քվեատուփ գցելուց հետո քվեաթերթիկը բացվում էր:
Նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ թիվ 9 ընտրատեղամասում փակցված էր ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի լուսանկարը: Սակայն մեր նկատողությունից հետո երեկ լուսանկարը հանվել էր պատից: Իսկ ընտրատեղամասի տարածքում փակցված ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանի լուսանկարը վառել էին: Նշենք, որ այն տեղամասերում, որտեղ եղավ «Ժողովուրդ»-ը, Արկադի Սողոմոնյանի վստահված անձինք չկային: ԼՂՀ բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, որ Սողոմոնյանը լուրջ չի վերաբերում ընտրություններին, վերջինս «դրածո» է՝ ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանից «ձայներ փախցնելու համար»:
Թիվ 27, 7, 8, 10, 33, 31, 12, 20 ընտրատեղամասում փակցված էին ԼՂՀ նախագահի երեք թեկնածուների նկարները: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու են անգամ ընտրության օրը քարոզչություն անում եւ մարդկանց ուղղորդում, թիվ 7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վալեր Սահակյանն ասաց, թե իրենք նման բաներին ուշադրություն չեն դարձնում, եւ դա չի կարող քարոզչություն համարվել: Չնայած թիվ 8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալիսա Սարգսյանը քաղաքացուն ասաց, որ կարող է նայել պատին փակցված նկարներին եւ իր քվեարկությունը կատարել:
«Ժողովուրդ»-ը եղավ նաեւ Ասկերանի թիվ 1 ընտրատեղամասում, որտեղ Վիտալի Բալասանյանի վստահված անձ Վաչիկ Բալասանյանից տեղեկացավ, որ Բալասանյանի վստահված անձանցից մեկին ծեծել են: Պարզեցինք, որ Ասկերանի Աստղաշեն գյուղի թիվ 4 ընտրատեղամասում Վիտալի Բալասանյանի վստահված անձ Արսեն Գրիգորյանին են ծեծել, որին Աստղաշենում ճանաչում են որպես Չեչեն Արսեն: Թիվ 4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լյովա Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչու են ծեծել: Վերջինս ասաց. «Ընտրական տեղամասում ոչ մի միջադեպ չի եղել, առավոտյան 08:15-ին Վիտալի Բալասանյանի վստահված անձը ներկայացել է տեղամաս: 10:50-ին տեղամասից դուրս է եկել, ոչ մեկին ոչ մի բան չի ասել, ու մենք նրան այլեւս չենք տեսել, միգուցե տեղամասից դուրս են ծեծել»: Եղանք նաեւ Արսեն Գրիգորյանի տանը, որտեղ նրա մայրն ասաց, թե Արսենն առավոտյան դուրս է եկել ու չի վերադարձել, իսկ վերջինիս հեռախոսն անհասանելի էր: Տեղեկացանք, որ Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրան մոտեցել են գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը եւ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, հարցրել, թե ինչու է համաձայնել Բալասանյանի վստահված անձը լինել: Երբ լսել են պատասխանը, Արմեն Ղահրամանյանը 2 անգամ հարվածել է Արսեն Գրիգորյանին եւ պահանջել, որ լքի տեղամասը:
Նշենք նաեւ, որ ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբից ընդամենը 1 դիմում է ներկայացվել ԿԸՀ՝ արձանագրված խախտումների վերաբերյալ: Շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանի փոխանցմամբ՝ երեկ՝ ժամը 11:00-ի սահմաններում, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի թիվ 10 ընտրատեղամասում խախտում է գրանցել Վիտալի Բալասանյանի վստահված անձը. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Հովհաննիսյանը 2 հոգու հետ մտել է քվեախցիկ, իսկ մեկ բնակչի թույլատրել են քվեարկել անձնագրի պատճենով: Տեղում արձանագրություն է կազմվել:
Երեկ՝ կեսգիշերին, Արցախից՝ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբից, «Ժողովուրդ»-ին նախնական տեղեկություններ տրամադրեցին, որ Մարտունու շրջանից 1076 ձայն ստացել է Բակո Սահակյանը, 1102 ձայն՝ Վիտալի Բալասանյանը: Մարտակերտի շրջանից Սահակյանը ստացել է 906, Բալասանյանը՝ 909 ձայն, Մալվալու՝ Բալասանյանը՝ 74, Սահակյանը՝ 52, Հադրութից, որը Բակո Սահակյանի ծննդավայրն է, 1260 ձայն ստացել է ԲՍահակյանը, 300 հոգի քվեարկել է Բալասանյանի օգտին:
Մենք դիմեցինք նաեւ Բակո Սահակյանի նախընտրական շտաբ, սակայն շտաբի պետ Սերգեյ Ղազարյանը հրաժարվեց մեզ տեղեկություն տրամադրել՝ ասելով, որ սպասում են ԿԸՀ պատասխանին:
Իսկ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բնակվող արցախցիներից 103 մարդ քվեարկել է Վիտալի Բալասանյանի օգտին, 314-ը՝ Բակո Սահակյանի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՆՏՈՐ ԷԼԱԶՅԱՆ
Ստեփանակերտ