Մենք հանդես ենք գալիս որպես տուժող կողմ. «ԱրմենՏել»-ի տնօրենը` ընկերության չարաշահումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, անդրադառնալով ընկերության նախկին տնօերն Իգոր Կլիմկոյի կողմից թույլ տրված չարաշահումներին, կարծիք հայտնեց, որ ընկերությունը ցուցաբերել է մաքսիմալ օժանդակություն գործի բացահայտման համար, ինչպես նաեւ մշտապես կապի մեջ են եղել բոլոր մարդկանց հետ, որոնք զբաղվում են հետաքննությամբ:

Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլից Իգոր Կլիմկոն «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն 4 տարի ղեկավարելով այս ընկերությունը՝ 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, լքեց Հայաստանը: Այդ ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ նրա անսպասելի հեռանալը պայմանավորված է ֆինանսական չարաշահումների հետ: Արդյունքում՝ մեկ տարին անց՝ հուլիսի 10-ին, տեղեկություններ տարածվեցին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 6 մլն դոլարի յուրացման մասով: Այս գործով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվեց «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի տեխնիկական գործով տնօրեն Վլադիմիր Սաչկովը, իսկ Հայաստանում կալանավորվեց «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը, որի մասով գործն արդեն մտել է դատարան: Իսկ նախկին տնօրեն Կլիմկոն մինչ օրս փախուստի մեջ է:

-Պարո՛ն Պյատախին, ի՞նչ կասեք Ձեր կողմից ներկայումս ղեկավարվող ընկերության նախկին տնօրենի յուրացումների եւ փախուստի մասին:

-Ես չեմ կարող ասել, թե որտեղ է գտնվում Իգոր Կլիմկոն, որովհետեւ երեւի թե համապատասխան մարմինները պետք է իմանան, բայց կարդում եմ տեղեկությունները, որոնք զետեղված են մամուլում: Ինչպես նաեւ կարդում եմ Իգոր կլիմկոյի պատասխանները: Ուզում եմ խոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր:

Դառնալով ընկերության ղեկավար՝ մենք սկսեցինք աշխատել, աշխատանքային գործունեության ստուգումների արդյունքում մեր կողմից փաստեր հայտնվեցին, որոնք հարցեր առաջացրին, եւ անմիջապես ստանալով այդ փաստերը՝ մենք հանձնեցինք համապատասխան մարմիններին, ովքեր սկսեցին հետաքննությունը:

Հետաքննությունը սկսվել է դեռեւս 2014թ.: «ԱրմենՏել»-ը՝ մենք, բացահայտ կերպով աջակցում ենք ցանկացած հարցով, համապատասխան տեղեկատվությամբ: Այս պատմության մեջ, իհարկե, պոտենցիալ կերպով տուժող կողմը մենք ենք, ուստի մենք նույնպես ցանկանում ենք, որ գործը բացահայտվի, եւ այս պատմությունը փակվի, գնա:

Ի վերջո, եթե մենք ինչ-որ բան կորցրել ենք կամ կորուստներ ենք ունեցել, կորուստներն, անպայման վերադարձնենք: Եկեք՝ ինչ-որ մեղադրանքներ չհնչեցնենք մեր կողմից մինչ դատական ակտի կայացումը, հատկապես, որ ես դրա իրավունքը չունեմ, որովհետեւ համապատասխան մարմինները, ինչպես արդեն նշեցի, զբաղվում են դրանով: Կրկին անգամ եմ նշում, որ մենք ինքներս հանձնեցինք տեղեկությունը, որոնք տեսել էին համապատասխան մարմինները: Մեր կողմից ցուցաբերել ենք մաքսիմալ օժանդակություն, կապի մեջ ենք այն բոլոր մարդկանց հետ, որոնք զբաղվում են հետաքննությամբ: Այժմ միայն նրանք ունեն իրավունք՝ անելու որեւէ մեկնաբանություն կամ հայտարարություն:

-Իսկ Դուք անձամբ ճանաչե՞լ եք եք Իգոր Կլիմկոյին: Նա կարո՞ղ էր գնալ այդպիսի քայլի:

-Իգոր Կլիմկոյի հետ ծանոթ եմ շատ վաղուց: Եւ այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ լավ էր, լավ հարաբերությունների մեջ էինք: Բայց ես չեմ տեսել նրան արդեն շատ-շատ վաղուց:

-Ի վերջո, արդեն անցել է գրեթե մեկ տարի, եւ նրան չեն հայտնաբերել, հույս ունե՞ք, որ այս գործը կբացահայտվի:

-Կներեք, գործը չի կարող հիմնվել ենթադրությունների հիման վրա, նույնիսկ օդերեւութաբանները չեն կարող ասել, թե երեք օրից ինչ եղանակ է սպասվում: Կարեւորն այն է, որ համապատասխան մարմինները զբաղվում են դրանով: Մենք ստանում ենք ինչ-որ հարցադրումներ, տեսնում ենք ակտիվություն այդ գործում, մեզ համար դա լավ նշան է: Վերջնական որոշումը կայացնողը դատավորն է, եւ մենք այստեղ հանդես ենք գալիս որպես տուժող կողմ եւ ցուցաբերում մաքսիմալ աջակցություն:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս