«4 երեխաներիցս ամենահոգատարը նա է». Հանքավանում ծեծի և կողոպուտի ենթարկված կինը` որդու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 4-ի իր համարում հայտնել էր, որ փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան համայնքում երեկոյան երկու հոգի նռնակով ու դանակով մտել էին գյուղի բնակիչ Վարդուհի Չիչյանի տուն և գումար պահանջել:

Հանցագործներին «դիմավորող» Վարդուհին տանը եղած 1 միլիոն 200 հազար դրամն իր ձեռքով տվել է դիմակավորված անձանց: Այսօր արդեն տիկին Վարդուհու որդիներից մեկն է կասկածվում կատարվածում:

Armlur.am-ի հետ զրույցում տուժած կինը վստահեցրեց, որ չի հավատում առաջ քաշված վարկածին: Որդին, նրա խոսքով, նման բան անել չէր կարող: «Չորս երեխաներիցս ամենանվիրվածն ու հոգատարը նա է: Ո´չ խաղամոլ է, ո´չ պարտքեր ունի, որ ասեմ` դրա պատճառով նման բան կաներ: Ես երբեք նրանից գումար չեմ պահել, միշտ տվել եմ: Բացառվում է, որ որդիս կարող էր նման բան անել: Ոչ մի տղա իր` ինֆարկտ տարած մոր նկատմամբ նման բան չէր անի»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով` իրենց ձեռք բերածը միայն արդար քրտինքով է եղել, ինչը քաջ գիտակցում է նաև որդին:

«Ես գիտեմ, որ հիմա ուրիշ կասկածյալ էլ կա: Շատ հնարավոր է, որ որդուս անունը շոշափում են, որպեսզի փակեն կամ ուրիշ ուղղությամբ տանեն գործը: Հիմա քննությունը շարունակվում է, տեսնենք` ինչ կպարզվի, ըստ այդմ էլ հետևություններ կանենք: Որդիս ու ես նույն շենքում ենք ապրում, ուղղակի ես մի հարկ վերև եմ իրենցից բնակվում: Ամբողջ ցերեկը տղայիս տանն եմ լինում, իսկ երեկոյան իմ տուն եմ բարձրանում»,- վրդովված ասաց Վարդուհի Չիչյանը` հավելելով, որ կատարվածի պատճառով հոգեկան մեծ ապրումների մեջ է ընկել, իսկ որդու անունը շրջանառվելուց հետո իրենց տանն ավելի անհանգիստ վիճակ է սկսել տիրել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր նաև, որ Հանքավան համայնքի բնակիչ Վարդուհի Չիչյանն ունի 4 որդի և մեկ դուստր: Վարդուհի Չիչյանը Հանքավանի բազմաբնակարան շենքում ապրում է իր որդիներց մեկի հետ: Դեպքի օրը Վարդուհու ամուսինը, հարսը և որդին հրավիրված են եղել Արարատի մարզ՝ հարսանիքի, իսկ տանտիրուհին մնացել է տանը` թոռնիկների հետ:

Դեպքի օրը երկու հոգի հարձակվել են կնոջ վրա և հարվածել նրան. «Ընկա գետնին, գլուխս բարձրացրի, տեսա երկու հոգու՝ դիմակներով, դանակ կար ձեռքներին ու նռնակ: Այդ տղաներից մեկն ինձ ասաց՝ ձենդ կտրի՛, մի ծպտուն չհանե՛ս: Հետո այդ դիմակավորվածներից մյուսը ասաց. «Մենք գիտենք, որ քո մարդը լավ էլ փողեր ու դոլարներ ունի, դավայ, շուտ հանի՛: Ասի՝ տղե´ք ջան, հիվանդ կին եմ, ինձ ձեռք մի՛ տվեք: Բերեցի, դողդղալով այդ տան եղած 1 միլիոն 200 հազար դրամը տվի, ու թողեցին, գնացին,- ավելի վաղ պատմել էր տուժած կինը, ապա հավելել. «Տանում-բերում են տղերքիս և ասում են, թե միգուցե քո տղաներից մեկը լինի: Իմ տղաները լավ տղաներ են, կարող է՝ մեկ ուրիշի տղաները նման բան անեն, բայց` ոչ իմ երեխաները: Ես իմ երեխաների համար չեմ խնայել ոչ մի բան: Չեմ կարող պատկերացնել, որ մի տղա իր անօգնական մորը այդ վիճակում կգցի, տփել կտա, ինչ է թե փող տանի: Ամեն մայր իր երեխուն ճանաչում է: Եթե ես իմանայի, որ իմ որդին խաղացող է ու պարտքի տակ է ընկել, ապա անկախ ամեն ինչից կօգնեի: Բայց իմ երեխաներն այդպիսինը չեն: Չգիտեմ՝ ինչ կլինի»:




Լրահոս