«ԲՀԿ-ն ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում». ինչու են լքում ԲՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցը ստացել է Աբովյանի քաղաքային համայնքի ԲՀԿ անդամ ավագանիների դիմումները` կուսակցությունում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին: Դիմումներ են ներկայացրել նաև գյուղական համայնքների ԲՀԿ-ական 26 ղեկավարներ:

Armlur.am-ը փորձեց նրանցից ճշտել, ինչո՞ւ են որոշել դադարեցնել կուսակցությանն իրենց անդամակցությունը, արդյո՞ք դա պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի հրաժարականով, թե՞ կան այլ պատճառներ: Մասնավորապես` հաջողվեց կապ հաստատել Զովք համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ, ով նախ ասաց, որ ԲՀԿ-ից դուրս գալն իր անձնական որոշումն էր. այն որևէ կապ չունի կուսակցության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների հետ: Մեր հստակեցնող հարցին, դա պայմանավորված էր Գագիկ Ծառուկյան անձի հրաժարականո՞վ, գյուղապետն ասաց.

«Ոչ, պարզապես կուսակցությունն այլևս չի կարող իրականացնել իր առջև դրված խնդիրները»,- ասաց նա: Դիտարկմանը` դա պարզ դարձավ միայն Ծառուկյանի հրաժարականից հետո՞, գյուղապետը դրական պատասխան տվեց:

Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսևանյանն էլ կուսակցությունից դուրս գալու իր պատճառը ներկայացրեց: «Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում»,- կարճ պատասխանեց գյուղապետը:

Իսկ Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը վաղուց էր ուզում դուրս գալ կուսակցությունից և վերջին իրադարձություններից հետո դիմում ներկայացնելը զուտ համընկնում էր: «Վերջին դեպքերի հետ կապված որևէ կապ չունի իմ դուրս գալը: Ես վաղուց էի ուզում դուրս գալ, պարզապես համընկավ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մի քանի համայնքների ղեկավարներ էլ հրաժարվեցին պատճառների մասին խոսել` միայն ևս մեկ անգամ հաստատելով, որ դուրս գալու դիմում են ներկայացրել:

Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել Աբովյանի տարածքի համայնքների 26 ղեկավարներ:




Լրահոս