Ավետիսյաններին սպանել են մեկ զենքից, նշանակվել է գենետիկական փորձաքննություն. Երեմ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը օրեր առաջ հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվող Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, բայց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դեռ չէին ծանոթացել դրանց:

Այսօր Armlur.am-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց, որ ծանոթացել են փորձաքննությունների եզրակացությանը և որոշ մանրամասներ ներկայացրեց:

«Փորձաքննության արդյունքերով պարզ է դարձել, որ դեպքի վայրում «աշխատել» է մեկ զենք` Պերմյակովին ամրակցված զենքը: Դա բավականին էական էր մեզ համար: Նաև դեպքի վայրից առգրավված «Պերմյակով» գրառմամբ զինվորական հագուստներն էին փորձաքննության ենթարկվել: Հագուստների և կոշիկների վրա հայտնաբերվել են քրտինքի հետքեր, որոնք արյան խմբային պատկանելիությամբ կարող է պատկանել Պերմյակովին: Այսինքն` եթե խումբն ուրիշ լիներ, բնականաբար կբացառվեր: Բայց քանի որ խումբը նույնն է, նշանակում է, որ կարող էր քրտինքը Պերմյակովից առաջանալ: Բայց որպեսզի ավելի վստահ լինենք դրանում, արդեն իսկ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն: Պերմյակովի արյան խումբը և քրտինքի խումբը համապատասխանում են իրար»,- մանրամասնեց Երեմ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ դեպքի վայրում եղած հագուստի վրա հայտնաբերվել են մազեր, որոնք ևս, փորձաքննության արդյունքների համաձայն, համապատասխանում են Պերմյակովի արյան խմբին և վերջինից վերցված մազի նմուշներին:

«Ստացվում է` ունենք տվյալներ, որ հագուստները եղել են Պերմյակովի հագին, բայց որպեսզի վերջնական ճշգրտված լինեն, պետք է գենետիկական փորձաքննության արդյունքներն էլ ստանանք: Նաև նշեմ` դեպքի վայրից հայտնաբերվել են ծխախոտի մնացորդներ, որոնցից 3 հատի վրա հայտնաբերվել է թքի հետք, որը նորից խմբային պատկանելիությամբ համապատասխանում է Պերմյակովի արյան խմբին: Քրտինք, թուք և մազ. այս երեքի մասով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն: Այս փորձաքննությունից հետո ստացված պատասխանները մեզ համար շատ էական կլինեն այն առումով, որ կհասկանանա` նա իրականում այնտեղ գտնվել է, թե ոչ: Զենքի մասով ևս հետագյում փորձաքննություն կիրականացվի: Այս պահի դրությամբ ամենաէական հանգամանքները սրանք են»,- ասաց Երեմ Սարգսյանը և հավելեց, որ դատագենետիկական փորձաքննությունների մի մասը կատարվում է, իսկ մյուս մասն էլ նոր է նշանակվել և եզրակացության վերաբերյալ հստակ ժամկետներ չի կարող նշել:
«Կարծում եմ` շուտ կլինի, քանի որ մենք ևս խնդրել ենք, որ սեղմ ժամկետներում կատարվի»,- ավելացրեց Սարգսյանը:

Փաստաբանը, սակայն, չշտապես բացառել այն վարկածը, թե սպանությունը կատարվել է մի քանի հոգու կողմից: «Այս պահին նման բան բացառել չենք կարող: Այս պահին կոնկրետ փորձաքննությունների արդյունքներով չունենք այլ անձանց մասին վկայող ինչ-որ տվյալներ: Բայց, այս փուլում այս եղած տվյալներով չենք կարող բացառել, որ այլ մարդիկ չեն եղել դեպքի վայրում»,- եզրափակեց Երեմ Սարգսյանը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս