«ՉԳԻՏԵՍ` ԻՆՉ ԱՍԵՍ, ՈՆՑ ՍՓՈՓԵՍ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով ընթերցողին առավել հայտնի է սերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից, առաջիկայում հեռուստադիտողին կներկայանա նոր կերպարներով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ստեղծագործական պլանների մասին, խոսել է նաեւ անձնական կյանքից եւ ասել, որ ամուսնանալու մասին դեռ չի մտածում:

-Ռոզի՛, վաղուց է` Ձեզ էկրաններին չենք տեսել, հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Հ1-ը Ցեղասպանության թեմայով դոկումենտալ ֆիլմ է նկարահանում, որում ունեմ իմ զբաղվածությունը: Կա նաեւ կատակերգական ժանրում գեղարվեստական մի ֆիլմ, որի շրջանակում եւս ընդգրկված եմ, դեռեւս մանրամասներ չեմ հայտնի: Սրան զուգահեռ աշխատում եմ թատրոնից չկտրվել, ընդգրկված եմ անտերպրիզային ներկայացումներում, երբեւէ չեմ մասնակցել խաղացանկային ներկայացումների. դա, կարելի է ասել, իմ անձնական կապրիզն է:
-Հանդիսատեսը Ձեզ համարում է ազատ մտածող դերասանուհի, Դուք մեկն եք, ումից ակնկալում են համարձակ դերեր: Սպասումներն առաջիկայում կարդարացվե՞ն:
-Ես այդ հարցին նայում եմ հետեւյալ տեսանկյունից` դեր առաջարկողի մոտեցումները որքանո՞վ են պրոֆեսիոնալ, ինչպե՞ս են մոտենում հարցին, ինչպե՞ս է մատուցվելու երեւույթը: Էական է` այդ բաց տեսարանները գործի կարեւորագույն մասն են, թե՞ արվում են փիարի համար: Իհարկե, կարող են լինել առաջարկներ, որոնցից ես կհրաժարվեմ, սակայն եթե գործն արվում է պրոֆեսիոնալ կերպով, իմ անձնական կապրիզն ու մոտեցումը մղվում են երկրորդ պլան:
-Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ գեղարվեստական ֆիլմերում Ձեր կերպարները մշտապես կատակերգական են, իսկ, ահա, սերիալներում` տրագիկ, «լալկան»…
-Այդ կատակերգական ֆիլմերում իմ կերպարները շատ կոմիկական չեն: Իսկ ընդհանուր երեւույթը կապված է այն հանգամանքի հետ, որ կոմեդիաները հեշտ վաճառվող են, սերիալների հերոսներն էլ, ըստ որոշ կարծիքների, որքան դժբախտ լինեն, այնքան մեծ լսարան կհավաքեն, քանի որ հեռուստադիտողը կսկսի ապրել նրանց կյանքով, հետեւաբար սերիալը կունենա բարձր վարկանիշ:
-Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ Հայաստանում տեսակ ունեցող դերասանները չեն առանձնանում ընդհանուրից: Այս առումով ձուլվելու վտանգ չկա՞:
-Մենք ունենք շնորհալի դերասաններ, սակայն չկան համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք կարողանան առանձնանալ եւ աճել: Քո առջեւ դրվում է կոնկրետ խնդիր, եւ նշվում է այն ներկայացնելու կերպը: Երկար քննարկումների ժամանակ չկա, մոտեցումն էլ մակերեսային է: Ուստի կա՛մ պետք է չհամաձայնես այն կատարել, կա՛մ պետք է ձուլվես: Այդ ձուլվելու վտանգը, միանշանակ, կա: Դերասաններին այս դեպքում չեմ կարող մեղադրել: Ի վերջո, տվյալ իրավիճակում նրանք չեն, որ թելադրողի դերում են:
-Փաստորեն, անելանելի վիճակ է ստեղծվել:
-Մշակույթի ոլորտի ապագան այսօր մեր երկրում չեմ տեսնում, ու չկա որեւէ ելք: Հիշում եմ, թե տասը տարի առաջ ինչ հույսեր էի կապում իմ ասպարեզի հետ, իսկ հիմա սպասելիքներս այլ են, բոլորովին այլ կերպ եմ մտածում: Այս պայմաններում չգիտես` քեզնից հետո եկող սերնդին ինչ ասես, ոնց սփոփես… Նրանցից շատերն, օրինակ, չեն կարողանում մտնել հեռուստատեսություն, երբեմն էլ գնում են թատրոն, այնտեղից ասում են` դու ճանաչված դեմք չես, ու չեն ընդունում: Հետո էլ տեսնում են քո հուսահատությունը, իսկ դու ինչ էլ ասես` կարող ես վնասել նրանց:
-Ռոզի՛, գիտենք, որ թե՛ մինչեւ ճանաչվելը, թե՛ դրանից հետո Ձեր ուղին հեշտ չի անցնել, ստիպված եք եղել գումար վաստակելու համար մի շարք ոչ մասնագիտական գործերով զբաղվել: Կպատմե՞ք:
-Այո՛, շատ գործեր եմ արել, օրինակ` 17 տարեկանում վաճառողուհի եմ եղել. տարիքս չէր համապատասխանում, բայց ես աշխատում էի… Հետո որպես մատուցող եմ աշխատել, նոր միայն դարձել եմ բարմեն: Երբեք չեմ զլացել աշխատել: Ոչ մի տեսակի գործ անելն էլ ամոթալի չէ: Իմ ներսում այդ առումով ճանաչված լինելուց հետո ոչինչ չփոխվեց:
-Թե՛ Դուք, թե՛ Ձեր նշանածը բավական հագեցած գրաֆիկով եք ապրում, չե՞ք վախենում, որ ամուսնությունից հետո խնդիրներ կծագեն:
-Անկեղծ ասած` դեռ չենք մտածում ամուսնության մասին: Իմ նշանածը բարմեն է, փորձում ենք իրար օգնել` ինչով կարող ենք: Ինքս ընտանիքի ներսում խուճապի տրվող մարդկանցից չեմ: Գիտեք` երբեմն ծանրաբեռնված գրաֆիկ ունենալը լավ է. պարապ մարդու մոտ վատ մտքեր են գալիս…

 

 

 

 

 
«ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ Է ԿԱՇԱՌԵԼ, ԱՌՆԵԼ»

Դերասան, շոումեն Հովհաննես Ազոյանը` Հովոն, խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում մեր շոու-բիզնեսի, կինոարվեստի խղճուկ վիճակի համար: Այս մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ` հավելելով, որ երբ ինքը նկարահանվում էր «Yere1» հեռուստանախագծի շրջանակներում, սկզբում դա իրեն դուր էր գալիս, ինքը դեռ երիտասարդ էր, շատ բան չէր հասկանում, իսկ հետո, երբ, նրա խոսքով, ծրագրի որակն ընկավ, ինքը դուրս եկավ նախագծից. «Դուրս եկա` հրաժարվելով գումարներից, հիմա փորձում եմ անճաշակ բան չանել, եթերում իմ բերանից վատ խոսք չհանել, ինձ զսպում եմ: Շատերին կխնդրեմ, օրինակ, ֆիլմում գռեհիկ բառեր չօգտագործել. դա հին մեթոդ է եւ անհետաքրքիր»,-ասաց նա:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ մի շարք քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ առանձնակի համակրանք ունեն իր կերպարների, նաեւ իր անձի նկատմամբ, Հովհաննես Ազոյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Երեւի իմ խոսացածը, իմ գործունեությունը հավանում են, հավատում են ինձ… Պաշտոնյաներին դժվար է կաշառել, առնել… Իսկ ինչո՞ւ պետք է ինձ չսիրեն…»:
Անդրադառնալով այն հարցին, թե լինելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «երկրպագուներից»՝ հնարավո՞ր է, արդյոք, Հովհաննես Ազոյանին տեսնենք Փաշինյանի նոր ստեղծվելիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում, դերասանը պատասխանեց. «Շատ եմ հավանում, սիրում Նիկոլ Փաշինյանին, նրան ազնիվ եմ համարում, նա ժամանակին իմ հերոսն է եղել, թեեւ դեմ եմ նման ֆետիշացմանը: Նրա արարքներով ես ոգեւորվեցի, հասկացա, որ պետք չէ լռել: Նիկոլ Փաշինյանը հիմա հետաքրքիր զարգացում է ապրում, սակայն, ինչպես հայկական հումորներից մեկում է ասվում, բոլորը սիրում են Փաշինյանին, բայց ոչ ոք չի ուզում հետն «ամուսնանալ»…»:
Խոսելով Հայաստանին անհրաժեշտ առաջնորդի կերպարի մասին` Հովհաննես Ազոյանը նկատեց, որ մեզ հիմա պետք է այնպիսի նախագահ, որը կամուրջ կհանդիսանա այսօրվա եւ ապագայի Հայաստանի միջեւ. «Ես Նիկոլ Փաշինյանին տեսնում եմ որպես այդ «կամուրջ»: Նրա միջոցով մենք կարող ենք ապագայում ունենալ լավ նախագահ»,-ասաց դերասանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ
Ուկրաինայի խորհրդարանի գրադարանում կայացել է «Հիշողության հարյուր գարուն» խորագրով ցուցահանդեսի բացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցադրվել են լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր: Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Ուկրաինայի հայերի միության անդամները, մտավորականներ: Նույն օրը Ուկրաինական տանը կայացել է եւս մեկ ցուցահանդես` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին:

 

ԿՅԱՆՔԻՑ  ՀԵՌԱՑԵԼ Է
Բեյրութում մահկանացուն է կնքել գրող, լիբանանահայ մշակութային կյանքի երեւելիներից մեկը՝ երկարամյա ուսուցիչ, լրագրող, հասարակական գործիչ Պեպո Սիմոնյանը (Պետրոս Գալայճյան): Այս մասին տեղեկացնում են Հայաստանի գրողների միության վարչությունից:
Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջին կաթողիկոսը նրան պարգեւատրել էր Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ 2012թ. գրողը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արժանացել էր «Մովսես Խորենացի» մեդալի:

 

ՄՏԱԴԻՐ ԵՆ ԳՆԵԼ ԽՈՒՄԲԸ
Օրերս լուրեր էին շրջանառվում այն մասին, որ 22-ամյա Զեյն Մալիկը` One Direction-ի անդամներից մեկը, հեռանում է խմբից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խմբի մենեջերները որոշել են լիովին վերահսկողություն սահմանել ծրագրի վրա, որպեսզի տղաները չկարողանան լքել խումբը: Դրանից հետո One Direction-ի երկրպագուները փորձում են ամեն կերպ օգնել սիրելի խմբին: Նրանք հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: Երկրպագուները հայտարարել են, որ ոչ ավել, ոչ պակաս` մտադիր են գնել խումբը, որպեսզի տղաները կարողանան ազատ զգալ իրենց եւ անկախ ստեղծագործել: Նրանք պատրաստվում են հավաքել 87 միլիոն դոլար: Երկրպագուներին առայժմ հաջողվել է հավաքել 1592 դոլար:




Լրահոս