Ֆրանկոֆոն խորհրդարանականները Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահներն ընդունեցին հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Հայտարարության մեջ նշվում է.

«Մենք, ֆրանսերենը որպես ընդհանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, 2015թ. մարտի 31-ի Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի սեկցիաների նախագաների համաժողովում հավաքվելով՝

-հաստատելով մեր պարտավորությունները ի շահ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, Ֆրանկոֆոնիայի տարածքում անվտանգության և դրա համաշխարհային արժեքների,

-քաջալերելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին հետամուտ լինել ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի Հռչակագրի համաձայն ճգնաժամերի և հակամարտությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրականացմանը,

-ընդգծելով, որպես Ցեղասպանության ոճրագործություն որակավորված գործողությունների մինչ այսօր համաշխարհայնորեն ճանաչված չլինելու անընդունելիությունը և հիշեցնելով, որ նման ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի,

-դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը,

-ոգեկոչում ենք 1915թ. Հայերի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում,

-հրավիրում ենք Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը և ի վերջո ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ և թուրք ժողովրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա:

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:




Լրահոս