Վահագնի թաղամասի սեփականատերերը հանդիպել են Քարդաշյանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Քարդաշյանների ընտանիքը Հովնանյան ընտանիքի կողմից հողատարածք է նվեր ստացել Վահագնի թաղամասում: Այս մասին Քլո Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քորթնի և Ռոբ, մենք ստացել ենք հուշանվեր!!! Հողատարածք Հայաստանում!!!»:

Armlur.am-ը «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ից տեղեկանում է, որ Հովնանյան ընտանիքն այսօր հանդիպել է Քարդաշյան ընտանիքի հետ և նվիրել է հողակտոր Երևանի և Հայաստանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Վահագնի թաղամասում: Վահագն Հովնանյան կրտսերը ողջունել և բարի գալուստ է մաղթել Քարդաշյաններին իրենց նախնիների երկրում: Նախկինում ամերիկաբնակ Հովնանյանները, ովքեր վերաբնակություն են հաստատել Հայաստանում 2001-ին, այս նվերով շնորհակալություն են հայտնել Քարդաշյաններին իրենց հայկական ժառանգությունը հպարտորեն կրելու և ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար: Այս գեղեցիկ ժեստը նաև խորհրդանշում է Հովնանյան ընտանիքի նվիրվածությունն ու պատրաստակամությունը միավորելու ամբողջ աշխարհի հայերին` վերհիշելու անցյալը, հպարտանալու իրենց հայկական ժառանգությամբ և նպաստելու ազատ և անկախ հայ պետականության կայացմանը:

Վահագն Հովնանյան ավագը հայրենիքում իրենց տունը կառուցելու կոչով վերջերս դիմեց աշխարհով մեկ սփռված հայությանը՝  հայտարարելով, որ 100 տարի դրսում ապրելուց հետո ժամանակն է վերադառնալ տուն:

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ հասարակական գործիչներ և հեռուստատեսային աստղեր Քարդաշյանները՝ Քլոն, Քիմը և նրա ռեփեր ամուսին Քանյե Ուեսթն իրենց 22 ամսական դստեր` Նորթի հետ միասին, ինչպես նաև` Քարդաշյան զարմիկները, վստահորեն, հիանալի ժամանակ են անցկացնելու իրենց հայրենիքում: Նրանց նպատակն է վերադառնալ իրենց արմատներին և ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Նույնիսկ լինելով չորրորդ սերնդի ամերիկահայեր` Քարդաշյան քույրերը հպարտանում են իրենց հայկական արմատներով և միշտ նշում են, որ այն մեծ դեր է խաղացել իրենց կյանքում:

Իր խոսքում «Հովնանյան ինտերնեյշնլի» գործադիր տնօրեն և հիմնադիր Վահագն Հովնանյանի թոռը՝ Վահագն կրտսերը, նշել է. «Հարգելի Քարդաշյան ընտանիք, մենք նվիրում ենք Ձեզ այս հողը, քանի որ Հայաստանը ձեր տունն է: Պապիս երազանքը միշտ եղել է, որ բոլոր հայերն իրենց հայրենիքում ապրելու տեղ ունենան: Դա հնարավորություն կտա բոլորին բացահայտել և վայելել այս գեղեցիկ երկիրը և դրա հարուստ ժառանգությունը, կառուցել իրենց կյանքն այստեղ` Հայաստանում: Մենք հույս ունենք, որ դուք այսուհետ ավելի հաճախ կվերադառնաք հայրենիք»:

10985876_10153229923012302_1791156917597796717_n




Լրահոս