ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱ՞Կ Է
Նախօրեին բարձր ջերմությամբ Ստեփանակերտի թիվ 1 մանկապարտեզից 30-ից ավելի երեխա է տեղափոխվել Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոց: Բոլոր բժիշկներին անհապաղ կանչել են հիվանդանոց, որտեղ նրանք հերթապահել են մինչեւ ուշ գիշեր: Ըստ Ստեփանակերտի բժիշկներից մեկի` աղիքային հիվանդությունների վարակ է բռնկվել, որը կարող էր առաջանալ ջրից, սննդից կամ շփումից: Պաշտոնական պարզաբանումներ առայժմ չկան:

ԱՐՑԱԽԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի Հանրապետությունը միացել է «Օգնի՛ր եղբորդ» սիրիահայերի օգնության նախաձեռնությանը: «Արցախֆուրտ» ձեռնարկության պահեստից բեռնված մեքենան այսօր Երեւան կհասցնի տեղական արտադրության սննդամթերք: «Կառավարության որոշումն է՝ միանալ «Օգնի՛ր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությանը: Սա սննդի առաջին խմբաքանակն է: Օգնությունն այսքանով չի սահմանափակվի: Ով ով, արցախցին լավ գիտի, թե ինչ է նշանակում նեղության մեջ լինել, օգնության կարիք ունենալ: Մենք ապրել ենք 1988 թիվ եւ լավ ենք պատկերացնում Սիրիայի վիճակը: Մենք պետք է գիտակցենք, որ մեր հայրենակիցների վիճակը ծանր է: Սա ընդամենը փոքրիկ աջակցություն է, որը, սակայն, մեր հայրենակիցների մոտ վստահություն կառաջացնի, որ բարեկամները չեն մոռացել իրենց»,-երեկ ասել է ԼՂՀ նորանշանակ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ՀԱՑԻ ԽՆԴԻՐ
«Ոչ մի գրամ ցորեն չի արտահանվելու Արցախից: Ցորենի մթերման նվազագույն գինը պիտի լինի 150 դրամ 1 կգ-ի դիմաց: Մեկ պարկ ալյուրը (50 կգ)` 11 700 դրամ»,-այս մասին հայտարարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նախապես գիտի, որ այդ որոշման հետ կապված դժգոհություններ ու քննադատություններ շատ են լինելու,  հատկապես ցորեն մշակողների կողմից:
Այս քայլով գործադիրը փորձում է մեխանիզմներ մշակել Արցախում հացի գնի բարձրացումը կանխելու համար: «Դա բավական բարդ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ Արցախը Հայաստանի հետ գտնվում է տնտեսական նույն դաշտում: Առայժմ կձգտենք սեփական պաշարի միջոցով կանխել թանկացումը»,-ասել է Ա. Հարությունյանը:
Ցորենի արտահանումը արգելելու որոշումը միանշանակ չընդունվեց հաց արտադրողների կողմից: Ասկերանի շրջանի խոշոր մենատնտես Էդուարդ Ասլանյանի մտահոգությունն իրավիճակն է, որում կհայտնվի գյուղացին. «Պետք է գյուղացուն ազատ թողնել: Նման որոշումներով խեղդում ենք գյուղացուն, հեռացնում հողից: Դրա համար էլ բոլորը գալիս են քաղաք, մտածում են՝ ավելի լավ է տաքսի քշեն, քան հող մշակեն»:
Հարցի նկատմամբ այլ մտահոգություններ եւս կան: Օրինակ՝ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը մտավախություն ունի, որ ցորենը գյուղացուց կգնեն խոշոր մենատնտեսները, հետագայում, երբ սահմանափակումը հանվի, այն կվերավաճառեն տեղի հաց արտադրողներին կամ կարտահանեն Հայաստան:
Ավելացնենք, որ Արցախում բերքահավաքը գրեթե ավարտված է: Ստացվել է 103 հազար 13 տոննա բերք:

ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆ
Արցախ




Լրահոս