Հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատում հայտնաբերված յուրացումների ու չարաշահումների համար:
Ըստ պաշտոնական հայտարարության՝ Հովհաննիսյանն ամիսներ շարունակ նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող ծանր հիվանդներին ներգրավել է տուն-ինտերնատից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաեւ տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր եւ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածեցնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու եւ այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախ նշենք, որ սեպտեմբերի 18-ին «Հետք»-ում տպագրվել էր «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» հոդվածը: Դրա հիման վրա ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ. մայիսից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում աշխատանքային թերապիայի անվան տակ հիվանդներին տարել են Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք եւ ստիպել զբաղվել անասնապահությամբ:
Այնուհետեւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի «6»-րդ գլխավոր վարչությունը համապատասխան ստուգումներ է իրականացրել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում եւ հայտնաբերել չարաշահումներ: Մասնավորապես, ըստ նախապատրաստված նյութերի, նշված ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելու արդյունքում ընկերությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս: Նվեր Հովհաննիսյանը ս.թ. ապրիլից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1 մլն 302 հազ. դրամի նյութական վնաս: Պարզվել են նաեւ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 անձանց շահագործման դեպքեր:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի գյուղապետ Էդիկ Մինասյանի հետ, որը պատմեց. «Հովհաննիսյանն ինձ դիմել է գրավոր, խնդրել է, որ իրեն արոտավայր հատկացնեմ մինչեւ աշուն իրա ֆերմայի անասունների համար: Մենք էլ օրինական ձեւով հաշվարկել ենք, ինքը ներկայացրել է իր անասունների գլխաքանակի չափը: 80 հա օրինական, դակումենտով, պայմանագրով արոտավայր եմ հատկացրել իրեն: Գումարը կազմել է 155 հազար դրամ, որից 140-ը փոխանցել է, 15 հազար դրամի հարց է մնացել, չնայած մեկ տարի ժամկետով ենք պայմանագիր կնքել, թե ինքը կմուծի, թե ով, ես տեղյակ չեմ»:
Գյուղապետը նշեց, որ ինքը «գյուղի բյուջեի մասին» մտածելով է նման պայմանագիր կնքել Հովհաննիսյանի հետ, սակայն որեւէ տեղեկություն չունի՝ արդյոք Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հիվանդներին է բերել արոտավայր՝ աշխատելու. «Էդ չեմ կարա ասեմ՝ ինքը հիվանդներին բերել ա, թե չէ, ես ի՞նչ գործ ունեմ, նման հարցերով զբաղվեմ»:
Հավելենք, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելու համար միջնորդել էր Հովհաննիսյանի մորեղբոր տղան՝ ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Վերջինս ամիսներ շարունակ «ժրաջանորեն» աշխատում էր, որպեսզի Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակեն: Իսկ երբ ստացվեց, միասին էին կադրային հարցերը լուծում, որ Հովհաննիսյանը հեշտությամբ աշխատեր:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Թադեւոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նման մարդուն երաշխավորել այդ պաշտոնում: Վերջինս արհամարհական տոնով ասաց, թե դրանով պատկան մարմիններն են զբաղվում, եւ արագ քայլերով հեռացավ: Այդպես էլ պարզ չդարձավ՝ Թադեւոսյանը հրաժարվում է իր բարեկամից, թե պարզապես իր «կաշին փրկելու» համար է խուսափում խոսելուց:
Ինչեւէ, դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացում կատարելու համար:
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՐԵԿԱՄԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ