Այսուհետ մարտի 24-ին 3 ազգերի՝ հայերի, հույների և ասորիների ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով արտերկրից ժամանած ասորիների պատվիրակության անդամներ Վասիլի Շումանովին, Նորման Սոլխային, Շիբա Մանդուին, Սաբրի Աթմանին, Արսեն Միխայլովին, Էդվարդ Նադիրշահին և Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոևային:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով եղբայր ժողովրդի ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու և վշտակցություն հայտնելու համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած պատմական ուղուն՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ նրանց միավորում են ոչ միայն բազմաթիվ ընդհանրությունները, այլև երկու ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության ցավը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է այս տարի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարությանը և շեշտել, որ այսուհետ Հայաստանն անելու է հնարավորը, որպեսզի ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի և դատապարտի ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է նոր հանցագործության:

Ասորական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության կապակցությամբ և իրենց հերթին կարևորել ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործում ջանքերի համախմբումը: Հյուրերը նաև շնորհակալություն են հայտնել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ ասորական համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի և երկրորդ հայրենիք պարգևելու համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով այսուհետ ամեն տարի մարտի 24-ին երեք եղբայրական ազգերի՝ հայերի, հույների և ասորիների ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին:




Լրահոս