ArmLur.am-ը արձանագրեց, որ Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ներդնել նոր մեխանիզմ, որով քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց վճարած եկամտահարկի մի մասն ուղղել կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները համընդհանուր հայտարարագիրը լրացնելուց և հաստատելուց հետո էլեկտրոնային համակարգի միջոցով կկարողանան ընտրել այն կազմակերպությունը, որին ցանկանում են նվիրատվություն կատարել, և նշել փոխանցվող գումարի չափը։ Փաստացի գումարը կփոխանցվի պետական մարմինների միջոցով։
Կառավարության նախաձեռնության նպատակն է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ֆինանսավորման նոր աղբյուր ստեղծել՝ քաղաքացիների կամավոր նվիրատվությունների հաշվին։ Փաշինյանի գնահատմամբ՝ այս մեխանիզմը կարող է նպաստել քաղաքական համակարգի ինքնուրույնությանը, ՀԿ-ների զարգացմանն ու լրատվամիջոցների ֆինանսական անկախությանը։
Սակայն նոր համակարգի մի շարք կարևոր մանրամասներ դեռ հստակեցված չեն։ Մասնավորապես, հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են որոշվելու ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կազմակերպությունները, ինչ սահմանաչափեր են գործելու և ինչպես է վերահսկվելու գումարների բաշխումը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հարկային մարմինը հրապարակելու է համապատասխան կազմակերպությունների ցանկերը, իսկ դրանցում ընդգրկվելու պայմանները սահմանելու է կառավարությունը։
Նախագծի քննարկման ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները պետք է դրսևորեն իրավաչափ և բարեխիղճ վարքագիծ։ Նա նաև հայտնել է, որ լրատվամիջոցների համար նախատեսվում է մշակել «բարեխղճության միավորների» համակարգ։
Նոր մեխանիզմի վերաբերյալ հարցեր են բարձրացրել նաև հասարակական կազմակերպությունները։ Մտահոգություններից մեկը վերաբերում է նրան, որ գործատուները կամ պետական կառույցները կարող են աշխատակիցներին ուղղորդել՝ կոնկրետ կազմակերպությունների ֆինանսավորելու համար։ Մյուս խնդիրը քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունն է․ կուսակցությանը նվիրատվություն կատարելու ընտրությունը կարող է բացահայտել անձի քաղաքական նախընտրությունները։
Կառավարությունը հայտարարել է, որ շահառուների շրջանակը, նրանց ներկայացվող չափանիշներն ու ֆինանսավորման առավելագույն չափերը կսահմանվեն առանձին որոշմամբ։ Այսպիսով, նոր համակարգի գործարկման համար դեռ պետք է հստակեցվեն ֆինանսավորման պայմաններն ու վերահսկողության մեխանիզմները։
Անի Վարդանյան




























