ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Մեքսիկայում պիցցայի առաքիչին սպանել են պատվերն ուշացնելու համար: Սպանության կասկածանքով ձերբակալված երիտասարդը եւ աղջիկն ընդունել են իրենց մեղքը: Աղջիկը զանգահարել է ռեստորան եւ պիցցա պատվիրել, սակայն առաքիչը տեղ է հասել 40 րոպե անց: Զույգը նրան ուժով մտցրել է բնակարան, ձեռքերն ու աչքերը կապել ու սկսել ծեծել: Տղամարդը մահացել է պարանոցին հասցված դանակի հարվածներից: Նրա մարմինը հայտնաբերվել է աղբանոցում` սպանությունից երկու օր անց: Ձերբակալման ժամանակ երիտասարդը հրմշտել է ոստիկանության աշխատակիցներին, իսկ նրա ընկերուհին փայտով հարվածել է նրանց:
ԱՐՏԱՍՈՎՈՐ ԿՏԱԿ
Ամերիկացին իր աներոջից ժառանգություն է ստացել 13 հազար ծաղրածու՝ արձանիկների տեսքով, ինչպես նաեւ համապատասխան հագուստ, կեղծամներ եւ դիմահարդարման պարագաներ: Նրա աները եղել է ծաղրածուների մեծ սիրահար եւ հաճախ է նրանց պես հագնվել ու այցելել մանկական հիվանդանոցներ ու մանկապարտեզներ` փոքրիկներին ուրախացնելու: Փեսան պատրաստվում է ծաղրածուներին վաճառքի հանել տեղի խանութներից մեկում: Նա խոստովանել է, որ արտասովոր կտակից հետո իր մեջ հետաքրքրություն է առաջացել ծաղրածուների գործի նկատմամբ եւ պատրաստվում է հատուկ քոլեջ ընդունվել:
ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
«Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում աշանտի ժողովրդի թագավոր Օտոմֆուո Օսեյ Տուտու 2-րդի թանկարժեք իրերը գողացել են»,-գրում է BBC-ն: Խոսքը «անգին» իրերի մասին է, որոնք փոխանցվում են աֆրիկյան կառավարիչներին սերնդից սերունդ եւ օգտագործվում պաշտոնական արարողությունների ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Radisson Blu Plaza հյուրանոցում: Ոստիկանները հյուրանոց են ժամանել անմիջապես կողոպուտի լուրը ստանալուց հետո: Հսկիչ տեսախցիկների տեսագրության մեջ երեւում է, որ մի մարդ ճամպրուկով դուրս է գալիս շենքից, իսկ ճամպրուկի մեջ, ենթադրվում է, թանկարժեք իրերն են: Ոստիկանությունը կողոպուտը դիտում է որպես հատուկ նշանակության գործ: