ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՎԱՃԱՌԵՆ
«Ամերիկյան Premier Exhibitions Inc ընկերությունը «Տիտանիկ» նավից ցամաք հանված բոլոր իրերը  կվաճառի 189 մլն դոլարով»,-գրում է YahooNews-ը: 5500 նմուշները հայտնաբերվել են 1985-ից ի վեր իրականացվող  գիտարշավների ընթացքում: Վաճառվող իրերի մեջ կան ճենապակյա եւ արծաթյա սպասք, զարդեր, հագուստ, անգամ` նավի 17 տոննայանոց բեկորը: 100 տարի առաջ անդրանիկ ճամփորդության ելած «Տիտանիկ»-ի նավաբեկությունը համարվում է մարդկության պատմության ամենախոշոր ծովային աղետը, որը խլել է շուրջ 1500 մարդու կյանք:

ԿԱՏՈՒՆԵՐԻ «ԾԵԾԿՌՏՈՒՔ»
Լոնդոնում` կառավարության Դաունինգ սթրիթ նստավայրում, կռվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի` Լարի եւ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի` Ֆրեյա կատուները: Նրանց պայքարին ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը: Կռվից հետո Լարին, որը նախկինում բազմիցս քննադատության էր ենթարկվել զարգացած որսորդական բնազդ չունենալու պատճառով, վերադարձել է իր տերերին պատկանող շենք, իսկ նրան նեղացնող կատուն շարունակել է հպարտորեն զբոսնել բակում: Քեմերոնի կատվին անցյալ ամիս հեռացրել էին աշխատանքից, իսկ նրա փոխարեն եկել էր ավելի վճռական Ֆրեյան:

ՀԱՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ
Անվերպենի նահանգում 8 հազար կենդանի հավ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել: Մեքենան շրջվել է եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Ավտովթարի հետեւանքով սատկել է 5-6 հազար հավ: Կենդանի մնացած հավերի վանդակները շպրտվել են ողջ ճանապարհով մեկ: Բեռնատարի վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Հավերի մի մասը հայտնվել է ազատության մեջ եւ սկսել ճամփեզրին ձվեր ածել: Այդ ճանապարհի երթեւեկությունը կվերականգնվի միայն այն դեպքում, երբ կբռնեն փախած հավերին:

1000 ԴՈԼԱՐԻ ՊԻՑՑԱ
«Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա կինը Նյու Յորքի շքեղ ռեստորաններից մեկում՝ Amaranth-ում, 1000 դոլար են ծախսել պիցցա գնելու համար»,-գրում է Life News-ը: Սարկոզին կնոջ եւ մի քանի մտերիմ ընկերների հետ այցելել է հենց այս ռեստորան, քանի որ նրա կինը իտալական խոհանոցի եւ թանկարժեք սպիտակ գինու մեծ սիրահար է: Ընթրիքից հետո Սարկոզին 1000 դոլարի պիցցա է պատվիրել՝ սեփական ինքնաթիռով Ֆրանսիա վերադառնալու ճանապարհին վայելելու համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս