Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտակայքում: Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ և իր դաշտային օգնական Իրժի Աբերլեի մասնակցությամբ: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Փրայորը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: