ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով հոկտեմբերի 17-ի դատական նիստում դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը: Դատավորը մերժեց միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ս. Մարդանյանը դա հիմնավորեց նրանով, որ պաշտպան Գեւորգյանը որպես ինքնաբացարկի միջնորդության  հիմք է ներկայացրել այն, որ դատավորը մերժել է դատարան ներկայացված միջնորդությունները, մինչդեռ դատարանն այդ միջնորդությունների հիմք հանդիսացած ապացույցները դեռեւս չի գնահատել:
Դատական նիստին չէին ներկայացել Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը, ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Մխիթար Մխիթարյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մնացականյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Պաշտպան Հ. Գեւորգյանը դատարան ուղարկված գրությամբ հայտնել էր, որ ինքը նիստին չի կարող մասնակցել, քանի որ նույն ժամին Կոտայքի մարզում այլ դատական գործով  նիստի է, Ա. Ղասաբօղլյանն էլ վատառողջ էր: Նրանց պաշտպանյալ Հակոբ Մանուկյանը, ինչպես նաեւ ամբաստանյալ 3 զինվորները հայտարարեցին, որ իրենց պաշտպանների բացակայությունը նիստ անցկացնելու համար խոչընդոտ չէ: Սակայն երբ մեղադրող Հարություն Հարությունյանը 2010թ. հուլիսի 16-27-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների վերաբերյալ Հ. Մանուկյանին, Ա. Հովհաննիսյանին, Մ. Մխիթարյանին եւ Հ. Կիրակոսյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացրեց, վերջիններս  հայտարարեցին, որ չեն կամենում առանց պաշտպանների հարցաքննվել:
Զորամասի կարգապահական խախտումների մատյանը՝ որպես իրեղեն ապացույց, դատարանում հետազոտելու հարցի հետ կապված՝ ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի  պաշտպան Լեւոն Պողոսյանն ասաց, որ այն դատարան է ներկայացվել տուժող կողմի միջնորդությամբ, հետեւաբար տուժող կողմի բացակայությամբ չի կարող հետազոտվել: Լ. Պողոսյանն ասաց, որ դրա հետ պետք է հետազոտվեն նաեւ զինծառայողների կարգապահական խախտումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, ծառայողական քննության նյութերը: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս