Մեր ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տվել, որ ավելի քան 2 տասնամյակ Գյումրու խոնավ և ցուրտ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներից գրեթե յուրաքանչյուրում քրոնիկական որևէ հիվանդությամբ տառապող անձ կա:
“Շիրակ կենտրոնի” տեսանյութերից թեև կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ և անօթևան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ տեսանյութերից զգալ, դրա համար պետք է երբևիցե այցելել այդ տնակները:
Այդպիսի պայմաներում է ապրում նաև քույր ու եղբայր Ժամակոչյանների ընտանիքը: “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները տեսանյութ պատաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով հերթական այցելությունը կատարեցին նրանց ընտանիքին: Միայնակ մայր Արփենիկը հաշմանդամ է, իսկ նրա որդին` 17-ամյա Տիգրանը, որին հաջորդ տարի զորակոչելու են զինվորական ծառայության, խոնավ պայմաններում երկարատև բնակվելու պատճառով մշտապես հիվանդ է: Բարեբախտաբար` այս ընտանիքը, ի տարբերություն նման պայմաններում բնակվող հարյուրավոր այլ ընտանքիների, այս տարի “Մուշ-2” նորակառույց թաղամասում ստացել է 2-սենյականոց բնակարան, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել էր 3-սենյականոց: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նրանց մեկ սենյակը կրճատվել է ընտանիքի անդամների թվի պակասելու պատճառով:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: