Ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համատեղ աշխատանքները շարունակական են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու պետությունների միջև ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013-ին: 
ՊՆ լրատվական ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 28-ից Հայաստանում է գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի գլխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրումՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռեյ Մաբուսի հետ: Տեղի է ունեցել արարողակարգային նիստ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը մասնակցել են համատեղ բրիֆինգի: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսին այցելության համար և ընդգծել 2011-2012 թթ. ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության դինամիկ զարգացումը. “Համատեղ համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ և խորհրդատվություններ: Ինչ վերաբերում է տվյալ այցին, ապա սա վկայում է այն մասին, որ ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները դրվում են բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացման միտում ունեն: Ռազմական ոլորտում համագործակցությունը մենք պայմանականորեն բաժանել ենք երկու ուղղությունների, առաջինը խաղաղապահ կարողությունների զարգացումն է, որը բացի խաղաղապահ գործողություններից, ենթադրում է նաև համագործակցության խորացում ռազմաբժշկական ոլորտում, ինչպես նաև հումանիտար ականազերծման խնդիրների իրականացում: Երկրորդ ուղղությունը պաշտպանական բարեփոխումներն են՝ հատկապես ռազմական կրթության ոլորտում վերապատրաստման խնդիրների իրականացման, կրտսեր սպայական կազմի պատրաստության, արհեստավարժ սերժանտական համակարգի ձևավորման և, իհարկե, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ, որը իրականացնում ենք նաև Ռազմածովային հետևակի հետ, վերջինս էլ ենթակա է Ռազմածովային քարտուղարին: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դինամիկ կերպով զարգացնում ենք մեր համագործակցությունը: Համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013թ.”,- ասել է Սեյրան Օհանյանը: 
Ռեյ Մաբուսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ ԱՄՆ անչափ կարևորում է այն սերտ հարաբերությունները, որոնց զարգացման վառ ապացույցն են ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների այցելությունները Հայաստան, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի այցելությունը Միացյալ Նահանգներ. “Ես ուզում եմ իմ գովեստի խոսքը հայտնել հայկական խաղաղապահ ուժերին Կոսովոյում, Աֆղանստանում իրականացվող աշխատանքների համար: Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանդես է գալիս ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու կարևոր ծրագրերով: Այդ տեսանկյունից լուրջ աշխատանքներ են ձեռնարկվում: Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերը աշխատել են նախարարության հետ ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում վարժանքներ իրականացրել: Պատրաստվում ենք այդ ուղղությամբ աշխատանքները շարունակել առաջիկայում”,- նշել է Ռեյ Մաբուսը և հավելել, որ ԱՄՆ Ծովահետևակային կորպուսը 2012թ. Սևծովյան ռոտացիոն շրջանում ՀՀ զինված ուժերին ներգրավել է վարժանքներում:




Լրահոս