Ամուսնության տարիքի նվազագույն շեմը 18-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված “Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց և տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, և ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը:
Ներկայացնելով խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտությունն՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը նշեց, որ կառավարության կողմից օրենքի նախագծի ներկայացումից հետո հասարակության տարբեր շրջանակներում, հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում, անհանգստության ալիք բարձրացավ, ինչն էլ ազդանշան դարձավ, որ ամուսնության տարիքի խնդիրը լրացուցիչ քննարկելու կարիք կա:
Օրինագծի էությունը հնչեցված խնդիրների շրջանակում պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Նրա ներկայացմամբ՝ նոր օրենքով կարգավորվում է առաջին հերթին գենդերային հավասարության խնդիրը, այն է՝ կանանց նկատմամբ ամուսնության հետ կապված խտրականությունը: Ինչպես նշեց Արամ Օրբելյանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջն է, որ տղամարդկանց և կանանց համար ամուսնության տարիքը լինի նույնը: Իսկ թե ինչու է այդ տարիքը որոշվել 18-ը, Արամ Օրբելյանի խոսքով՝ հիմնավորումը կարելի է գտնել՝ ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը, որոնց մեծ մասում ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 18-ը, բայց այն կարող է իջեցվել ծնողների համաձայնությամբ: Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ հաշվի առնելով հնչեցված խնդիրները՝ նախարարությունը պատրաստել է նախագծի լրամշակված տարբերակը, որով երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել 17, բացառիկ դեպքերի համար նախատեսվում է դատական կարգ 16 տարեկանում ամուսնության համար:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, անդրադառնալով օրենքի փոփոխության առողջապահական կողմին, նկատեց, որ այն արդարացված է կանանց առողջության պահպանության տեսանկյունից, քանի որ մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է: Ինչպես ներկայացրեց մանկաբարձ- գինեկոլոգը, առողջապահական մի շարք նկատառումներից ելնելով՝ ամուսնության համար լավագույն տարիքը 23-27-ն է: Մասնագետը թե կենսաբանական և թե հոգեբանական պատրաստության տեսանկյունից երկու սեռերի համար էլ արդարացված համարեց ամուսնության տարիքի նվազագույն շեմի բարձրացումը:
Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ելույթների ժամանակ նախագծի փոփոխված տարբերակը հիմնականում համարեցին ամբողջական և ընդունելի:




Լրահոս