Ընկերոջ ծննդյան արարողությունն ավարտվեց ողբերգությամբ. դժբախտ դեպք` Սասունիկ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի  «Տկահանի» կոչվող ջրատարում հայտնաբերվել է 18-ամյա Հայկի դին: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ մինչ երիտասարդի դին գտնելը, ծանոթները մի քանի ժամ շարունակ նրան են փնտրել:

Armlur.am-ի հետ զրույցում Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը հայտնեց, որ Հայկն իրենց գյուղ էր այցելել` ընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելու: Խնջույքի ընթացքում ասել է, որ իրեն լավ չի զգում և ցանկանում է դուրս գալ` «մաքուր օդ շնչելու»: Դուրս գալուց հետո նրան երկար որոնել են, և ժամեր անց միայն գտել դին` ջրատարի մեջ. «Չգիտեմ` առողջական խնդիրներ ուներ, թե ոչ, սակայն նրան ճանաչել հասցրածներն ասում են, որ խելոք երիտասարդ էր, և տեղի ունեցածը, միանշանակ, դժբախտ պատահար է եղել: Ես էլ նրա մասին շատ եմ լսել նաև մեր համագյուղացիներից, ում հյուր էր եկել այդ տղան: Ասում են, որ շատ համեստ, աշխատող երիտասարդ էր»:

Մեր զրուցակիցը բացառեց սպանության տարբերակը` ասելով, որ «գյուղում Հայկը թշնամիներ ձեռք չէր բերել», իսկ մարդիկ, ում հյուրընկալվել էր, Սասունիկի ամենապարկեշտ ընտանիքներից մեկն է:

Արման Մարգարյանի խոսքով, տանտիրուհին դեպքի օրից ուշքի գալ չի կարողանում. անընդհատ կրկնում է, որ իր տղան է մահացել, իր տղան դժբախտության զոհ է դարձել. «Իրենց երեխայի պես սիրում էին այդ տղային, միշտ հյուր էր գալիս: Կարծես երկար տարիների բարեկամներ լինեին: Ուշքի չեն կարողանում գալ: Անընդհատ լացում են, հիմա էլ այդ տղայի տուն են գնացել` հուղարկավորությանը մասնակցելու»:

Նշենք նաև, որ սովորում էր Երևանում: Արտաքին զննությամբ դիակի վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ և բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս