ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹ ՉԻ ՆԵՐԿՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն որքան ժամանակ է` Հայաստանում ակտիվ քննարկվում է, թե ով կամ ովքեր են արհեստական կուսաթաղանթներ ներկրել Հայաստան, եւ արդյոք այդ «բարիքից» կարող են օգտվել հայ աղջիկները: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ի վերջո, նման իրողություն գոյություն ունի Հայաստանում, եւ ընդհանրապես, հնարավո՞ր է վերականգնել կուսությունը: Գրեթե բոլոր գինեկոլոգները հավաստիացրին, որ արհեստական կուսաթաղանթների ներկրման մասին տարածված տեղեկություններն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից են:
Այն, որ մեր երկրում բնակչության մեծ մասը ձգտում է պահպանել մեզ փոխանցված ավանդույթները, վաղուց նորություն չէ: Բայց պարզվում է՝ կան շատ շահագրգիռ մարդիկ, որոնք ջանում են արժեզրկել «կարմիր խնձորի» գաղափարը՝ հրապարակ նետելով այնպիսի տեղեկություններ, թե Հայաստան է ներկրվել 500 տոննա կուսաթաղանթ: Այսինքն՝ պետք չէ ավելորդ ուշադրություն դարձնել երիտասարդ աղջիկների «անմեղության» այդ տեսակի վրա, քանի որ այն ներկրվում է տոննաներով:
Արդյո՞ք տոննաներով կուսաթաղանթ է ներկրվել Հայաստան, ինչպե՞ս են այն «կիրառում» ու տեղադրում: Այս հարցերի շուրջ նախ զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողականության առողջության բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանի հետ: Վերջինս սկզբում պատմական էքսկուրս արեց՝ նկարագրելով, որ օրիորդի անվան տակ մնալու խաբեությունը դարերի խորքից է գալիս: Եգիպտացի կանայք հեշտոցներում փոքրիկ պարկուճներ էին դնում՝ լցված աղավնու արյունով, որ հարաբերության ժամանակ արյուն քսվեր սպիտակեղենին, ու ասեին, թե իրենք օրիորդ են: Հիմա ավելի կատարելագործվել է: Բայց ոչ այնպես, ինչպես նկարագրվեց, թե 500 տոննա կուսաթաղանթ են ներկրել: «Ուզում եմ շեշտել, որ արդեն Պետեկամուտների կոմիտեն հայտարարել է՝ Հայաստանում ոչ մի գրամ կամ տոննա կուսաթաղանթ չի ներկրվել: Ու ընդհանրապես, արհեստական կուսաթաղանթ կոչվածը մի հաբ է, որը ես երբեւիցե չեմ տեսել: Միայն լսել եմ, որ աշխարհին դեռեւս 1993թ.-ից այդ հաբի մասին ինչ-որ բաներ են հայտնի: Արհեստական կուսաթաղանթներ առաջին անգամ մշակվել եւ արտադրվել է Ճապոնիայի քաղաքներից մեկում, եւ հիմա 450-ից ավելի արտադրող կա»,-պատմեց մեր զրուցակիցը:
Տիկին Ավագյանը նաեւ բացատրեց. «Արտադրվող այդ հաբն ունի բուսական ծագում: Տարբեր կազմակերպություններ տարբեր ժամկետներ են նշում՝ 5-ից մինչեւ 30 րոպե: Կինը տղամարդու հետ հարաբերությունների մեջ մտնելուց առաջ այդ հաբը դնում է իր հեշտոցում՝ ինքն իր ձեռքով, դրա համար բժշկական միջամտություն հարկավոր չէ եւ ոչ էլ վիրահատություն: Հաբը խոնավանում է, սկսում է լուծվել, եւ կարմրավուն երանգ է առաջանում: Սեռական հարաբերությունների ժամանակ սպիտակեղենը ներկվում է կարմիր գույով ու թողնում կուսաթաղանթի ընդհատման տպավորություն»:
Մայրական եւ վերարտադրողականության առողջության բաժնի պետը կարծիք հայտնեց, որ արհեստական կուսաթաղանթի «տոննայանոց» աղմուկն ընդամենը բլեֆային, սենսացիա առաջացնող թեմա է. «Ախր տոննան էլ է չափազանցված: Նույնիսկ եթե հաբերի մասին խոսքը լինի, ես այդ հաբերը չեմ տեսել, չի կարող այդ ծավալի միանգամից ներկրվել: Ենթադրում եմ, որ դրանք պահպանման ժամկետ պետք է ունենան: Ես բժիշկ եմ, չեմ տեսել, կարծում եմ՝ իսկապես բլեֆ է»:
Լավ, ի վերջո, հնարավո՞ր է վերականգնել ընդհատված կուսությունը, եւ արդյո՞ք Հայաստանում նման վիրահատություններ հաճախ կատարվում են: «Ժողովուրդ»-ի այս հարցին մեկ այլ գինեկոլոգ՝ Մերի Թադեւոսյանը, պատասխանեց՝ բացատրելով, որ կուսաթաղանթը վերականգնելու համար ոչ թե արհեստական կուսաթաղանթ է հարկավոր, այլ վիրահատական միջամտություն: Այսինքն՝ մարդու պատռված օրգանը հնարավոր է «կարկատելու» միջոցով բերել նախկին դիրքին՝ այն էլ ժամանակավոր. «Այդ թաղանթի վերականգնումը կատարվում է այսպես. դեֆեկտ ստացած տեղում կար է դրվում, եւ որոշ ժամանակ հետո՝ իհարկե, շատ ժամանակ չպետք է անցնի, նորից պետք է պատռվի: Երկար չի կարող մնալ: Սա ընդամենը խաբեբայության մի ձեւ է»:
Նկատենք, որ մեր զրուցակիցները միաբերան նշում էին՝ արհեստական կուսաթաղանթի ներկրման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, չկա այդպիսի բան, որ նույնիսկ հնարավոր լինի ներկրել: Իսկ կուսաթաղանթները պարզապես կարելու միջոցով հնարավոր է վերականգնել, ինչն էլ անում են շատ բժիշկներ, պարզապես գաղտնի, որպեսզի լուրը չընկնի շահագրգիռ տղամարդկանց ականջը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս