ՎԱԽԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ ընտանիքի կյանքը վտանգված է, վախը սրտներումս ենք ապրում եւ ելք չենք տեսնում մեր ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակից, որովհետեւ մեր համայնքի իրավապահները անգործության են մատնված: Մնում է անձամբ նամակ գրեմ եւ խնդրեմ ոստիկանապետ Վովա Գասպարյանին` օգնի ապահովել ընտանիքիս անվտանգությունը եւ կարգի հրավիրի ոստիկաններին»,-այս մասին ասաց «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Նոր Նորք համայնքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ Սերգեյ Ղուկասյանը` բողոքելով սեփական հորից` Երեմ Սամսոնյանից, ում  հետ կապված իրավիճակին «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր իր  409-րդ համարում:
Հիշեցնենք, որ Երեմ Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր երեք տղաները, կաշառելով դատավորին, իրեն դուրս են հանել սեփական բնակարանից, ինչի դեմ բողոքելու համար էլ 75-ամյա միայնակ ծերունին ամեն հինգշաբթի գալիս է կառավարության շենքի դիմաց եւ խնդրում վերականգնել արդարությունը: Սակայն լսելով նրա տղային՝ Սերգեյ Ղուկասյանին, պարզ է դառնում, որ հայրը սեփական կամքով է հրաժարվել բնակարանից եւ այսօր ընտանիքին լուրջ խնդիրների առաջ կանգնեցրել:
«Կան հաստատող փաստաթղթեր, որ նա ինքնակամ է հրաժարվել բնակարնից: Իմ մայրիկին անբարոյական է համարել,  անհիմն  խանդել է, միասին հաշտ չեն ապրել եւ բաժանվել են»,-պարզաբանում է որդին` հավելելով, որ այդ օրվանից սկսած՝ Երեմը ոչ միայն իր հարազատ ընտանիքի, այլեւ հարեւանների համար է խնդիրներ  ստեղծել:
 «Ամեն օր քաղմասում եմ: Գործ տվող է: Գնում եմ մեր տարածքի քաղմաս, ասում եմ՝ ինձ ահաբեկում է, իմ ընտանիքին անընդհատ սպառնում է, բայց ոչ մի քայլ չեն անում այդ ուղղությամբ: Հարսներին տեսնում է, ասում է, թե մի հատ դեղ տամ, տվե՛ք, թող ձեր սկեսուրը մեռնի: Իմ անչափահաս երեխային ասում է` տատիկիդ մորթելու եմ: Չեմ հասկանում, եթե մարդը գնում ասում է, որ իրեն զանգահարել են եւ ահաբեկում են, ի՞նչ պետք է անի ոստիկանությունը, պետք է իրար խառնվի, իսկ մեր մոտի թաղայինն անգործությամբ է զղաղված»,-նշեց Սերգեյը` պարզաբանելով, որ հայրը հանցագործության համար դատապարտվել է, եւ իրենք վստահ են, որ եթե նա սպառնում է, միգուցե մի օր լուրջ վտանգ ստեղծի նաեւ իրենց ընտանիքի համար:
Նոր Նորքի նույն փողոցի բնակիչները եւս տեղյակ էին Ղուկասյանների ընտանիքում ստեղծված իրավիճակից եւ իրենց մտահոգությունը հայտնեցին: «Ահավոր վիճակ է, ինչ պետք է լինի այս ամենի վերջը՝ չգիտենք»,-սրտնեղած ասացին ընտանիքի հարեւանները:
Սերգեյի դժգոհությունը ոչ միայն իրավապահ մարմինների աշխատանքից էր, այլեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանից: «Գնացել եմ, վարչական շրջանի ղեկավարից տեղեկանք եմ պահանջում, չի տալիս՝ ասելով, թե պարտք ունես: Շատ լավ գիտեմ, որ պարտք ունեմ: Չեմ տալիս ու չեմ տալու, քանի որ ոչ մի աշխատանք չի արվում մեր բակում, կռիսները վխտում են, աղբի մասին չեմ խոսում»,-նշեց նա` ընդգծելով, որ այս ամենն ասում է 30 ստորագրություն հավաքած բակի բնակիչների անունից:
Զրուցեցինք նաեւ Երեմ Սամսոնյանի հետ, սակայն վերջինս պնդում էր, որ բոլորն իր դեմ են աշխատում, եւ ինքն իր ասածներից չի հրաժարվում: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում խնդրեցինք Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի տեսուչ Կոստյա Սարգսյանից, սակայն վերջինիս հավաստմամբ` ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում:
Հ.Գ. Նոր Նորք վարչական շրջանի տեսուչից տեղեկացանք նաեւ, որ Երեմ Սամսոնյանին բնակարան են հատկացրել, որպեսզի միայնակ ծերունին այլեւս ստիպված չլինի ապրել նկուղում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս