ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿՌԻՎ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ անդրադարձել է պետպաշտոնյաների աշխատավարձերի անհամամասնություններին: Նա նշել է, որ առաջին ատյանի դատավորի աշխատավարձը բարձր է նախարարի աշխատավարձից, ինչն  «աննորմալ երեւույթ է»: «Ձեւավորվել է մի իրավիճակ, երբ նախարարի աշխատավարձն այլ սկզբունքով է ձեւավորվում, կենտրոնական բանկի ղեկավարներինը՝ այլ, իսկ անկախ հանձնաժողովներինը՝ այլ: Արդյունքում՝ ՀՀ նախագահի աշխատավարձը բնավ էլ ամենաբարձրը չէ պետական համակարգում»: Թովմասյանը կարծիք է հայտնել, որ այդ անհամամասնությունները կվերացվեն 2013-14թթ., եւ կսահմանվի այնպիսի սանդղակ, երբ պետական համակարգում ամենաբարձր աշխատավարձ կստանա ՀՀ նախագահը, այնուհետ՝ վարչապետն ու ԱԺ նախագահը: Ներկայում ՀՀ նախագահի ամսական աշխատավարձը 400 հազ. դրամ է, վարչապետինը՝ 350 հազ., նախարարներինն ու պատգամավորներինը՝ 330 հազ. դրամ: Համեմատության համար նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկում միջին աշխատավարձը 500 հազ. դրամ է: Նկատենք, որ Հրայր Թովմասյանի` բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի շուրջ մտահոգությունը բավական ցինիկ է դիտվում աղքատության շեմին կանգնած քաղաքացիների նվազագույն աշխատավարձն ընդամենը 2500 դրամով բարձրացնելու կառավարության որոշման ֆոնին:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Հոկտեմբերի 28-ից 29-ը Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում անցկացվել է իրավապահ մարմինների աշխատակիցների եւ լրագրողների «Վահան եւ գրիչ» միջազգային առաջին փառատոնը, որին ներկայացվել է իրավապահ մարմինների գործունեության մասին պատմող 1044 նյութ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը, որը պատմում էր Սոթքի ոսկու հանքերից կատարվող գողությունների ու դրանց դեմ պայքարի մասին, «Օրենքի տարածք» անվանակարգում արժանացել է գավաթի ու դիպլոմի: Ինչ խոսք, հայրենի ոստիկանության աշխատանքը դեռ շատ հեռու է բավարար լինելուց, սակայն հանուն արդարության հարկ է նկատել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հաջողվել է որոշակիորեն բարեփոխել համակարգը: Ու դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ լրատվական վարչության աշխատանքի վրա:

ԿԱԽՎԵԼ Է ՏԱՆԻՔՈՒՄ
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նախկին Ջրաշատ, ներկայիս Սարմենի փողոցի սեփական տներից մեկում մահացած երիտասարդ կա: Դեպքի վայր ժամանած օպերատիվ քննչական խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է 30-ամյա Էդգար Թովմասյանի դին՝ կախված վիճակում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս