ԿՐԻԱՅԻ ՔԱՅԼԵՐՈՎ ՊԱՅՔԱՐԵԼ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայրենիք ու պատիվե կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ը 7 մանդատ է ստացել ու դրանով բավարարվել, ինչն իրենց կուսակցությանը չի բավարարում:
-Պարո՛ն Մարգարյան, ՀԱԿ-ը հայտարարեց, որ հանրահավաք է անելու սեպտեմբերին, այնուհետեւ՝ հոկտեմբերին: Այժմ նոյեմբերն է, ի՞նչ է կատարվում ՀԱԿ-ում, ասելի՞ք չկա:
-Դե Դուք տեսնում եք, ինքներդ պատասխանեցիք հարցին, երբ որ մենք ասում ենք՝ պետք է, որ ոչ թե միայն հանրահավաք անել, այլեւ շրջաններում աշխատել, ժողովրդին բացատրել, իրավիճակի գնահատական լինի, կոնկրետ գործողություններ լինեն: Բայց լռություն է:
-Հայտարարել եք, որ եթե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրի, Ձեր կուսակցությունը ՀԱԿ-ի կազմից դուրս է գալու: Ի՞նչն է պատճառը, որոշել եք այլեւս չպայքարե՞լ:
-Դուք ստիպում եք ժամանակից շուտ ինչ-որ բան ասել: Մենք 20 տարի պայքարել ենք, պայքարելու ենք, դա բացառվում է, որ չպայքարենք: Բայց թե ինչ ձեւով, ինչ ուժերով, դա կասենք, երբ որ մեզ մոտ որոշում կլինի: Այժմ պատրաստ չեմ պատասխանել: Մենք ինչպե՞ս պետք է դադարենք պայքարել, երբ որ երկիրը ձեռքից գնում է: Մենք մինչեւ այս ռեժիմից չազատվենք, չենք դադարելու պայքարելուց:
-Բայց ինչպիսի՞ն է լինելու Ձեր հետագա պայքարը, ծրագիր ունե՞ք:
-Ես հիմա այդ հարցին չեմ պատասխանի, կպատասխանեմ նոյեմբերի վերջին:
-Ինչո՞ւ այդ ժամանակ: 
-Մենք մինչեւ նոյեմբեր ժամանակ ենք տվել ու վերջ: Հետո կդադարենք ՀԱԿ-ում լինելուց եւ կհայտարարենք մեր գործողությունների մասին: Ռեժիմը պատասխան է տալու, պատասխան է տալու Ռոբերտ Քոչարյանը: Գիտե՞ք՝ ջինսով ու բոթասներով եկավ ԼՂՀ-ից, հիմա միլիարդների հետ է խաղում, ո՞վ պետք է այս ամենի համար պատասխան տա: Իսկ այդպես կրիայի քայլերով պայքարել չի լինի:
ՀԱԿ-ից դուրս եկավ նաեւ “Հանրապետություն” կուսակցությունը՝ հայտարարելով, որ այսուհետ պայքարելու է միայնակ: Ամիսներ են անցել, բայց նրանք ոչինչ չեն անում: Դո՞ւք էլ այդպես կվարվեք: 
-Դա իրենց պրոբլեմն է, կարող է՝ մարդիկ չեն ուզում պայքարել, բացառվում է, որ մեր կուսակցությունն այդպիսի բան անի, կհիշե՞ք, թե երբ մեր կուսակցությունը չի պայքարել: Մենք կանգ չենք առնելու:
-Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ից դուրս գալով՝ կուսակցության վարկանիշը կընկնի:
-Ի՞նչ, ի՞նչը պետք է ընկնի: Որոշ կարկառուն գործիչների նման գնացել ենք իշխանությանը վաճառվե՞լ ենք կամ մանդատնե՞ր ենք ստացել, ի՞նչ ենք արել, որ կուսակցության վարկանիշն իջնի: Դա բացառվում է:
-Ձեզ այժմ կոնկրետ ի՞նչը դուր չի գալիս ՀԱԿ-ում:
-Որ գործ չեն անում, 7 մանդատ ստացան, գնացել են տրիբունան զբաղեցրել ու պրակտիկ գործ չեն անում, չեն պատրաստվում նախագահական ընտրություններին: Տասնյակ անգամ ես այդ մասին բարձրաձայնել եմ Կոնգրեսում եւ առաջարկել եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա, պատասխանի, բայց մինչեւ հիմա պատասխան չկա: Ինքն է առաջնորդը, բա ո՞վ պատասխանի իմ հարցերին, Լեւոն Զուրաբյա՞նը, նա ի՞նչ իրավունք ունի, կամ որեւիցե մեկը: Ինքն է ստանձնել, ինքն էլ պետք է ասի, չէ՞, անելիքների մասին:
-Իսկ ինչպե՞ս է պատճառաբանվում Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը:
-Չգիտեմ, ես ուղղակի պատասխան չեմ ստացել մինչեւ այսօր:
-Ակնհայտ է նաեւ ՀԱԿ-ԲՀԿ “թաքուն սիրավեպը”, ինչպե՞ս եք վերաբերվում երեւույթին, որ ՀԱԿ-ը մշտապես հայտարարել է “ոչ դոդացմանը”, բայց այժմ պատրաստ է համագործակցության ԲՀԿ-ի հետ:
-ԲՀԿ-ի մասին ես ասել եմ ու նորից եմ կրկնում եմ, որ դա կուսակցության մոտեցումն է, նա գործող ռեժիմի մասն է եղել եւ շարունակում է լինել, սա շինծու խաղ է: Դե գիտեք, որ մենք դեմ ենք եղել ամիսներ առաջ՝ պառլամենտական ընտրությունների ժամանակ, երբ որ այդ մասին խոսակցություններ կային, մենք ասել ենք, որ դեմ ենք: Երկրում ստեղծված իրավիճակի եւ ծանր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է նաեւ ԲՀԿ-ի վրա եւ այն բոլոր կուսակցությունների, որոնք մաս են կազմել այս ռեժիմին՝ անկախ ժամանակահատվածից:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս