Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` նոյեմբերի 12-ին ընդունել է Թայլանդի թագավորության Գյուղատնտեսության եւ կոոպերատիվների նախարարության մշտական քարտուղարի տեղակալ Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը: ԳՆ մամուլի ծառայությունց հայտնում են, թե նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը` ընդգծելով, որ այս համագործակցությունն իր ներդրումն կունենա երկու երկրների գյուղատնտեսության զարգացման գործում:
Նախարարը հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության վիճակը եւ ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրության, գյուղական բնակավայրերի զարգացմանը: Սերգո Կարապետյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է կոոպերատիվների հիմնմամբ եւ կարեւորել է այս ոլորտում թայլանդական փորձը: Պարոն Դամռոնսակին շնորհակալություն է հայտնել նախարարին` հյուրընկալության համար, եւ ներկայացրել է Թայլանդի թագավորության գյուղատնտեսության մասին հակիրճ տեղեկատվություն` կարեւորելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը:
Դամռոնսակին նախարարին փոխանցել է, որ այսօր մեկնարկող գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման ընթացքում կքննարկվեն պտղաբուծության, գինոգործության, օրգնական գյուղատնտեսության, անասնաբուծության, ակվակուլտուրաներին վերաբերող հարցեր եւ կընդունվեն որոշումներ` համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
“Տիկին Ռաթանան Հայաստանի մասին պատմող իր գրքով շատ մեծ աշխատանքն է կատարել` թայլանդ ժողովրդին ներկայացնելով մեր երկիրը, որը հարուստ է իր պատմությամբ, մշակութային կոթողներով, ուստի երկու երկրների գյուղատնտեսության համագործակցության զարգացման գործում ցուցաբերած ակտիվ աջակցության եւ հայ-թայլանդական համագործակցության ամրապնդման համար Թայլանդի թագավորության Գյուղատնտեսության եւ կոոպերատիվների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության Ասիայի եւ Եվրոպայի հարցերով նախկին բաժնի պետ, պատվիրակության անդամ Ռաթանա Թանոմսաքյուտիին պարգեւատրում եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով”,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Տիկին Ռաթանան շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին` շնորհակալագրի համար եւ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում եւս իր ներդրումն ունենալ հայ-թայլանդական երկկողմ կապերի զարգացման գործում:
Նախարարը հաջողություններ է մաղթել Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը եւ արդյունավետ աշխատանք` գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման մասնակիցներին: