ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՐՅՈՒՆ ԹԱՓԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա իշխող համակարգից ազատվելու համար «Դաշնակցություն»-ն արդեն հրապարակել է օրակարգ:
-Պարո՛ն Մինասյան, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում, ՀՅԴ-ն հայտարարեց, թե ինքն էլ իր քաղաքական քննարկումների փուլն է սկսում: Ի՞նչն է ստիպում քաղաքական ուժերին «մուկն ու կատու» խաղալ:
-Նախ՝ չարաչար սխալվում եք պրոցեսի մասին խոսելիս, ՀՅԴ-ն դեռեւս ամռանը ասել էր, որ մենք հանդես ենք գալու առանձին հայտարարությամբ, որտեղ կներկայացնենք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ կսկսենք քաղաքական քննարկումների շարքը: Ես չգիտեմ, թե ինչու է հանրությունը կենտրոնացել ԲՀԿ-ի հայտարարության վրա: Առաջինը ինքը չի ասել:
-Նկատի ունեմ այն, որ ԲՀԿ-ն առաջին քննարկումների «մեկնարկը» տվեց: Հիմա չե՞ք պատրաստվում մեկ միասնական «ճակատով» հանդես գալ:
-Եթե մեկնարկը իրենցից եք համարում, համարե՛ք, չեմ էլ ուզում սեպ խրել հնարավոր զարգացումների եւ բոլորի հետ համագործակցության տիրույթում: Մենք հայտարարել ենք, որ անձնական հարցը պետք է ածանցվի բացառապես քննարկումների եւ տեսակետներ ձեւակերպելու ուղղությամբ, հակառակ դեպքում մենք կունենանք մի վիճակ, երբ համախմբում տեղի կունենա անձի եւ ոչ թե գաղափարի շուրջ: Մենք չենք ընտրում ՀՀ նախագահ, որը պետք է գա եւ իր պատկերացումով նախագահություն անի, պետք է լինի առաջնորդ, որը պետք է ընդունի եւ երաշխավորի այդ փոփոխությունները, նոր քննարկենք, թե ով պետք է լինի այդ թեկնածուն, որը կարող է դա անել: Հիմա այդ կոնտեքստում քննարկումները ծավալվում են:
-Չե՞ք կարծում, որ պետք է այս ձեւականությունները մի կողմ թողնել, թե ով առաջինն ասաց, ով առաջինը պատասխան տվեց, ու նստել սեղանի շուրջ՝ գալու ընդհանուր հայտարարի:
-Մենք հրապարակել ենք օրակարգ, որի քննարկմանը կարող են անգամ իշխանությունները մասնակցել: Մենք դա էլ ենք առաջարկել, որ կարելի է մեկ սեղանի շուրջ քննարկում կազմակերպել, բայց քանի որ կա անձնական ու առանձին մոտեցումներով հանդես գալու խնդիր… Հետո մենք կարող ենք հրավիրել ավելի լայն քննարկում, բոլորի մասնակցությամբ, որպեսզի ունենանք առանձին պատկեր:
-Բայց չե՞ք կարծում, որ առանձին-առանձին քննարկումները քաղաքական դաշտում պառակտում կմտցնեն, դրանից հետո էլ կսկսվի «լեզվակռիվ», թե ով առաջինն ինչ ասաց, եւ ում քննարկումներն էին արդյունավետ:
-Մեր խնդիրը հենց դա է, որ պառակտում չմտցվի, հակառակը, մենք ունենանք համախոհ համակարգ: Եթե մեր հայտարարությունների հետ կապված իշխանությունը քայլ կատարի, մենք իրենց հետ էլ ենք հանդիպելու: Եթե իշխանությունն ասի՝ այո՛, ես անցնում եմ խորհրդարանական համակարգին ու երաշխավորում եմ, ես ընդունում եմ, որ մեծամասնական ընտրակարգը չարիք է, եւ գտնում եմ, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն: Հասկանո՞ւմ եք, սրանք բաներ են, որ պետք է բոլորի հետ քննարկվեն:
-«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովրդին այսօր չի հետաքրքրում՝ կառավարման համակարգը խորհրդարանական է լինելու, թե նախագահական…
-Իսկ Արամ Կարապետյանը որտեղի՞ց գիտի:
-Ըստ նրա՝ ժողովրդին այսօր պետք է իշխանափոխություն, հեղափոխություն…
-Դե թող անի հեղափոխություն, ինչո՞ւ չի անում:
-«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը վախենո՞ւմ է հեղափոխություն անելուց:
-Ախր հասկանում եք՝ հեղափոխություն անող ժողովուրդն այլ է: Հայաստանի ժողովուրդը չի գնում արյուն թափելու ճանապարհով: Դա արյուն թափել է նշանակում: Հայ ժողովուրդը նման ճանապարհով բան չի անի, նա կարող է դուրս գալ, ընդվզել, պատժել, ծեծել, բայց հեղափոխություն չի կարող անել: Նույնիսկ առաջին հանրապետության ժամանակ հեղափոխություն չեղավ:
-Ի՞նչ եք առաջարկում, այդ դեպքում գործող իշխանություններից ազատվելու համար միայն քննարկումները բավարա՞ր են:
-Եթե իշխանափոխության մասին եք ասում, շատ լավ, իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին: Իսկ եթե խոսում ենք գործող ուժերի հեռացման մասին, ապա մենք դրա օրակարգն արդեն հրապարակել ենք: Եւ դա հրապարակել ենք ոչ թե մարդուն հեռացնելու նպատակով, այլ համակարգային փոփոխություններ անելու համար: Եթե մենք չենք հասկանում, որ երկրի առջեւ ծառացած խնդիրներից մեկը նորմալ օրենսդիր մարմին ունենալն է, ապա ես այլ բան չեմ կարող ասել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս