ՀԱՐՑ. Ես՝ որպես Երեւան քաղաքի բնակիչ, որն օգտվում է քաղաքացիական տրանսպորտից, գրեթե ամեն օր հանդիպում եմ ծանրաբեռնված երթուղային տաքսիների, որոնց մեջ անգամ մեկ ոտքի վրա կանգնելու տեղ չի լինում, ինչը չես տեսնի, օրինակ, հարեւան երկրում՝ Վրաստանում: Ինչո՞ւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը աշխատանքներ չի իրականացնում այսպես կոչված գծի տերերի հետ, որպեսզի իջեցնեն վարորդի վրա դրված անօրինական պլանների մուծումները: Այդ դեպքում վարորդները կանգնած ուղեւորներ չեն ունենա:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երեւանի քաղաքապետը՝ քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի եւ լիազոր մարմնի հետ:
լրատվական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ տրանսպորտի նախարարությունը, ինչպես միշտ, խուսափում կամ շրջանցում է այն գլխավոր հարցը, որն ավելի շատ է հետաքրքրում եւ անհանգստացնում հասարակությանը: Երեւանի քաղաքապետարանն էլ մշտապես պատասխանատվությունը գցում է տրանսպորտի եւ կապի նախարարության վրա: Եւ մեզ մնում է համակերպվել դառը ճշմարտության հետ եւ ուրիշ երկրներին երանի տալով՝ շարունակել ապրել: