Բարսեղ Բեգլարյանի տակավին երիտասարդ միլիոնատեր հովանավորյալը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը, որը հայտնի է միայն մի արժանիքով՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է, պարզվում է՝ բավականին մեծ ունեցվածքի տեր է: Պատգամավորի դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 100 մլն դրամ, 180 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Նա անցած տարվա ընթացքում 28 մլն դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել, ինչպես նաեւ «Volkswagen Jetta 2.8» մակնիշի ավտոմեքենա է գնել: Տեղեկացնենք, որ Վահրամ Մկրտչյանի պատգամավորական տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 711 հազար դրամ:

Հիշեցնենք, որ  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը մինչեւ 2001 թվականը ԱԺՄ անդամ էր: Հետագայում նա եւ Սեյրան Ավագյանը (ներկայումս ՀՀ վերահսկիչ պալատի անդամ) հիմնեցին ՀԺԱՄ կուսակցությունը: Սկզբում Ավագյանն էր այդ կուսակցության նախագահը, հետո՝ Մկրտչյանը: Ի վերջո, 2012-ին Վահրամ Մկրտչյանը վերջնականապես կողմնորոշվեց եւ դարձավ հանրապետական: Ավելին՝ նա այնքան հանրապետական դարձավ, որ անգամ պատգամավորի մանդատ ստացավ: Վահրամ Մկրտչյանը նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է, որի հովանավորը նույն Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը: Վահրամ Մկրտչյանի կենսագրականում ոչինչ չկա այն մասին, որ նա երբեւէ հաջողակ գործարար է եղել: Ուստի նրա` վերը բերված ունեցվածքի ծագման աղբյուրն էլ անհայտ է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս