ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԱՐԳԱՆՔ
Արդեն մեկ շաբաթ է, ինչ հասարակական լայն քննարկման առարկա է ԵՊՀ կողմից բուհերի համար որպես ուսումնական ձեռնարկ հրապարակված «Հայոց պատմության»՝ մարտի 1-ին վերաբերող հատվածը։ Այդ մասին ասվում է ՀԱԿ տարածած հայտարարության մեջ:
«Այստեղ ընդդիմությունը մեղադրվում է ապօրինի հանրահավաքների, հրազեն կրելու եւ օգտագործելու, սպանությունների, խանութների կողոպուտի, մեքենաների հրկիզումների մեջ։ Տվյալ հատվածը ճշգրիտ պատճենումն է մարտի 1-ի եւ հարակից իրադարձությունների մասին 2008թ. իշխանական վարկածի, ինչը նրանք հրապարակեցին անմիջապես։ Դրանք շինծու, կեղծ մեղադրանքներ էին, այնքան, որ անհնար եղավ այդ հոդվածներով ընդդիմության ներկայացուցիչներից որեւէ մեկի վրա գործ հարուցել, դատավճիռ կայացնել։ Ավելին, ՀԱԿ-ի ջանքերով 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ հերքվեց մարտի 1-ի իշխանական վարկածը, ինչն իր արտահայտությունը գտավ ինչպես ԵԽԽՎ բանաձեւերում եւ միջազգային այլ փաստաթղթերում, այնպես էլ երկրի ներսում՝ դառնալով ողջ հանրության համոզմունքը։ Հենց այս հիմքի վրա է, որ կալանավորված ու դատապարտված 100-ից ավելի ընդդիմադիրներ ճանաչվեցին քաղբանտարկյալներ եւ ազատ արձակվեցին ոչ միայն հասարակական, այլեւ միջազգային ճնշումների շնորհիվ,-նշել են հայտարարության հեղինակները, հավելելով,-սա հանցագործություն է։ Սա անարգանք է մայր բուհին՝ Երեւանի պետական համալսարանին։ Սա հանցանք է երիտասարդ սերնդի նկատմամբ»։

ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Նոյեմբերի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ներկա է եղել պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողովի բացմանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Քաղաքացիական կրթության ծրագիր» ՀԿ-ի այս նախաձեռնությունը մեկ հարկի տակ է հավաքել ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության եւ եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ քննության առնելու էթիկային վերաբերող այն հարցերը, որոնց առնչվում են պետական պաշտոնյաներն իրենց գործունեության ընթացքում:

ՇԱԽՄԱՏ ԿԱՄ ՇԱՐԻԿ
«Առավոտ»-ը նկատել է, որ  երեկ ԱԺ-ում ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները եւ երիտասարդ պառլամենտականներն ուշիուշով լսում էին նրա եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում: Նա, իհարկե, շարիկ չէր գլորում եւ ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում: Զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով. պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում:

ԶԻՆՈՒՄ Է
Ռուսաստանն օգտագործում է Ադրբեջանի օդային տարածքը Բաշար Ասադի վարչակազմին զենք մատակարարելու համար: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր TIME հանդեսը:

«ԳԱՐԱ՛ՆՏ» ԿԱՆԳՆԻՐ
69 հաշմանդամ օդաչուներ, որոնք արդեն 7 տարի է՝ չեն ստանում իրենց հասանելիք գումարները, երեկ հերթական բողոքի ակցիան են արել Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ` հուսալով, որ միգուցե նա տեղյակ չէ իրենց խնդրից: «Սահմանադրության գարանտը նախագահն է, մենք էլ եկել ասում ենք՝ պահպանե՛ք մեր սահմանադրական իրավունքը: Դատարանները չեն պաշտպանում, վարչապետը, թե մնացած բոլորը»,-ասել է «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ նախագահ Դավիթ Դավթյանը։

ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Ընթացիկ տարվա հոկտեմբերին մայրաքաղաքում առանձնատների առքուվաճառքի 159 գործարք է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 45,9%-ով: Այսինքն՝ աճը կազմել է շուրջ հինգ տասնյակ տուն: Նշենք, որ   առանձնատների ֆոնդը մայրաքաղաքում  54,7 հազ. միավոր է կազմում:




Լրահոս