ԿԸՀ-ն քննարկել է մեծամասնական թեկնածուների նախընտրական հիմնադրամների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է 2012թ. դեկտեմբերի 2-ին կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 28.10.2012թ.-02.12.2012թ. ժամանակահատվածի համար:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ընտրություններին մասնակցած բոլոր հինգ թեկնածուները բացել են նախընտրական հիմնադրամներ եւ պատշաճ կարգով ներկայացրել են հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու 10 միլիոնը չգերազանցող գումար:
Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տեղեկանքների եւ թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաեւ կից փաստաթղթերի համադրման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ընտրական օրենսգրքի որեւէ խախտում չի արձանագրել:




Լրահոս