«Պարո՛ն նախագահ, մի՞թե Ձեզ չի հետաքրքրում ՀՀ հասարակ քաղաքացիների ճակատագիրը, այն քաղաքացիների, որոնք «հավատացին, որ փոխեք»:
Ես՝ Վարսենիկ Այվազյանս, բնակվում եմ ք. Աբովյան, երիտասարդական փող. 18/38բն. վարձով: Առողջություն չունեմ, չեմ կարողանում աշխատել, ամուսինս մահացավ, երբ Արմանս արդեն բանտում էր: Մենք գոյատեւում ենք 21 500 դրամ նպաստի շնորհիվ: Տանս միակ հենարանը տղաս է՝ Արման Այվազյանը, որը 24.03.2006թ.-ից իր կողմից կատարած հանցագործության համար ազատազրկվել էր 7 տարի ժամանակով եւ իր պատիժն էր կրում «Վանաձոր» ՔԿՀ-ում: 11.10.2010թ. ք. Արտաշատի ոստիկանության բաժնի քր. հետախուզության 4 աշխատակից «Վանաձոր» ՔԿՀ-ից առեւանգում են որդուս եւ բերման ենթարկում վերը նշված ոստիկանության բաժին: 14.10.2010թ. Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կ. Ե. Մելքոնյանի կողմից ապօրինի ձերբակալվում եւ նոր շինծու մեղադրանք է առաջադրվում (ՀՀ քր. օր-ի 34-266 հոդվ. 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-215 հոդվ. 2-րդ մասով), ինչը ի սկզբանե նաեւ խոստովանել էր անձամբ քննիչ Կ. Ե. Մելքոնյանը՝ ասելով, որ եթե իր ձեռքում լիներ, քրգործը միանշանակ կկարճեր, բայց վերադասները չեն թողնում եւ ավելին, առաջարկում են, որ տղաս ընտրություն կատարի վատի եւ վատագույնի միջեւ: Այսինքն՝ իրեն մեղավոր ճանաչելով` 34-266 հոդվ. կփոխվի եւ կդառնա 34-268 հոդվ. 3-րդ մաս, ինչն ավելի քիչ պատիժ է սահմանում, սակայն որդիս չի գնում այդ շինծու գործարքին: 21.07.2011թ. Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նախագահող Թ. Պողոսյանի գլխավորությամբ, ուղղորդվելով մեղադրական ուղղվածությամբ եւ խախտելով ՀՀ քր. դատ. օր-ի 17-18-րդ, 25-րդ, 35 հոդվ. 2-րդ մասի, 127-րդ, 265-րդ, 353 հոդվ. 1-ին մասի 1-ին կետի, 358-րդ, 365 հոդվ. 2-րդ մասի, 366 հոդվ. 2-րդ մասի, 394-398-րդ հոդվածների եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, ավելի շուտ կատարեց շինծու մեղադրանքի հաստատումն իրականացնող նոտարի դեր, քան արդարություն իրականացնող մարմնի:
Դատարանն անարդարացի գտնվեց, շինծու մեղավորության ճանաչման հրապարակողը, այն էլ «Հանուն Հայաստանի Հանրապետության»` որդուս դատապարտելով 12 տարվա ազատազրկման (ԱՎԴ 2/0010/01/11 դատավճռով): Նույն կերպ վարվեցին նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, բայց վերաքննիչը գոնե արձանագրեց, որ խախտվել են ՀՀ քր. դատ. օր-ի 365 հոդվածի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Այս մասին բազմիցս դիմել եմ Ձեզ, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ԱԱԾ-ի տնօրենին, Ալիկ Սարգսյանին, բայց բոլորն էլ անարդյունք:
Պարո՛ն նախագահ, ապավինում եմ Ձեր արդարամտությանը, խղճին եւ խնդրում եմ՝ վերականգնե՛ք արդարությունն ու դատարանի առաջ կանգնեցրե՛ք թիվ 27120010/1 շինծու քրգործի պատվիրատուներին»:
դատապարտվածի մայր
ՎԱՐՍԵՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ