«ԵՍ ՉԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԴԻՐՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը վերջին անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսել է հունվարի 9-ին՝ նրա ծննդյան օրը:
-Պարո՛ն Մալխասյան, Հայ ազգային կոնգրեսն այսօր նիստ է հրավիրել, Դուք մասնակցելո՞ւ եք «պայթյունավտանգ» այդ նիստին:
-Ես ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ չեմ, քաղխորհրդի նիստերին մասնակցում են քաղխորհրդի անդամները:
-Իսկ ընդհանրապես Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե իրականում ինչ է կատարվում ՀԱԿ-ում: Կարծես Դուք էլ եք մի կողմ «քաշվել» ու չեք խառնվում Կոնգրեսում կատարվող իրադարձություններին:
-Անշուշտ հետաքրքրում է, ես ՀԱԿ-ի ճակատագրով առաջին իսկ օրվանից առ այսօր հետաքրքրվում եմ, իմ մասնակցության ձեւաչափը չի փոխվել:
-Այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի միջեւ տեղի ունեցող հակամարտությունը: Ի՞նչ է կատարվում իրականում, Դուք տեղյա՞կ եք:
-Ես տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլում են տեղեկություններ հրապարակվում, ու չեմ կարծում, որ Մակեյանի ասածներն այդտեղ դոմինանտ են: Նա կարող է իր տեսակետը հայտնել, իսկ որոշումները կայացնում է քաղաքական խորհուրդը: Այսքանը:
-Նշվում է նաեւ, որ ՀԱԿ-ի «կազմաքանդման» գործում մեծ դերակատարություն ունի Գագիկ Ջհանգիրյանը:
-Ես միանշանակ կասեմ, որ այդպիսի բան չի կարող լինել, նախ՝ ՀԱԿ-ը քանդված չէ, եւ կարծում եմ՝ առաջիկայում իր ուժերը կհավաքի եւ իր ասելիքը կասի: Կարծում եմ՝ ավելորդ խոսակցություններ են:
-ՀԱԿ շատ անդամներ դժգոհում են, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցների հետ շփվում է միայն ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի միջոցով:
-Իհարկե նման բան չկա, եթե ինչ-որ մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանին ասելիք ունի, քննարկելու բան ունի, կարող է գնալ ու քննարկել:
-Օրինակ՝ Դուք ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ի՞նչ հարցեր  եք քննարկել նրա հետ: Տեր-Պետրոսյանը տեղյա՞կ է, թե ինչ խմորումներ են տեղի ունենում Կոնգրեսում:
-Հունվարի 9-ին եմ հանդիպել՝ իր ծննդյան օրը: ՀԱԿ-ում ի՞նչ է կատարվում, ՀԱԿ-ում ընդամենը բազմակարծություն է, որտեղ ամեն մեկը կարող է իր կարծիքն արտահայտել: Այդտեղ վատ բա՞ն կա:
-Բայց Ձեր նշած «բազմակարծության» պատճառով ՀԱԿ-ն այսօր կազմաքանդվել է ու փլուզման եզրին է:
-Բազմակարծությունից, ընդհակառակը, ամրանում են, հզորանում, չեմ կարծում, որ բազմակարծությունից փլուզում տեղի կունենա:
-Բայց փաստն այն է, որ միայն դժգոհություններ են լսվում այս ընթացքում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի էլ արձագանքում: Ըստ Ձեզ՝ նրան չի՞ հետաքրքրում Կոնգրեսի ճակատագիրը:
-Այդ հարցերն ուղղե՛ք Լեւոն Տեր-Պետրոսյանին:
-Իսկ նրա վերջին հայտարարությունն ի՞նչ նշանակություն ունեցավ Ձեզ համար, դա փախո՞ւստ էր պայքարից, թե՞ հեռացում քաղաքականությունից:
-Տեր-Պետրոսյանն իր հայտարարությունով հանգամանալից բացատրեց, եւ կարծում եմ՝ հավելյալ բացատրության կարիք չի զգացվում: Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է:
-Դուք արդեն որոշե՞լ եք, թե ինչ եք անելու: Ի վերջո, պատգամավոր էիք, ԵԿՄ փոխնախագահ, կորցրիք Ձեր դիրքը, հնարավորությունները, որպեսզի կանգնեիք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, սակայն նա բոլորին հիասթափեցրեց ու խաբեց:
-Նման զգացողություն չկա՝ խաբված լինելու, ես չեմ պայքարել ինչ-որ դիրքեր ունենալու համար: Իմ կենսագրությունը, իմ ընկերների կենսագրությունը գալիս է ապացուցելու, որ հանուն ժողովրդավարության, հանուն մեր երկրի հզորացման, զարգացման մենք թողել ենք մանդատը, որպեսզի մեր ժողովուրդն արժանապատիվ ապրելու իրավունք ունենա: Կարծում եմ, որ այդ պայքարի ճանապարհ բռնողն իրեն խաբված չի զգա: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչեւ հասնենք մեր ուզած հանգրվանին, մինչեւ կառուցվի մեր երազած Հայաստանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս