ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԻՏԱՅԻ ՏԱՆԳՈՆ
«Իլուր»-ի տեղեկացմամբ` երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում իտալացի աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգի ընթացքում անսպասելիորեն կատարվել է Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը: Նշենք, որ Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում:

ՇՏԱԲԻ ՆԻՍՏ
Երեկ ՀՀԿ գրասենյակում կայացել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի նիստը, որին հրավիրված են եղել ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորները: 168.am-ի ենթադրությամբ` շտաբի նիստում որոշվել է, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներից ով ինչով պետք է զբաղվի:

ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
«Գործարարները չանսացին փոփոխությունների իմ առաջարկած ուղեգծին: «Մենք չենք ուզում խառնվել ընտրություններին» ասելով` նրանց մեծ մասը խառնվելու է առաջիկայում ընտրակաշառքի բաժանման գործընթացին՝ մոռանալով նաեւ, որ սոցիալական բեւեռացման խորացմամբ նրանք՝ իշխանությունը եւ գործարար աշխարհը միասին, Հայաստանը կանգնեցրել են փաստացի դասակարգային առճակատման դեմ հանդիման: Ես ցավակցում եմ հայաստանցի գործարարներին, ովքեր չգիտակցեցին, որ փողով չեն կարող գնել կարեւորները` ազատություն եւ արժանապատվություն, համարձակություն եւ խիզախություն, եւ սերը հայրենիքի հանդեպ»,-երեկ ասել է  ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ընտրագրավի գումար չհայթայթած Նարինե Մկրտչյանը:

ՄԻԱՅՆ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանը առաջին հերթին պետք է վերականգնի իր ինքնավարության հանդեպ բացարձակ հարգանքը, քանի որ միայն այդ դեպքում կարող է ժամանակակից միջազգային քաղաքականություն վարել՝ իր կենսական շահերի հիմքով: Այդ մասին հունվարի 15-ին «Հանրային երկխոսություններ» կազմակերպության կազմակերպած համացանցային մամուլի ասուլիսում հայտնել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

ԶՈՒՏ ՊԱՏԱՀՄԱՄԲ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում երեկ որոշվել է առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Առաջինը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հերթն է լինելու, իսկ վերջինը՝ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանինը:

ՀԱՑԱԴՈՒԼ
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նամակ է հղել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ՀՀ-ում ազատ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասված է. «Մինչեւ քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր չճանաչելու դեպքում անձամբ իմ եւ հանրության ընտրական իրավունքը համարելու եմ խախտված: Իմ քաղաքացիական պարտքը թելադրում է այդ իրավունքը պաշտպանելու համար հայտարարել անժամկետ հացադուլ»:

ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆՔ
Հայաստանը ինտերնետ հասանելիությամբ առաջատար է Հարավային Կովկասում։ Gallup-ի անցկացրած հարցման համաձայն` 2011թ. աշխարհում բնակչության 32 տոկոսի համար է ինտերնետը հասանելի եղել: Gallup-ը հարցումներ է իրականացրել 148 երկրներում: 2010-ի համեմատությամբ ինտերնետ հասանելիությունն աշխարհում աճել է 3 տոկոսով: Հայաստանում 2011-ին հարցվածների 33 տոկոսն ասել է, որ տանն ինտերնետ ունի։

ԿՊԱՇՏՊԱՆԻ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը որոշել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին պաշտպանել «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:




Լրահոս