ԱՂՄԿՈՏ ԴԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: 2012թ. ապրիլի 12-ին տեղի ունեցած այս սպանության մեջ մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու` 104 եւ 188 հոդվածների առաջին մասերով. սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է 6-12 տարի ժամկետով, եւ առանց պետական գրանցման կամ հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը:
«Ամոթ դատախազությանն ու ոստիկանությանը: Հարություն Սարգսյանն անմեղ է…». մինչ դատական նիստն այսպիսի գրությամբ պաստառներով Հ. Սարգսյանի հարազատներն ու մտերիմները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով արդար դատավարություն: Դատական նիստը սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով: «Բերեցին Ռամիլ Սաֆարովին, աշխարհի ճիշտն է, տեսե՛ք: Մարդասպա՛ն, դահի՛ճ, լկտի՛ արարած»,-Հ. Սարգսյանին նիստերի դահլիճ բերելու պահին բացականչեց Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը: Այս ամենին անմիջապես հետեւեց Հ. Սարգսյանի պատասխանը. «Տիկի՛ն, Ձեր որդու արյունը մի՛ պղծեք, Ձեր որդու գերեզմանը մի՛ վաճառեք, ես չեմ սպանել Ձեր որդուն»:
Մինչ նիստը նախագահող դատավոր Մարտին Սարոյանը կճշտեր ամբաստանյալի անձնական տվյալները, Հ. Սարգսյանը դատավորին խնդրեց ներկա գտնվող օպերատորներին եւ լրագրողներին զգուշացնել, որ իրեն չնկարեն, քանի որ դրանից իրեն ճնշված է զգում: Բնակության վայրի, ծննդյան թվի, կրթության մասին տեղեկությունները ճշտելուց հետո դատավորը Հ. Սարգսյանին հարց ուղղեց առողջական վիճակի մասին: «Առողջ էի մինչեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծեծը, էդ ծեծից հետո էլ ի՞նչ առողջ: Գլխիս վրա ուռուցք ունեմ, ապացույցներ կան, թե էդ մսագործը, ղասաբը ինչպես է ինձ ծեծել»,-պատասխանեց ամբաստանյալը:
Րոպեներ անց Հ. Սարգսյանի եւ տուժող կողմի փաստաբան Արմեն Մելքոնյանի միջեւ վիճաբանություն ծագեց: Փաստաբան Ա. Մելքոնյանը Հ. Սարգսյանին փորձեց դիմել «սրա» դերանունով: Նման դիմելաձեւի պատճառով վիճաբանությունն ավելի թեժացավ: Դատավոր Մարտին Սարոյանի` կողմերին հանդարտեցնելու  ջանքերն իզուր անցան, արդյունքում`  դատավորի որոշմամբ Հ. Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, դահլիճից հեռացվեց: Դատական նիստը հետաձգվեց մինչ փետրվարի 5-ը: Բայց մինչ կողմերը կլքեին նիստերի դահլիճը, Մ.Սարոյանը կողմերին հորդորեց հաջորդ նիստին իրենց ավելի զուսպ պահել եւ միմյանց չվիրավորել:
Հ. Գ. Եւ Դատական նիստից հետո դատարանի դիմաց գործով մեղադրվող Հարությունի կողմնակիցների եւ Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի (Վահիկ) միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Ըստ ականատեսների՝ վիճաբանությունը հրահրել է Վահիկը, իսկ տարածքում գտնվող ոստիկանները ոչ մի կերպ չեն միջամտել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանին, որ հերքեց. «Սիրելի՛ս, նման բան չկա: Դա անհեթեթություն է: Հնարավոր բան չէ, որ քաշքշոց լինի, ու ոստիկանները ոչինչ չձեռնարկեն»: Սակայն ականատեսները հակառակն են պնդում:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս