ՄԻՋՆՈՐԴԵՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հունվարի 15-ի նիստը սկսվեց կես ժամ ուշացումով: Դեռեւս Երեւան-Իջեւան ճանապարհին էին գտնվում ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանի եւ Վահագն Հայրապետյանի պաշտպանները: Դատավոր Սամվել Մարդանյանը քննարկման դրեց պաշտպանական եւ տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը դատական նիստերը արտագնա կերպով Երեւանում անցկացնելու  վերաբերյալ: Միջնորդություն ներկայացրած պաշտպանները եւ տուժողի ներկայացուցիչներն ասացին, որ դատական նիստերը Երեւանում անցկացնելը հնարավորություն կտա դատավարությունը ողջամիտ ժամկետներում ավարտել: Հ. Մանուկյանի պաշտպան Արմինե Ղասաբողլյանը նշեց, որ Երեւանից սառած  ճանապարհներով Իջեւան հասնելը վտանգավոր է, եւ իրենք 2 անգամ ավտովթարի են ենթարկվել: Միջնորդության մեջ նաեւ նշվեց, որ ամբաստանյալները Երեւանից` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից են Իջեւան` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվում, եւ որ նրանց տեղափոխող մեքենայի անսարքության պատճառով դատական շատ նիստեր ուշացումով են սկսվում: Այդուամենայնիվ, դատավոր Ս. Մարդանյանը որոշեց միջնորդությունը մերժել: Նրա խոսքով` ինքը Իջեւանում նաեւ այլ քրգործերով է դատեր վարում: Այնուհետեւ ամբաստանյալ զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը միջնորդեց քրգործով վկաներ Արման Մնացականյանի, Արթուր Մկրտչյանի, Գարեգին Սայադյանի, Արտակ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները համարել անթույլատրելի ապացույց եւ քրեական մեղադրանքի ծավալից հանել: Պաշտպան Մնացականյանը նշեց, որ վկաները այդ ցուցմունքները տվել են՝ գտնվելով ռազմական ոստիկանությունում` ապօրինի կալանքի տակ, նրանց ցուցմունքները գրվել են քննիչի բառերով եւ նրա թելադրանքով: Պաշտպանի վկայությամբ` այդ 4 վկաները  ռազմական ոստիկանությունում փաստացի եղել են պատանդի կարգավիճակում: Մեղադրող Հարություն Հարությունյանն առարկեց  միջնորդությանը՝ համարելով, որ վկաները ՌՈ-ում գտնվել են օրինական հիմունքներով: Այնուհետեւ Ալ. Մնացականյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալների նկատմամբ քրգործը մերժելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Նա ասաց, որ իր պաշտպանյալների դեմ տրված վկաների ցուցմունքները հակասական են: Նաեւ նշեց, որ եթե նույնիսկ իր պաշտպանյալներն Ա. Նազարյանի նկատմամբ ինչ-ինչ գործողություններ  են կատարել, ապա դրանք չեն կարող որակվել որպես ծառայության կարգի դեմ արարքներ, այդ գործողությունները միջանձնային հարաբերությունների հետեւանք են: Ա. Մնացականյանն ասաց, որ իր պաշտպանյալները նույն արարքի համար 2 անգամ պատժի են ենթարկվել, ինչն օրենքի խախտում է: Պաշտպանի միջնորդությունը համեմված էր ՀՀ վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով: Միջնորդության մասին որոշում կայացնելու համար դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Միջնորդության վերաբերյալ իր որոշումը նա կհրապարակի հունվարի 16-ին՝ ժամը 12-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս