ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետներում, ի՞նչ կարգով է կատարվում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը. ի՞նչ սկզբունքով են բաշխվում բնակարանները: Խնդրում եմ ուղարկել նաեւ համապատասխան որոշումները:

Էդիկ Կարապետյան (38 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքում վթարային 4-րդ կարգի, քանդման ենթակա շենքերից բնակիչների վերաբնակեցման ժամկետները պայմանավորված են Երեւանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ քանակի բնակարանային ֆոնդի առկայությամբ:
Վերոհիշյալ շենքերից բնակիչների վերաբնակեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի): Քանդման ենթակա տների, բազմաբնակարան հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումը կատարվում է ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա  տների, քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» հ. 682 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
Վթարային շենքերում բնակվող քաղաքացիներին բնակարաններ են հատկացվում ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների հաշվին կառուցվող բնակելի շենքերից՝ պահպանելով վերոհիշյալ որոշմամբ սահմանված չափորոշիչները:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը, իհարկե, ընկալելի է: Կա գործող մեխանիզմ, եւ նման խնդիրներն ի վերջո լուծվում են: Սակայն այլ հարց է, թե ինչ ժամկետներում, քանի որ եղել են դեպքեր, երբ քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծվել են բավական ուշացումով, եւ այդ մարդիկ ստիպված են եղել տեւական ժամանակ ապրել վարձով:




Լրահոս