ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱՊԱՐԱԿԵ՛Ք ՏՎՅԱԼՆԵՐԸ
Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` պահանջելով հրապարակել ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, ՀՀ-ից հեռացած քաղաքացիների, ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալները:

ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ
2012թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը հայկական ԶԼՄ-ներն առավել ուշադիր հետեւում էին քաղաքական այն ուժերին եւ գործիչներին, որոնք ի վերջո չմասնակցեցին նախագահական ընտրություններին: Այդ մասին երեկ նշել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ նշված ժամանակահատվածում հայկական լրատվամիջոցների ուշադրության 60%-ը սեւեռված էր քաղաքական այն ուժերի վրա, որոնք հետո հրաժարվեցին նախագահական մրցապայքարին մասնակցելուց: Խոսքը հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է: Մնացած 40 տոկոսը բաշխվել է մրցապայքարին մասնակից թեկնածուների միջեւ:

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ասել է, որ 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունները որոշ պարզաբանումների կարիք ունեն: Մասնավորապես մի շարք ծառայությունների գծով ի հայտ է եկել կրկնակի հարկման խնդիրը: «Կան ծառայություններ, որ, իմ կարծիքով, կրկնակի հարկման են ենթարկվում, մասնավորապես ռենտգեն ծառայությունը, օրթոպեդիկ տեխնիկական սեղանները կամ աթոռները, համալսարանական կլինիկաներում ատամնաբուժական աթոռների խնդիրը, նաեւ զննման կաբինետները»,-ասել է Դումանյանը:

ԲՈՒՌՆԱՇԸ` ԲՈՒՌՆԱՇԻ ՄԱՍԻՆ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իր Բուռնաշ մականունը պատերազմի ժամանակ է ստացել: Այս մասին NEWS.am-ին ասել է հենց ինքը` Բուռնաշը: «Պատերազմի դաշտում այն ժամանակ «ռացիաներով» էինք միմյանց հետ կապ պահում: Կապ հաստատելուց առաջ ասում էինք՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, հետո սկսեցինք «պազիվնոյներ» դնել: Ընկերներիցս մեկն ասաց՝ արի՛ քո անունը Բուռնաշ դնենք: Երիտասարդ տարիներին ես շատ էի նման «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի դերասանին, ով մարմնավորում էր Բուռնաշի կերպարը: Եվ այդտեղից ստացա Բուռնաշ անվանումը»:

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԴՐԸ

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ «Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանին մեղադրել է Ռոբերտ Քոչարյանի պատվերով առաջադրվելու մեջ, ինչը, ըստ Սաֆարյանի, նախագահի թեկնածուն արել է նաեւ նախորդ ընտրությունների ընթացքում: «Այս ընտրություններում էլ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը միգուցե զրկված է ավելի ազդեցիկ խաղալու հնարավորությունից, մնացել է արամհարությունյանների հույսին»,-կարծիք է հայտնել Սաֆարյանը:

ԿՔՆՆԱՐԿԵՆ
Վաղը ԱԺ էթիկայի հանձնաժողովում տեղի կունենա հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը: Կքննարկվի «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության 15.01.2013թ. դիմումը, որը վերաբերում է ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելուն: Կազմակերպությունը զրպարտություն է համարում Բաբուխանյանի այն արտահայտությունը, որում նա ՀԿ-ին անվանել է գրանտածիծներ եւ ընտանիք քանդողներ: Սպասվում է, որ կլսվի նաեւ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի հարցը` կապված լրագրողի ծնոտը կոտրելու հայտնի սպառնալիքի հետ:




Լրահոս