ԿՐԱԿՈՑՆԵՐ «XXX» ԿԱՐԱՈԿԵ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Խանջյան փողոցում: Նորագյուղ թաղամասի բնակիչ 29-ամյա Կարապետ Ասոյանը հարբած վիճակում կրակոցներ է արձակել «XXX» կարաոկե ակումբում:
«Ժողովուրդ»-ը եղավ ակումբում եւ փորձեց պարզել, թե ինչ է կատարվել այդ գիշեր Խանջյան փողոցում:
Նշենք, որ ակումբի աշխատակիցներից շատերը հերքեցին միջադեպի մասին տեղեկությունը,  սակայն ավելի ուշ նրանցից մեկը հաստատեց մեր տեղեկությունը եւ խոստացավ խոսել միայն այն դեպքում, եթե չհրապարակենք իր անունը:
«Կարապետը մեր հաճախորդներից է, ճիշտ է` իրեն անձամբ չենք ճանաչում, բայց որպես հաճախորդ՝ նորմալ ընդունել ենք մեր ակումբում: Վերջինս ահավոր հարբած էր եւ իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով սկսեց կրակել»,-պատմեց աշխատակիցը: Նրա խոսքով` կրակոցներից, բարեբախտաբար, մարդ չի տուժել, սակայն ներկաները վախեցել են եւ մեծ աղմուկ բարձրացրել. «Երբ կրակեց, բոլորը դուրս վազեցին, ու մեծ խուճապ ստեղծվեց: Այդ պահին Խանջյան փողոցում մշտապես հսկողություն իրականացնող ոստիկանության   աշխատակիցները նկատեցին ակումբից դուրս եկող մարդկանց լարված վիճակը եւ մոտեցան»: Նշենք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները դեպքի վայրից Կարապետ Ասոյանին բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:
Աշխատակիցները նշեցին, որ ակումբում եղել են դեպքեր, երբ երիտասարդների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել կամ իրար չեն հասկացել, բայց ամեն ինչ հարթվել է: «Այս դեպքը մի քիչ ուրիշ էր. հաճախորդը հարբած էր ու կրակեց»,-նկատեց ակումբի աշխատակիցը` հավաստիացնելով, որ կրակոցները չեն եղել ակումբում ծագած վեճի հետեւանքով, այլ ամեն ինչ պատահական է ստացվել:
Մեզ հետ զրուցող աշխատակիցների պարզաբանմամբ` այդ գիշեր Կարապետը ակումբ է հաճախել իր երկու ընկերների հետ, եւ ատրճանակը, որից նա կրակել է,  պատկանել է իր ընկերներից մեկին: «Դե դա շարիկով ատրճանակ է, ու ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Հիմա երիտասարդ տղա է, ի՞նչ իմանանք՝ այդ պահին մտքով ինչ է անցել, որ սկսել է կրակել»,-ասացին աշխատակիցները:
Տեղեկացանք նաեւ, որ Կարապետը՝ որպես ինկասատոր, աշխատում է «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ում: Միջադեպի կապակցությամբ զրուցեցիք ԴՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Ղազարյանի հետ: Նա նշեց, որ Կարապետը շատ խելացի տղա է, եւ ինքն էլ է շատ զարմացած այս միջադեպից: Վերջինիս տեղեկացմամբ` Կարապետն ընկերությունում աշխատանքի է ընդունվել 2012 թվականի հունիսի կեսերից` որպես հերթապահ: «Այնքան լավ դրսեւորեց իրեն, որ նշանակեցի ինկասատոր, եւ այդ ընթացքում էլ ոչ մի ավելորդ բան չենք նկատել իր կողմից»,-ասաց Ա. Ղազարյանը:
Տնօրենը պատմեց, որ դեպքի հաջորդ օրը՝ առավոտյան, Կարապետը եկել է ընկերություն եւ սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից. «Նա, հաշվի առնելով մեր ընկերության նշանակությունը, ինչպես նաեւ անձնակազմի մոտեցումը նմանօրինակ վարքի տեր մարդկանց նկատմամբ, չսպասելով մեր կողմից համապատասխան պատժի, ինքն է  դիմում գրել, որ բարոյական իրավունք չունի այս ընկերությունում աշխատելու եւ հեռացել է»:
Նշենք, որ Կարապետն ամուսնացած է եւ ունի երեխաներ: Նրա արդեն նախկին տնօրենի կարծիքով՝ սա ո՛չ թյուրիմացություն էր, ո՛չ էլ պատահականություն. այս ամենը խմիչքի հետեւանքներն են, ինչի արդյունքում երիտասարդը շատ բան կորցրեց:
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս