ԿԱԽՎԵԼ, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անտարբերությունը կարող  է հանգեցնել 20-ամյա  երիտասարդի մահվանը»: ՀԱԿ անդամ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն այսպիսի բովանդակությամբ մի նամակով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, իրավապաշտպան կազմակերպություններին, ԱԺ պատգամավորներին, քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին ու լրագրողներին:
Առաքելյանի խցակից Սերոբ Մխիթարյանը նախօրեին` հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը, ինքնասպանության փորձ է կատարել: «Նրան գտանք լոգարանում կախված, բայց, փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չէր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ երկու ամիս՝ հոկտեմբերի վերջից, եւ սա արդեն ինքնասպանության նրա երկրորդ փորձն էր. նախորդ անգամ երակներն էր փորձել կտրել»,-նշում է Տ. Առաքելյանը:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստի խոսքով՝ Սերոբը չի կարողանում համակերպվել իրեն առաջադրված մեղադրանքների հետ եւ պնդում, որ ինքն անմեղ է, բայց իր ձայնը ոչ ոք հաշվի չի առնում:
«Սերոբին Ղարաբաղում կատարված ինչ-որ գողության համար մեղադրանք են առաջադրել եւ Երեւանից տեղափոխել Շուշիի բանտ: Իր պատմածի համաձայն՝ այնտեղ ենթարկվել է ամենօրյա ծեծի եւ նվաստացումների… 4 ամսից ավելի պահվել է պատժախցում: Դա եղել է մի մութ սենյակ՝ մոտավորապես 2×1.20մ տարածքով՝ առանց սանհանգույցի: Նույնիսկ զուգարան գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ եղել (օրը երեք անգամ): Անտանելի պայմաններից ու անմարդկային վերաբերմունքից ազատվելու միակ ելքը համարելով Երեւանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը՝ Սերոբն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս բոլորովին այլ՝ իր կողմից իբրեւ թե Երեւանում կատարված գողությունների մասին, որոնց հետ նա, իր պնդմամբ, ընդհանրապես առնչություն չունի. միայն թե Շուշիի բանտից օր առաջ դուրս գա ու Երեւան տեղափոխվի: Ի վերջո, տեղափոխվելով Երեւան եւ արդեն այստեղ ամեն ինչ պատմելով՝ հրաժարվել է իր ցուցմունքներից»,-նշում է Տիգրանը:
Վերջինիս դիմում-նամակում նշված է, թե Սերոբը Ղարաբաղում կատարված գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման եւ ի նշան բողոքի՝ վերջերս հայտարարել էր հացադուլ եւ կարել բերանը:
ՄԻՊ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները եղել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սակայն ինքնասպանության փորձ կատարած Սերոբ Մխիթարյանն անորոշ պատճառներով հրաժարվել է հանդիպել նրանց հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:




Լրահոս