ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ եւ կավատությամբ զբաղված Ս. Մկրտչյանի եւ Ն. Մովսեսյանի դատավարությունը:
 Ս. Մկրտչյանի պաշտպան Մ. Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ, որ ապացույցների բացակայության պատճառով Ս. Մկրտչյանի նկատմամբ գործը պետք է կարճվի, իսկ նրա նկատմամբ հետապնդումը՝ դադարեցվի: Այնուհետ հավելեց, թե իր պաշտպանյալը պետք է արդարացվի: Նա պատճառաբանեց, թե դատավարությունում որպես տուժող հանդես եկող Հրանուշ Մուրադյանը Թուրքիայում զրկված չի եղել անձնագրից եւ ունեցել է ազատ տեղաշարժի իրավունք եւ եթե անգամ շահագործման  ենթարկված էլ լիներ, ոտնահարված իրավունքները վերականգնելու համար կարող էր ավելի վաղ դիմել իրավապահներին: Փաստաբանի կարծիքով, եթե նա դա չի արել, ուրեմն շահագրգռություն է ունեցել Թուրքիայում մնալ եւ փող վաստակել: Նա նաեւ նշեց, թե գաղտնիք չէ, որ Հ. Մուրադյանը Գյումրիում էլ է զբաղվել մարմնավաճառությամբ: Փաստաբանի մեկնաբանմամբ եթե նա դիմել է Ն. Մովսեսյանին  իրեն Թուրքիա հասցնելու համար, ուրեմն պարզապես խոստովանել է իր բուն նպատակը: Իսկ դայակության աշխատանք գտնելու Հ. Մուրադյանի ակնկալիքը փաստաբանն ամենաքիչ հավանականն է համարում:
Մ. Սարգսյանի գնահատմամբ` իր պաշտպանյալը, Թուրքիայում առեւտրով զբաղվելով, հաճախորդներին շուկայականից թանկ գներով «նիսյայով» ապրանք է տվել: Հ. Մուրադյանի դեպքում նա հետամուտ է եղել, որպեսզի վերջինս տարբեր օրերին իր վերցրած ապրանքների դիմաց կուտակած պարտքը մարի, բայց տուժողը խուսափել է դա անելուց եւ արդարադատությանը ներկայացել որպես թրաֆիքինգի զոհ: Մինչդեռ, այսպես ասած զոհը, Թուրքիայից բավականաչափ գումար է ուղարկել իր մորը:
Ն. Մովսեսյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանը բավարար ապացույցներ չունենալու պատճառաբանությամբ  իր պաշտպանյալի նկատմամբ գործը կարճելու միջնորդություն ներկայացրեց: Սակայն դրանից րոպեներ անց կտրուկ վատացավ ամբաստանյալ Ս. Մկրտչյանի առողջական վիճակը: Նիստը հետաձգվեց 30 րոպեով ու շտապօգնության գալուց հետո պարզ դարձավ, որ նեւրոզի եւ արյան ճնշման կտրուկ բարձրացման պատճառով Ս. Մկրտչյանը չի կարողանա մասնակցել դատական նիստին: Այս անգամ արդեն նրա պատճառով դատական նիստը կրկին հետաձգվեց:
Ի դեպ, նշենք, որ դեռ հունվարի 15-ին նշանակված նիստի ժամանակ, որը տեւել էր ընդամենը 5-10 րոպե, նախագահող դատավոր Էդուարդ Մանուկյանը դիմել էր Ս. Մկրտչյանին եւ ասել, որ չի պատրաստվում հանդուրժել նրա փաստաբանի կամայականությունները ու անընդհատ հետաձգել դատական նիստը: Ս. Մկրտչյանն էլ  ասել էր, որ ինքը հրաժարվում է իր փաստաբանից եւ նոր փաստաբան է վարձել, մինչդեռ երեկվա  նիստին նույն փաստաբանն էր  ներկայացել:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս